Թրամփը նախատեսում է USAID-ն միացնել ԱՄՆ Պետդեպարտամենտին
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալութիւնը (USAID) միացնել Պետքարտուղարութեանը եւ կրճատել այդ կազմակերպութեան աշխատակիցների թիւը: Այս մասին հաղորդում է ամերիկեան CBS-ը՝ վկայակոչելով իր աղբիւրներին:
Հեռուստաալիքի տւեալներով՝ փոփոխութեան մասին կարող է յայտարարւել առաջիկայ օրերին: Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կը շարունակի գործել մարդասիրական օգնութեան համար պատասխանատու կառոյցի կարգավիճակով:
Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրայ:
Նշենք, որ USAID-ը ստեղծւել է 1961 թւականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրօք. այն ԱՄՆ կառավարութեան մարդասիրական թեւն է: Այն տարեկան միլիարդաւոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատութեան եւ սովի դէմ, աջակցել տարբեր հիւանդութիւնների բուժմանն ու բնական աղէտների հետեւանքների վերացմանը: Գործակալութիւնն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու յարաբերութիւններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ: