ՀասարակականՄշակութային

Իրանի կրկնօրինակողների տխուր տարին

ԵՐԲ ՁԱՅՆԸ ՊԱՏԿԵՐԻՑ ԵՐԿԱՐ Է ԱՊՐՈՒՄ

 

ՀԱՏԻՍ – Եթէ նրանց հարցնէք՝ ինչո՞ւ մտաք այս գործի մէջ։ Անմիջապէս պատասխանում են՝ «սիրոյ կրակն» էր մեղաւոր: Նոյն սէրն էլ նրանց պահեց կինոյի քարուքանդ ճանապարհին:

Վերջին տարիներին Իրանի կրկնօրինակման ոլորտը կորցրել է անմոռանալի ու չկրկնւող ձայներ: Բահրամ Զանդից մինչեւ Փարւիզ Բահրամ ու Հոսէյն Էրֆանի, իսկ վերջերս՝ Արշակ Ղուկասեանը, ով կրկնօրինակման ասպարէզում սիրւած արտիստ էր, յատկապէս, Star Wars (Աստղային պատերազմներ) ֆիլմում հանդէս եկած Մարկ Համելի դերը ձայնաւորելու համար։

Արշակ Ղուկասեանն օրեր առաջ՝  հոկտեմբերի 27-ին, 80 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տւեց Կանադայում: Արշակ Ղուկասեանը վերջին տարիներին տառապում էր Ալցհէյմերի խորացւած հիւանդութեամբ: Վետերան ու անմահ «ձայն»-ի մարմինը յուղարկաւորւել է նոյն երկրում։

Դիմագծերով ու մարդու տեսակով այն արւեստի գործիչներից էր, ում հետ հարցազրոյցը հաստատ նշանաւորւելու էր հետաքրքիր լուսանցքների բացայայտմամբ, իհարկէ նոյն կարգի դիմանկարներով: Չարածդ գործի հետքերն աւելի խորն են դաջւում յիշողութեանդ վրայ: Իսկ էջիս այսօրւայ թեման հէնց չհագեցող այդ ծարաւի առիթն է:

2010 թւականին՝ նրա ծննդեան օրը, Արշակ Ղուկասեանի պատւին կազմակերպւած մեծարման միջոցառմանը տեղի է ունեցել նրա մասին պատմող վաւերագրական ֆիլմի պրեմիերան, առանց որի, դժւար թէ հնարաւոր լինէր Արշակ Ղուկասեանի մասին պատմող որեւէ այլ աղբիւր գտնելը:

«ԳԻՔՈՐԻ» ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Արշակ Ղուկասեանի մասին պատմելու բան ունենալու համար չես կարող բաւարարւել միայն կրկնօրինակած դերերով ու սերիալներով: Իսկ, եթէ մօտիկից նրա ձայնը վայելելու առիթը չես ունեցել, ապա կարող ես օգնութիւն վերցնել համացանցում եղած-չեղածով: 

Արշակի մասին վաւերագրական պորտրէ ժանրի ֆիլմ կայ: «Ղէսէյէ Արշակ» է կոչւում ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը Աբոլֆազլ Թաւաքոլին է. Արշակի ընկերներից: Ֆիլմը հասանելի է առցանց դիտման համար նաեւ:

Աբոլֆազլ Թաւաքոլին իր 57 րոպէանոց ֆիլմում անդրադարձել է Ղուկասեանի մասնագիտական կեանքի տարբեր կողմերին:

Ֆիլմում Արշակն իր մանկութեան յուշերի մասին հարցին պատասխանելու փոխարէն պատմում է հօր մանկութեան մասին լսած պատումները:

Նրա տունը Փերիոյ շրջանի Սւարան գիւղից էր: «Դրա համար էլ մեր ազգանունին կցւած Սւարանի անունը կայ»,-ֆիլմում պատմում է Արշակը:

Հայրը դեռ մէկ տարեկան չկար, երբ մահանում է պապը: Իսկ երեք տարեկանում կորցնում է նաեւ մօրը եւ բացարձակ որբանում: Նոյն գիւղում էր ապրում նաեւ քեռին, սակայն Արշակի հօրը յանձնում են քահանայի խնամակալութեանը, քանի որ քեռին ի վիճակի չէր խնամել կամ նոյնիսկ սնունդով ապահովել մանկանը:

7 տարեկանում Արշակի Հայրը մի քանի այլ պատանիների հետ տեղափոխում են Թեհրան: Արշակի հայրը Նադերի պողոտայում մռայլ դէմքով քայլելիս խանութից խանութ էր մտնում աշխատանք փնտրելով, ու մէկ էլ նրան նկատում է գիւղացի տղաներից մէկը, ով աւելի շուտ էր մայրաքաղաք եկել: Արշակը համաձայնւում է աշխատել հայաբնակ մի բակում, որտեղ իրեն յանձնարարած տան աշխատանքների կողքին սկսում է նորոգել կոտրւած իրերն ու փայտեղէնը: Մի օր նրան նկատում են դանակի կոտրւած կոթը նորոգելու ժամանակ, ու տանտէրն առաջարկում է տան առօրեայ առաջադրանքը կատարելուց յետոյ գնայ նրա մօտ  աշակերտելու ոսկերչութեան արհեստանոցում:

Այսպիսով Արշակի հայրը գնալով վարպետանում է նոր մասնագիտութեան մէջ ու սեփական խանութը  բացում՝  Բաբ-հոմայուն պողոտայում:

ՈՍԿԷՁԱՅՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՂԸ

Արշակը նշում է, որ ինքը եւս պատանի ժամանակ աշխատել է հօր մօտ ու ձեռքն էլ վատ չէր գնում որպէս ոսկերիչ: Բայց միշտ հօր՝ ոսկերիչ դառնալու պնդումներին ընդիմանում էր: «Առաջին ֆիլմը կինոյում դիտելն ու կրկնօրինակող դառնալու երազանքը միահիւսւում են նրա գլխում ու դառնում ապագան իմաստաւորող ճանապարհ: Նա առաջին անգամ խօսում է Ռաբին Հուդ ֆիլմում: Յետոյ նկատում են, որ ժամանակակից պարսկերէնը լաւ էլ հնչեղ են Արշակի մօտ, ու սկսում են դեր վստահել նրան: Ոտքս բացւեց հեռուստատեսութեան ֆիլմերի կրկնօրինակման սենեակ: Միւս կողմից հայրս փորձում էր հասկացնել, որ արդէն խաղուպարի տարիքում չեմ ու անցնեմ արհեստանոց՝ տղամարդու գործով զբաղւեմ: Ես էլ ընդիմանում ու ասում էի, որ արդէն նման բանով եմ զբաղւած: Իրար չէինք հասկանում: Մի օր տնեցիներին ասացի այսօր կարեւոր հիւրեր ունենք: Հեռուստաֆիլմերի ձայներն են գալու մեզ տեսութեան: Լուրջ չընդունեցին ասածս, բայց հայի պէս, ինչպէս հարկն է ընդունեցին հիւրերին: Ծանօթացրի նրանց հայրիկին ու ինձ ուղարկեց խոհանոց օգնելու: Հիւրերն ասացին, որ, յատկապէս, Արշակին տեսութեան են եկել: Դա արդէն հայրիկի համար համոզիչ եղաւ, որ այլեւս չասաց՝ արի արհեստանոց աշխատելու…»,- ֆիլմում պատմում է Արշակն ու ծիծաղում:

ՅԱՅՏՆԻՆԵՐՆ ՈՒ ԱՆՅԱՅՏՆԵՐԸ

Դուբլորները, ընդհանուր առմամբ, այնքան էլ յայտնի չեն հասարակ մարդկանց շրջանում, որքան պէտք է, այն ինչ դերասաններն ու հաղորդավարները ծանօթ կերպար են, ու հրապուրիչ են դառնում նոյն անծանօթ մարդկանց ձայնով: Միգուցէ դա է պատճառը, որ ձայնաւորողներից շատերն ասում են, որ սէրն է այս գործի անհարթ ճանապարհը կառուցողը:  Այն յոյս է տալիս, որովհետեւ նրանք այդքան մեծ համբաւ կամ այդքան եկամուտ չեն ստանում կրկնօրինակման համար:

