Ամերիկահայութիւնը Փաշինեանի հետ համայնքի հանդիպմանը ներկայ գտնւած մասնակիցներից գրեթէ ոչ ոքի չեն ճանաչում
«ԱԼԻՔ» – «Ամերիկահայութիւնը Փաշինեանի հետ համայնքի հանդիպմանը ներկայ գտնւած մասնակիցներից գրեթէ ոչ ոքի չեն ճանաչում»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Նաիրա Կարապետեանը՝ ակնարկելով նախօրէին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպմանը ներկայ ամերիկահայութեան «ներկայացուցիչներին»:
«Վաշինգտոնի հայ համայնքը բաւականին զարմացած է, քանի որ Նիկոլի հետ ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը ներկայ գտնւած մասնակիցներից գրեթէ ոչ ոքի չեն ճանաչում:
Հանդիպմանը ներկայ է եղել շուրջ 55 անձ, նկարներից պարզ երեւում է, որ ԱԳՆ-ն ջանք չի խնայել դիւանագիտական կորպուսի լիարժէք մոբիլիզացիա կազմակերպելու համար՝ Վաշինգտոն են կանչւել հնարաւոր բոլոր դիւանագիտական ծառայողները, անգամ Ամերիկայի խոշոր քաղաքներում ՀՀ հիւպատոսներ, մի շարք քաղաքներում ՀՀ պատւոյ հիւպատոսներ, ներկայ են եղել նաեւ Վաշինգտոնում գտնւող մի շարք հայաստանցիներ, որոնք, իհարկէ, տեղի հայ համայնքի հետ որեւէ աղերս չունեն:
ԱՄՆ հայ համայնքի համար չափազանց անակնկալ կերպով Փաշինեանին գրկաբաց Վաշինգտոնում ընդունել է «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպութիւնը:
Սա այն կառոյցն է, որ 2020թ. պատերազմից յետոյ լղոզւած տեքստով պահանջում էր Նիկոլի հրաժարականը, իսկ հիմա նոյնպիսի լղոզւած կեցւածքով հանդիպում է նրա հետ: Համայնքում խօսում են, որ անհրաժեշտ է բոյկոտել Համագումարին՝ բոլոր հնարաւոր միջոցներով այս խայտառակ քծնանքի համար»,- գրել է նախկին պատգամաւորը: