Մշակութային

Կարօտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները, ամէն ինչ մնաց կամրջից այն կողմ

Արցախցի գրող Հերմինէ Աւագեանը վերջին օրերին միանգամից երկու մրցանակի է արժանացել. «Մեծն Ներսէս» բարեգործական կազմակերպութեան եւ Հայաստանի Գրողների միութեան նախաձեռնած ամենամեայ գրական մրցանակաբաշխութեան «Պոէզիա» անւանակարգում առաջին մրցանակն է ստացել, ինչպէս նաեւ արժանացել է Newmag հրատարակչութեան գրքի եւ արւեստի փառատօնի գլխաւոր մրցանակին։

Panorama.am-ի հետ զրոյցում Հերմինէ Աւագեանն ասում է՝ իր համար անակնկալ էր։ Newmag հրատարակչութեան գրքի եւ արւեստի փառատօնի յանձնաժողովը մեկնաբանելով իր ընտրութիւնն՝ ասել է, որ Հերմինէ Աւագեանի  պատմւածքներում արտացոլւած է Արցախը, Արցախում ապրող մարդը, իր հոգեբանական խորքերով, ու թէեւ պատմւածքներում կայ պատերազմի նկարագրութիւն,  բայց դրանցում չկայ լալկանութիւն, վատատեսութիւն, այլ կայ սէր ու հաւատ ապագայի նկատմամբ։

Հերմինէ Աւագեանը Գրողների միութեան ամենամեայ գրական մրցոյթին մասնակցել է բանաստեղծական շարքով ու պրոֆեսիոնալ յանձնաժողովն առաջին մրցանակը շնորհել է հէնց արցախցի հեղինակին։

Հերմինէ Աւագեանի ստեղծագործութիւնները մինչեւ 2023 թւականի սեպտեմբեր ու դրանից յետոյ բովանդակային առումով որոշակի փոփոխութիւն են կրել։

Նա պատմում է, որ այսօր իր ստեղծագործութիւններում կարօտի թեման է նկատելի, բայց հաւատը, որ մի օր անպայման վերադառնալու են Արցախ,  չի թողնում անցնել լալկանութեան, ոչ անկեղծ վերաբերմունք ցուցաբերել իր ստեղծագործութիւններում։

Հերմինէ Աւագեանը շրջափակման ամիսներին չի եղել Արցախում. մինչ այդ եկել էր Հայաստան ու այլեւս չէր կարողացել վերադառնալ։

«Ամէն օր, ամէն գիշեր, երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում ու քեզ պէտք է այցելի երազը, Երկիրն է այցելում, այդ անքնութիւնը զրոյց է Արցախի հետ։

Տարբեր զգացողութիւններ ունեմ։ Շրջափական ժամանակ այնտեղ չեմ եղել։ Ամենամեծ զգացողութիւնը մեղաւորութեան զգացողութիւնն է, որ ես չեմ հասցրել անցնել այդ ճանապարհով, հրաժեշտ տալ։ Գուցէ ուրիշ զգացողութիւններ կը լինէին, որ ես էլ անցնէի այդ ճանապարհով, մտածէի, որ վերջին օրն է՝ ինչ տեսնում եմ։ Հիմա, երբ զրուցում եմ մօրս, հարազատներիս, ընկերներիս հետ, ովքեր անցել են այդ ճանապարհով, հասկանում եմ՝ ինձ մէջ հաւատն աւելի շատ է, քան իրենց մօտ։ Իրենք միշտ ասում են՝ լաւ է, որ դու չես տեսել, այդ հրաժեշտը չես տւել։ Ինձ մօտ էլ ուրիշ զգացողութիւն է՝ այդ հրաժեշտը չտալու մեղաւորութիւնն է, ինչ-որ բանով օգտակար չլինելու, միաժամանակ այդքան անմեղ զոհերի առաջ մեղաւորութեան զգացողութիւնը։