Հանգուցեալ Զանդը, ժամանակին պատմել է, որ աւագ դպրոցում ուսուցիչ աշխատելու առաջին տարիներին նկատել է, որ դասարանը հանգիստ է յատկապէս, երբ երկար բարակ պատմութեան դասը վարելիս է եղել:  Աւելի ուշ մտածել է ձայնի հետ կապ ունեցող ինչ որ աշխատանք գտնել Ռադիոյում:  

Վերադառնելով Արշակի գործունէութեանը նշենք, որ նա երիտասարդ կերպարների փոխարէն հանդէս է եկել բազմաթիւ իրանական ու արտասահմանեան ֆիլմերում ու սերիալներում որպէս ձայնավարող:

Արշակ Ղուկասեանին էր վստահւել նաեւ  Մուհամմադ Ռասուլօլլահ ֆիլմում Ամմարի դերը կրկնօրինակելը: Նա ձայնաւորել է նաեւ «Դայի ջան Նապոլէոն» սերիալում՝ Սայիդի կերպարը՝ Սայիդ Քանգրանիի դերակատարմամբ:

ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ՔԱՅԼԵՐՈՎ ՄՈՒՏՔ՝ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՇԽԱՐՀ

Արշակի ձայնի յատկանիշերից էր նրա անմեղ տոնայնութիւնն ու պարկեշտութիւնը։

Արշակը կրկնօրինակմամբ սկսել է զբաղւել 1959 թւականին:

Այս մասնագիտութեան մէջ իր յաջողութեան համար իրեն պարտական ​​է համարել կրկնօրինակող ռեժիսորներին, ինչպիսիք են Հուշանգ Լաթիֆփուրը, Սայիդ Շերաֆաթը եւ Ահմադ Ռասուլզադէն։

Իր իսկ ասածով՝ մինչեւ իրանական յեղափոխութիւնը, նա շարունակել է իր աշխատանքը:   Թէեւ յաջորդ տարիներին եւս նրա ձայնը կարելի էր լսել որոշ դերերում, ինչպէս՝ Ամմարի դերում, որը ցուցադրւեց նաեւ իրանական հեռուստատեսութեամբ:

ԱՐՏԱԳԱՂԹԻ ՃԱՄԲԱՆ

Ինքն էլ չգիտի ինչից կամ ինչի համար էր փախչում: Բայց ուզում էր գնալ: Ու գնաց: Առանց պասպորտի ու անձնագրերի: Նախ տեղափոխւում է ԽՍՀՄ Հայաստան: Մէկ տարի մնալով այնտեղ հասկանում է, որ սխալ է արել ու չի ցանկանում հպատակ դառնալ: Նրան չեն կարողանում ստիպել քաղաքացիութիւն ընդունել: Հեռացւում է ԽՍՀՄ-ից ու վերադարձւում Իրան: Իրանում հանգիստ են վերաբերւում փախստական արւեստագէտին ու հնարաւորութիւն տալիս երկրորդ անգամ լքել երկիրը:

Այս անգամ Յունաստանի ուղղութիւնն է ընտրում: Կամ աւելի ճիշտ այլ ընտութիւն չկար: Յունաստանը միակն էր, որտեղ փախստականի կարգավիճակով անհատներին կացարան էր տրամադրւում:

Վերջապէս նա գնում է Կանադա եւ այդ երկրում մնում լիակատար լռութեան մէջ մինչեւ 2009 թւականը:

Կանադայում նա անցնում է գրպանում եղած մասնագիտութեանը՝ ոսկերչութեան աշխատանքին: Հասկանում է, որ հայրը յաղթող դուրս եկաւ նրանց բանավէճի: Չէ որ ասել էր երբեք ոսկերիչ չի դառնայ, քանի որ ունի իր սեփական ու սիրած մասնագիտութիւնը: «Հայրս դարձեալ ընտանիքը փրկեց սովից»,- ֆիլմում նշում է Արշակը:

Արշակը վերջապէս հաստատւում է Կանադայում ու այս անգամ որպէս առաջին մասնագիտութիւն՝ զբաղւում է ոսկերչութեամբ: «Մի արաբալեզու յաճախորդ կար: Խնդրեց պաղեստինական աւանդոյթներին համապատասխան մի զարդ մշակեմ: Պատրաստեցի ու գումար չպահանջեցի: Փոխարէնը խնդրեցի ինձ ներկայացնի իր արաբ ծանօթներին: Ու այդպէս գործերը նորմալ գնում էին (ֆիլմում ասում է հարցազրոյցի ժամանակ):

ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՐԿԻՐ

Արշակը միւս տեսարանում քայլում է Թեհրան Բաբ Հոմայուն պողոտայում ու հանդիպած առաջին իսկ անցորդին ասում. «Ժպտացէք: Դրանով թշնամուդ աչքն ես հանելու, ընկերներիդ էլ ուրախացնելու ես»: Այստեղ նա ցանկանում է ակնարկել մռայլ դէմքերի մասին, որոնք կորոնայի համաճարակի բերումով հեռաւորութիւն են պահպանում:

Արշակը պատմում է, որ Կանադայի իր տանը նստած մի առաւօտ զանգ է ստանում: Պատասխանում է ու տեսնում, որ միւս կողմը նրան ասում է, որ Իրանի դեսպանատնից է ու հարցնում է ինչո՞ւ չի ուզում գնալ Թեհրան: Անվճար շրջագայութեան ես մեկնելու: Արշակը պատասխանում է, որ չունի պասպորտ ու դրա համար էլ զանգն իզուր է: Պատասխանում են՝ պասպորտը պատարստ սեղանին դրւած է, ուղղակի պէտք է գալ ու վերցնել: Կցւած տոմսն էլ հետը: Ու մի քան օրից արդէն Արշակը Թեհրանի ստուդիաներից մէկում  խօսափողի առաջ կրկնօրինակման է նստած:

30 ՏԱՐԻ ԱՆՑ՝  «ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԾԵՐԱՑԱԾ»

Արշակը կրկնօրինակելու էր հրաւիրւել 30 տարի առաջ տարած՝ Մարկ Հեմիլի դերը:

Այն նրա յայտնի աշխատանքներից էր:  Գիտաֆանտաստիկ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի առաջին բաժնում Արշակը՝ Մարկ Հեմիլի Լուք Սքայվաքերի ձայնի կրկնօրինակումն էր կատարել, որը 30 տարի անց կրկնւում էր ֆիլմի ամենավերջին բաժնում:

Իսկ միասին ծերացած կրկնօրինակողն ու դերասանը իւրայատուկ էր դարձնելու «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերթական մասը:

Ի տարբերութիւն Արշակի նախորդ դերերի՝ «Արհեստական ​​ինտելեկտ» ֆիլմում նրա դերը մօտ քառասուն տարեկան տղամարդու կերպար էր, ինչը պատրաստ լինելուց յետոյ երեւաց, որ ոչ մէկին տրւած չէ Արշակին փոխարինելու շնորհը:

Նրա ամենայիշարժան դերերից են՝ «Քամուց քշւածները» ֆիլմում՝ Բոնդ Բրուքսի դերը, Չարլզ Համիլթոնի կերպարը՝ «Մեծ Գեթսբի»-ի ֆիլմում, «7 հերոսներ»-ում՝ Ալեքսանդր Ֆու Շենգի դերում, «Արքայազն եւ աղքատը» ֆլմում՝ Մարկ Լեսթերի ձայնաւորումը, Գրիկ Հագենի փոխարէն՝ Ամմարի դերում՝ «Մուհամմադ Ռասուլօլլահ» ֆիլմում, եւ Սայիդ Քանգրանիի փոխարէն՝ այս դերասանի խաղացած գրեթէ բոլոր դերերում։

Իսկ Սթիւեն Սփիլբերգի «Պատերազմական ձին» համարւում է Արշակ Ղուկասեանի պրոֆեսիոնալ ասպարէզում ամենակարեւոր ստեղծագործութիւնը, որը կատարւել է Իրան վերադառնալուց յետոյ։

Related Articles

Back to top button