Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Ռուստամեան. «Բաքւում պահւող Դաւիթ Իշխանեանը մնում է ՀՅԴ Բիւրոյի անդամ. միաձայն որոշում է»

«ԱԼԻՔ» – Դաւիթ Իշխանեանի հետ կապւած ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դաւիթ Իշխանեանը պահպանում է իր անդամութեան կարգավիճակը Բիւրոյի մէջ։ Այս մասին ՀՅԴ նորընտիր Բիւրոյի կազմի ասուլիսի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի անդամ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:

«Պարզաբանենք Դաւիթ Իշխանեանի պարագան, գիտէք, մեր ընկերը բանտարկւած է, Բաքւի բանտում է, ունենք նաեւ լուրեր, որ առողջական խնդիրներ ունի: Դաւիթ Իշխանեանի հետ կապւած ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դաւիթ Իշխանեանը պահպանում է իր անդամութեան կարգավիճակը Բիւրոյի մէջ»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ ՀՅԴ-ն վճռական որոշումների ընթացքի մէջ է՝ կապւած մեր ռազմագերիների ազատման խնդրի հետ: «Դա մեր գլխաւոր հարցերից մէկն է լինելու եւ մեր Հայ Դատի գրասենեակը, մեր բոլոր կառոյցները ամէն ինչ անելու են, որ օր առաջ մեր ռազմագերիները վերադարձւեն: Այս առումով ունենք իրաւական, քաղաքական աշխատանքի բաժանում մեր մէջ, որ մեր բոլոր կառոյցները՝ լինի Հայաստանում թէ Սփիւռքում, պէտք է սա առաջնահերթ խնդիր դիտեն»,- շեշտեց պատգամաւորը:

Նա նշեց, որ երբ Դաւիթ Իշխանեանն ազատութեան մէջ լինի ու վերադառնայ, նա պէտք է համալրի Բիւրոյի կազմը։ «Սա միաձայնութեամբ է որոշւել, մինչեւ անգամ նոր Բիւրոյի ընտրութեան հարցի օրակարգ մտնելը: Դաւիթ Իշխանեանը պահպանում է Բիւրոյի անդամի իր կարգավիճակը։ Արցախի կառոյցը նոյնպէս մենք պահպանում ենք: Գիտէք՝ Արցախը Կենտրոնական կոմիտէ էր, եւ այս ամէն ինչից յետոյ մեր կառոյցի հիմնական մասը, բնականաբար, գրեթէ ամբողջութեամբ տեղափոխւել է Հայաստան»,- ասաց նա:

Ռուստամեանն ընդգծեց, որ այսկերպ իրենք կարեւորում են իրենց յանձնառութիւնը՝ արցախահայութեան հաւաքական վերադարձի իրաւունքը հետապնդելու առումով:

«Պահպանելով Արցախի մեր կառոյցը՝ նաեւ նպատակ ունենք ամէն ինչ անել, որ Արցախի սուբիեկտայնութիւնը պահպանւի Հայաստանում: Այն ղեկավարութիւնը, որ Արցախի ժողովուրդն իր ազատ կամքով ձեւաւորել է, այդ ղեկավարութիւնն այսօր վտարանդի կարգավիճակում է, բայց այդ ղեկավարութիւնը եւ այն ինստիտուտները, որոնք Արցախն ունեցել է, որպէս անկախ պետութիւն, այդ ինստիտուտները պահպանելու խնդիր ունի»,- ասաց նա:

Related Articles

Back to top button