Պարտքի զգացում այդքան զինւորների առաջ, ոչ միայն 44-օրեայ պատերազմի, այլ Արցախեան առաջին պատերազմից մինչեւ օրս, քանի որ իրենք բոլորն էլ այդ մեծ երազանքն են իրենց մեջ կրել։ Իսկ մեծ երազանքն էր՝ միացեալ Հայաստանը՝ Արցախը մայր Հայաստանի կազմում։ Այդ մեծ երազանքն է բոլորին տարել մարտի դաշտ։ Այդ երազանքի հանդէպ պարտաւորութեան զգացողութիւնն է ամէն օր ստիպում զրուցել Երկրի հետ»,- ասում է նա։

Հերմինէ Աւագեանն այսօր ամենաշատը կարօտում է իր ծննդավայրը՝ Աշան գիւղը. «Շատ փոշոտ փողոցներ ունէր Աշան գիւղը։ Գարնանը փողոցները կորում էին ցեխերի մէջ։  Կարօտել եմ այդ ցեխի միջով քայլելու, ամառը այդ փոշին շնչելու զգացողութիւնը։ Երբ որ մայրիկիս հետ զրուցում եմ, ասում եմ՝ այն ժամանակ, երբ որ ցեխերի միջով գնում էինք դպրոց,  բողոքում էինք, որ կեղտոտւեցինք։ Այդ ցեխերն եմ կարօտում։ Ամենաշատը դրանք էին մերը, դրանք էին մեզ կապում մեր հողի հետ։ Այդ զգացողութիւններն այստեղ չունեմ։ Իմ հայրենիքն է, բայց երեւի ծննդավայրի էներգիան է, որ այստեղ չեմ զգում»։

Հերմինէ Աւագեանը «Համազգային» Հայ կրթական ու մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախագահն է։ Արցախցի մանուկների, մտաւորականների համար կրթական ու մշակութային ծրագրեր են կազմակերպում, փորձում են մեղմել կարօտը հայրենիքի հանդէպ։

«Շատերն ինքնափոփ են դարձել, հիասթափութիւնն է շատ մեծ, սոցիալական շատ խնդիրներ կան։

Մարդիկ ծանր հոգեբանական վիճակում են. գիտակցում են, որ ուրիշ տեղ չեն, հայրենիքում են, բայց ամէն ինչ մնացել է կամրջից այն կողմ։ Ամէն ինչն այնտեղ մնալու, կորստի զգացողութիւնը չես կարող ոչ մի ծրագրով թօթափել, բայց մեղմել կարող ես»,- ասում է Հ. Աւագեանը։

Չնայած խնդիրներին, հիասթափութեանը, շատ արցախցիներ այսօր Հայաստանում մասնակցում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի առաջնորդած շարժմանը։

Ի՞նչն է նրանց ոտքի հանել։ Հ. Աւագեանը պատասխանում է. «Հանրահաւաքների ժամանակ շատ եմ հանդիպում արցախցիների։ Զրոյցների ժամանակ անընդհատ այդ թեման է շօշափւում, թէ ինչքան ուժեղ մարդիկ են, որ այդ ամէնից յետոյ նորից կարողանում են գալ ու այդ պահանջատիրութիւնն իրենց մէջ նորից բորբոքել։

Տեղահանութեան սկզբնական շրջանում, երբ զրուցում էի մտաւորականների հետ, ասում էին՝ ոչինչ չունենք կորցնելու, ամէն ինչ կորցրել ենք։ Երբ հասկացանք, որ հայրենիք ունենալը, հայկական պետականութիւնն է վտանգւած, հայրենիքի այս փոքրիկ հատւածը, Հայաստանը պահելու զգացողութիւնը նրանց դրդեց չնստել տանը։

Մարդիկ չեն կարող նստել ու հեռուստացոյցով դիտել՝ ինչպէս են հողեր յանձնւում։ Յատկապէս, որ այդ կորստի զգացողութիւնն ունես, քո տունը կորցրել ես, չես ուզում, որ քո հայրենակիցն էլ այդ ապրումներն ունենայ։

Ուզում ես հայրենիք ունենալ։ Գոնէ Հայաստան, պետականութիւն ունենալու զգացողութիւնն է մարդկանց հանում պայքարի։ Արցախցիների ակնկալիքը միայն Հայաստան ու հայրենիք ունենալն է, ու այդ ակնկալիքով ենք մենք մասնակցում այդ հաւաքներին»։

Related Articles

Back to top button