ՄիջազգայինՔաղաքական

Հայկ Այւազեան. «USAID-ն իր սեւ գործն արեց. հիմա ԱՄՆ-ն այն փոխարինելու է այլ գործիքներով»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) կայքի աշխատանքը դադարեցւել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից օգնութեան ծրագրերի սառեցման ֆոնին:

Կայքն անջատել են շաբաթ օրը՝ փետրւարի 1-ին, առանց բացատրութեան: Կոնգրեսում դեմոկրատները մտահոգւած են, որ Թրամփը կարող է դադարեցնել USAID-ի աշխատանքը որպէս անկախ գործակալութիւն եւ այն փոխանցել Պետդեպարտամենտին:

Թեմայի վերաբերեալ Alpha News-ը զրուցել է «Լոյս» տեղեկատւական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այւազեանի հետ:

«Եթէ USAID-ն փակւէր 5 կամ 10 տարի առաջ, ես դա խիստ դրական կը համարէի: Բայց քանի որ հիմա է փակւում, նշանակում է՝ Հայաստանին այնքան հեռու են տարել, որ USAID-ի կարիքն այլեւս չկայ, որպէս գործիք այն չի ծառայում այն նպատակին, որի համար ծառայում էր: Այսինքն՝ USAID-ն իր սեւ գործն արել է, հիմա ԱՄՆ-ը գտնում է, որ դա պէտք է փոխարինւի այլ գործիքներով: Որեւէ այլ բան տեղի չի ունենում, ուղղակի Ռուսաստանի դէմ պատերազմում Միացեալ Նահանգները փոխում է իր գործիքակազմը»,- նշել է Այւազեանը:

Նրա խօսքով՝ Միացեալ Նահանգներն այժմ այլ գործիքներ է սկսելու կիրառել:

«Այսինքն՝ սա պայքար չի սորոսական շրջանակների դէմ, ո՛չ, ուղղակի ԱՄՆ-ը Ռուսաստանի դէմ տակտիկա է փոխել, ինչը պահանջում էր նաեւ փոխել գործիքակազմը: Սրանով է պայմանաւորւած նաեւ USAID-ի փակւելը: Շատ հնարաւոր է, որ USAID-ն իրօք տարիների ընթացքում «փողեր է կերել», կոռուպցիոն գործարքներ են եղել, բայց ինքը որպէս աշխարհաքաղաքական գործիք, կարծում եմ, այլեւս չի ծառայում ԱՄՆ-ին ու իրենք ուղղակի դա փոխում են, նոր գործիքներ են յօրինելու Ռուսաստանի դէմ պայքարելու համար»,- եզրափակել է Հայկ Այւազեանը:

Յաւելենք, որ իր երդմնակալութեան օրը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է աւելի քան 40 հրամանագիր, այդ թւում՝ ԱՄՆ ՄԶԳ միջազգային օգնութեան ծրագրերը 90 օրով սառեցնելու մասին:

Related Articles

Back to top button