ՄիջազգայինՔաղաքական

Կոնստանտին Տասիցը՝ Թրամփի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին. «Հարաւային Կովկասը ստւերում է լինելու»

Ռուս քաղաքագէտ, Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ Կոնստանտին Տասիցը Alpha News-ին մեկնաբանել է, թէ ինչպէս Դոնալդ Թրամփի յաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրութիւններում կազդի Ռուսաստանի եւ Հարաւային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականութեան վրայ։

«Ինձ թւում է, որ վաղաժամ է խօսել այն մասին, թէ ինչ քաղաքականութիւն է վարելու Թրամփի վարչակազմը եւ ինչպէս դա կանդրադառնայ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կամ Հարաւային Կովկասի իրավիճակի վրայ։ Քանի որ քաղաքական գործիչները նախընտրական շրջանում հակւած են ուռճացւած խոստումներ տալ, այնքան էլ պարզ չէ, թէ դրանք գործնականում ինչպէս են իրականացւելու։ Այս թեման մանրամասն քննարկել հնարաւոր կը լինի միայն այն բանից յետոյ, երբ նա (Թրամփը) պաշտօնապէս ստանձնի պաշտօնը եւ իր վարչակազմում առանցքային նշանակումներ անի։

Դա վերաբերում է Պետդեպարտամենտի ղեկավարին, ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնին եւ այն անձանց, որոնք կոնկրետ կը կառավարեն Ռուսաստանի հետ յարաբերութիւնները եւ փոխգործակցութիւնը Եւրասիայի, այդ թւում՝ Հարաւային Կովկասի հետ։

Կախւած նրանից, թէ ինչ մարդիկ են նշանակւելու այդ պաշտօններում, ինչ կոնկրետ առաջարկներ կը հնչեցւեն ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում առկայ առանցքային խնդիրների վերաբերեալ, այդ ժամանակ արդէն կարելի է խօսել այն մասին, թէ ինչպէս կը փոխւի իրավիճակը, եթէ փոխւի»,- յայտարարել է Տասիցը։

Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ առաջնահերթ կը լուծւեն գլոբալ մակարդակի հարցերը, յետոյ միայն հայ-ադրբեջանական հակասութիւնները։

«Այնտեղ (Ուկրաինայում-ԽՄԲ.) 24 ժամում պատերազմն աւարտելու մասին խօսակցութիւնն, ընդհանուր առմամբ, պոպուլիստական յայտարարութիւն է։ Բարդ խնդիր է, այն չի կարող լուծւել այդքան կարճ ժամանակում։ Բացի այդ, մենք իրականում տեսանք, օրինակ, Թրամփի կոչը Լիբանանում Հայոց Կաթողիկոսին, եթէ չեմ սխալւում, եւ որոշ մեսիջներ Հայաստանին։

Բայց, ամենայն հաւանականութեամբ, դա պայմանաւորւած է ընտրութիւններին ընդառաջ հայկական սփիւռքից ձայներ ներգրաւելու փորձով։ Թէ որքանով Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական կարգաւորման խնդիրը կը լինի վարչակազմի ուշադրութեան կենտրոնում, պէտք է տեսնել, թէ որքանով դա արդիական կը լինի Թրամփի համար այլ մեծ խնդիրների ֆոնին, ինչպիսին է Ուկրաինայի առճակատումը, Մերձաւոր Արեւելքը, Թայւանի խնդիրը: Բնականաբար, Հարաւային Կովկասը որոշակիօրէն ստւերում է լինելու»,- ամփոփել է Տասիցը։

Related Articles

Back to top button