Հանրապետութեան նախագահ. «Միակողմանի պատժամիջոցները կասեցնում են կայուն զարգացման հնարաւորութիւնը»
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ երեկոյեան, մասնակցել է «ՄԱԿ-ի նպատակների ամրապնդաման» նիստին, եւ հանդէս է եկել ելոյթով:
Նշելով, որ ներկայ եւ ապագայ մարտահրաւէրներին դիմակայելը պահանջում է արդարութեան եւ ազնւութեան վրայ հիմնւած փոխգործակցութիւն, նախագահն ասել է. «Եկէք կերտենք մեր երեխաների համար արդար եւ բարեկեցիկ ապագայ: Այս համատեղ ջանքերի առանցքը պէտք է դառնայ ՄԱԿ-ի դերին եւ դիրքին ուշադրութիւնը՝ որպէս բազմակողմանիութեան խորհրդանիշի: Անհրաժեշտ է յարգել կազմակերպութեան կանոնադրութեան նպատակներն ու սկզբունքները»:
Յայտարարելով, որ խաղաղութեան եւ զարգացման համար անհրաժեշտ է յարգել երկրների զարգացման իրաւունքը, ուշադրութիւն դարձնել նրանց զարգացման առաջնահերթութիւններին եւ մշակութային առանձնայատկութիւններին, պահպանել արդարութեան սկզբունքները եւ կատարել զարգացած երկրների պարտաւորութիւնները զարգացող երկրների նկատմամբ, Փեզեշքիանը նշել է. «Միակողմանի պատժամիջոցները կասեցնում են կայուն զարգացման նպատակների իրագործումը, եւ այդ փաստը պէտք է ներառւի ապագայ ցանկացած փաստաթղթում:
Առաջարկում եմ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարն այդ մասին համապարփակ զեկոյց ներկայացնի Գլխաւոր ասամբիլեային՝ պատժամիջոցների զոհ դարձած երկրների մասնակցութեամբ»:
Նա միեւնոյն ժամանակ ընդգծել է. «Պահանջում ենք անյապաղ բարեփոխումներ իրականացնել կառավարման եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների կառուցւածքում՝ երաշխաւորելու զարգացող երկրների ներկայութիւնը որոշումների կայացման գործընթացում, եւ ձեւաւորել արդար ու հաշւետու կառոյց՝ այդ երկրների ֆինանսական խնդիրները լուծելու համար»:
Նշելով, որ «Ապագայի պայմանագիր»-ը, ինչպէս նաեւ «Թւայնացման պայմանագիր»-ը պէտք է նպաստեն թօթափելու թւայնացման ոլորտում հիւսիսի եւ հարաւի միջեւ առկայ անջրպետը, յատկապէս՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման եւ խոչընդոտների վերացման միջոցով, Փեզեշքիանն ասել է. «Հարաւի երկրների արդիւնաւէտ ներգրաւումը համացանցի կառավարմանը եւ արհեստական ինտելեկտին, երկրների ազգային օրէնքները յարգելը եւ մենաշնորհի դէմ պայքարը անհերքելի անհրաժեշտութիւններ են»:
Անդրադառնալով Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին, Հանրապետութեան նախագահը յստակեցրել է, որ Իրանը կողմ է միջուկային զէնքերից զերծ աշխարհին, եւ ցանկանում է Մերձաւոր Արեւելքը տեսնել, որպէս զանգւածային բնաջնջման զէնքերից զերծ տարածաշրջան՝ առանց որեւէ նախապայմանի:
«Որպէս ահաբեկչութեան զոհ՝ մենք միշտ եղել ենք այս չարաբաստիկ երեւոյթի դէմ պայքարի առաջամարտիկը, եւ պատրաստ ենք համագործակցել ահաբեկչութեան դէմ իրական պայքարի ձգտող երկրների հետ»,- յայտարարել է նա՝ յաւելելով. «Իրանը ձգտում է ուժեղ, միասնական, անվտանգ եւ կայուն տարածաշրջանի, որտեղ բոլոր երկրների ռեսուրսներն կօգտագործւեն տնտեսական եւ սոցիալական առաջընթացի, եւ համատեղ խնդիրների լուծման ուղղութեամբ սիներգիայի հաստատմանը»:
Խօսելով Գազայի մասին, նախագահը յստակեցրել է, որ օրակարգային անհրաժեշտութիւն է օկուպացիայի աւարտը, պաղեստինցիների նկատմամբ խտրական ու ցեղապաշտկան մօտեցումների վերացումը, կրակի անյապաղ դադարեցումը, որոնք կայուն զարգացման եւ համաշխարհային խաղաղութեան նախադրեալներն են:
«Մի աշխարհում, որտեղ Գազայում դաժանօրէն սպանւում են քաղաքացիական անձինք, կոյր պետական ահաբեկչութիւնը ոչնչացնում է երեխաներին ու կանանց, եւ աջակցութիւն է ցուցաբերւում ցեղասպանութեանն ու ահաբեկչութեանը, ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխաւորել խաղաղութիւնն ու զարգացումը»,- իր խօսքը եզրափակել է հանրապետութեան նախագահը: