Լուիս Մորէնօ Օքամփօ. «Շատ բան կախւած է նաեւ նրանից, թէ հայերը ինչքան ցանկութիւն կունենան պայքարելու»
«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական հասարակութեան մի շարք ներկայացուցիչներ տեսակապով հանդիպում են ունեցել իրաւունքի դոկտոր, Միջազգային քրէական դատարանի դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյի հետ։ Aparaj.am-ը գրում է, որ հանդիպմանը քննարկւել է, թէ ինչ իրաւաքաղաքական գործիքներ կան պայքարելու արցախցիների իրաւունքների համար։
Պրոֆեսոր Օքամփօն մասնաւորապէս կարեւորել է ՄԱԿ-ի Ցեղասպանութեան մասին կոնւենցիայի դերը առանց պետութեան ժողովուրդների իրաւական պաշտպանութեան հարցում որպէս իրաւական կարեւոր գործիք։
Օքամփօն նաեւ նշել էր, որ ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով յատուկ խորհրդականը յայտարարել էր, որ կայ ցեղասպանութեան ռիսկ Արցախում, իսկ դա արդէն իսկ ենթադրում է միջազգային հանրութեան կողմից գործողութեան պարտաւորութիւն։
Այս համատեքստում նաեւ շատ կարեւոր կը լինի, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համատեքստում բարձրաձայնենք գերիների հարցը ու ցոյց տանք, որ Ադրբեջանը անմեղ մարդկանց գերի է պահում իր բանտերում։
Հանդիպմանը խօսւել է նաեւ այն մասին, որ աշխարհը ճանաչել է 1915 թւականի Ցեղասպանութիւնը, սակայն դա որեւէ հետեւանք չի ունեցել։ Օքամփօն ասում է, որ աշխարհը շատ տարբեր է հիմա․ այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրէական դատարանը, չկար սոցիալական մեդիան, սփիւռքը եւ այլն։ Եւ շատ բան կախւած է նաեւ նրանից, թէ հայերը ինչքան ցանկութիւն կունենան պայքարելու։
Նա նաեւ ասում էր, որ ինչքան էլ Ադրբեջանը հակառակն է պնդում, արցախցիները հողի սեփականատէրերն են, ու ամէն ինչ կախւած կը լինի նրանից, թէ ինչքան պատրաստ կը լինենք պայքարելու։ Նա խորհուրդ է տալիս արցախցիներին աւելի ակտիւ լինել իրենց իրաւունքների պաշտպանութեան հարցում։