Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «յանցաւոր կազմակերպութիւնը» Հայաստանում
Ամերիկացի հանրայայտ միլիարդատէր Իլոն Մասկը, մեղմ ասած, սենսացիոն յայտարարութիւն է արել՝ մասնաւորաբար գրելով. «USAID-ն յանցաւոր կազմակերպութիւն է: Ժամանակն է, որ այն մահանայ… Գիտէ՞ք, արդեօք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսաւորել է կենսաբանական զէնքի, այդ թւում՝ COVID-19-ի հետազօտութիւնները»:
Սրանք իսկապէս ծանր մեղադրանքներ են, ըստ որում՝ ոչ ամէնը: Խօսւել է նաեւ այն մասին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութիւնն ու իր ցանցն օգտագործւել են երկրների դէմ հետախուզական գործունէութեան համար եւս: Կարճ ասած՝ USAID-ի գլխին լուրջ ամպեր են կուտակւում հէնց ԱՄՆ-ում՝ հաշւի առնելով, թէ ով է Մասկը եւ ում կողմնակիցն է: Սենսացիան՝ սենսացիա, բայց գոնէ մեր ընթերցողների համար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կապւած շատ անակնկալներ չկան Մասկի մեղադրող կամ դիմակազերծող յայտարարութիւնների մէջ: Մէկ անգամ չէ, որ տարբեր հրապարակումներով ուշադրութիւն ենք դարձրել այն հանգամանքի վրայ, որ յատկապէս 2018-ի «թաւիշից» յետոյ USAID-ն աւելացրել է Հայաստանում իր գործունէութեան ֆինանսական ծաւալներն ու ուղղութիւնները: Աւելին, USAID-ի անունն առնչւել է նաեւ Հայաստանում գործող մէկ տասնեակից աւելի բիոլաբորատորիաների աշխատանքի ու ֆինանսաւորման հետ, ինչը մշտապէս է մտահոգութիւններ ու հարցեր յարուցել: Իսկ ի՞նչ են նրանք այնտեղ ֆինանսաւորել այդ բիոլաբորատորիաներում:
Հիմա, փաստօրէն, Իլոն Մասկն է յայտարարում, որ USAID-ն ամենեւին էլ այն «գովազդային ժպիտը» չէ, որով ներկայանում է, այլ «յանցաւոր կազմակերպութիւն», հետախուզական ծածկոյթ, «կենսաբանական զէնքն» ու համաճարակի տարածման նպաստող, ի վերջոյ՝ «ձախ արմատական մարքսիստների օձի բոյն է, որոնք ատում են Ամերիկան»:
Չգիտենք, թէ Ամերիկան՝ ինչպէս, բայց որ Հայաստանում, յատկապէս Փաշինեանի իշխանավարման շրջանի Հայաստանում USAID-ի գործունէութիւնը «մութ կողմեր» ունի, բազմիցս են նշել տարբեր փորձագէտներ ու լրատւամիջոցներ: Հետաքրքիր է, թէ Իլոն Մասկի յայտարարութիւնն արդեօք բաւարա՞ր հիմք է, որպէսզի համապատասխան ծառայութիւններն ստուգեն, թէ ինչո՞վ է մեր երկրում զբաղւած եղել USAID-ն, յատկապէս ինչե՞ր է զարգացրել, ի՞նչ ՀԿ-ներ է «ծաղկեցրել», դրանցից քանիսն ի՞նչ «գործի» մէջ է ներգրաււած եւ այլն:
Ի դէպ, երէկ նոր վերլուծական յօդւած է ներկայացրել «Հանրապետութեան հրապարակ» տելեգրամեան ալիքը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականութեան փոփոխութեանը USAID-ի հանդէպ եւ այդ կազմակերպութեան ապագայ գործունէութեանը ՀՀ-ում։ Նշւում է, որ USAID-ն տարիներ շարունակ ՀՀ-ում ձեւաւորել է ԱՄՆ-ին լոյալ փորձագիտական շրջանակներ, որոնք կարող են դառնալ ապագայ իշխանութեան մաս՝ սպասարկելով Սպիտակ տան շահերը ՀՀ-ում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է, որ ամերիկեան Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) ղեկավարութիւնում «արմատական խանգարւածներ» են աշխատում։ USAID-ն Միացեալ Նահանգների դաշնային կառավարութեան գործակալութիւն է, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնութեան համակարգման համար։ Այն գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եւրոպայում, այդ թւում՝ նաեւ Հայաստանում»,-գրում են հեղինակները եւ նշում, որ USAID-ն տասնամեակներ շարունակ ծառայել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թւում՝ յետխորհրդային տարածաշրջանում ամերիկեան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը, որպէս, այսպէս կոչւած, soft power՝ փափուկ ուժ։ Այդ կազմակերպութիւնն իր գործունէութիւնն է ծաւալել նաեւ ՀՀ-ում՝ համագործակցելով բազմաթիւ ՀԿ-ների, ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեան հետ։
Ալիքի հեղինակները գրում են, որ USAID-ին փոխկապակցում են նաեւ ամերիկեան յատուկ ծառայութիւնների, մասնաւորապէս Կենտրոնական հետախուզական վարչութեան հետ։ Կան բազմաթիւ փաստեր, թէ ինչպէս է այդ կազմակերպութիւնը նպաստել, մասնակցել յետխորհրդային տարբեր երկրներում, այսպէս կոչւած, գունաւոր յեղափոխութիւնների իրականացմանը, որը նպատակ է ունեցել փոխել տւեալ երկրների արտաքին քաղաքական ուղենիշը՝ ՌԴ-ի հետ կապերի խզում եւ դէպի ՆԱՏՕ ու ԵՄ արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխութիւն։
«Թրամփն ու նրա հաւատարիմ թիմակից Մասկը կոշտ քննադատութեան են ենթարկում այդ կազմակերպութիւնն, ու հասկանալի է, որ այդ կազմակերպութիւնն ենթարկւելու է լուրջ փոփոխութիւնների, սակայն ակնյայտ է, որ Սպիտակ տունը չի ցանկանայ ոչնչացնել նմանատիպ կազմակերպութիւնը, քանի որ այն ստեղծել է ցանց աշխարհի տարբեր երկրներում եւ նպաստում է ամերիկեան գէոպոլիտիկ շահերի սպասարկմանը»,-գրում է «Հանրապետութեան հրապարակը»։
Յիշեցւում է նաեւ, որ վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովը յայտարարել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) հետ գրեթէ 25-ամեայ համագործակցութեան դադարեցման մասին։ Ըստ հեղինակների, Ադրբեջանը, հաւանաբար, Ալիեւի իշխանութեան համար վտանգ է զգացել այդ կազմակերպութիւնից եւ չէզոքացրել է այդ կազմակերպութեան միջոցով ԱՄՆ-ի հնարաւորութիւններն ազդելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրայ։
Ամփոփելով՝ ալիքը գրում է. «ՀՀ գործող իշխանութիւնները տարիներ շարունակ խորացրել են կապերը USAID-ի հետ՝ դրանով նաեւ իրենց լոյալութիւնը յայտնելով Սպիտակ տանն ու որդեգրելով արեւմտամէտ արտաքին քաղաքականութիւն։ ՀՀ-ում գործող բազմաթիւ ՀԿ-ներ այս կամ այն կերպ համագործակցել են տւեալ կազմակերպութեան հետ եւ այժմ հայկական բազմաթիւ ՀԿ-ներ սպասում են, թէ ի՞նչ է լինելու USAID-ի հետ ապագայում, եւ արդեօ՞ք նրանք կարողանալու են ֆինանսական աջակցութիւն ստանալ տւեալ կառոյցից՝ ՀՀ-ում իրենց գործունէութիւնը շարունակելու համար։ USAID-ն Հայաստանի տարբեր կառոյցների, ինստիտուտների հետ կեանքի է կոչել բազմաթիւ ծրագրեր, եւ դա նաեւ թոյլ է տւել ԱՄՆ-ին ՀՀ-ում ձեւաւորել ամերիկամէտ բիւրոկրատական ապարատ, փորձագէտների շերտ, որոնք ապագայում կարող են դառնալ իշխանութեան մաս՝ դէ-ֆակտօ ամերիկեան շահերի լաբբիստները պետական համակարգում։
«Փաստ»