Մշակութային

Կոմիտաս վարդապետը՝ Մոլլաբայեազետում

(Կոմիտասի կեանքից)

Բամբակաշատի (նախկինում՝ Մոլլաբայեազետ) Սուրբ Աստւածածին եկեղեցու հիմնադիր, աւագ քահանայ Տէր Յովհաննէսի գերդաստանի անդամների վրայ անկրկնելի տպաւորութիւն են թողել դարասկզբին Կոմիտաս վարդապետի այցերը Մոլլաբայեազետ: Այս այցերի մասին բանաւոր զրոյցները, որպէս յուշ-մասունքներ, իրենց զաւակներին են հաղորդել Տէր Յովհաննէսի դուստրերը, որ իրենց հօր յորդորով Կոմիտաս վարդապետի համար ողջ երեկոներ երգել են ժողովրդական բազում երգեր:

Յայտնի է, որ Կոմիտասը մօտ 3000 հայկական, քրդական, պարսկական եղանակներ, եկեղեցական եւ աշխարհական երգեր է ձայնագրել: Էջմիածնի վանքի պարիսպների ներսում անխոնջ կերպով աշխատող, ժամանակակիցների բնորոշմամբ՝ համեստ եւ եռանդուն վարդապետն իր ստեղծագործական պրպտումների ճանապարհին դիմում էր ժողովրդին, ահելին ու ջահէլին, ժողովրդական երգին լաւատեղեակ մարդկանց:

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը,- ասում էր Կոմիտասը, – գնացէք եւ սովորէք նրանից»:

Հայոց երաժշտութեան ինքնուրոյնութիւնն ապացուցելու եւ ողջ գրաւչութիւնը ներկայացնելու, հայ երգի մաքրամաքուր արմատները պեղելու նպատակով նա շատ է դեգերել, անցել գիւղից-գիւղ, շրջել նաեւ Սարդարապատի բնակավայրերում: Այդ դեգերումները վարդապետին հասցրել են Մոլլաբայեազետ, որտեղ նրան իր յարկի տակ մեծարանքով հիւրընկալել է գիւղական համայնքի աւագ քահանան: «Գէորգեան» ճեմարանի երաժշտութեան դասախօսը քաջածանօթ էր Տէր Յովհաննէսին եւ իր ճամբորդութիւնների ընթացքում նախընտրում էր նրա տանը գիշերել:

Այդ այցերը, թերեւս, պէտք է յատկապէս վերագրել 1907-1910 թթ.-ին: 1907-ին էր, որ Փարիզում եւ Շւէյցարիայում իր համերգներով ու դասախօսութիւններով տեղի երաժշտասէր հասարակութեան վրայ խոր տպաւորութիւն թողնելով՝ Կոմիտասը վերադառնում է Կովկաս եւ «Գէորգեան» ճեմարանի իր պարտականութիւններին զուգընթաց եռանդով շարունակում նիւթեր հաւաքել իր ապագայ ստեղծագործութիւնների եւ գիտական ուսումնասիրութիւնների համար: «Քանի խորունկ եմ մտնում ծիծաղածին ծովի մէջ, այնքան պնդւում է համոզմունքս, թէ մեր ե՛ւ ժողովրդական, ե՛ւ եկեղեցական աննման եւ վեհ եղանակները, որոնք քոյր ու եղբայր են շատ վաղուց, ապագայում նոյնպէս օտարների համար ուսումնասիրութեան աղբիւր պէտք է դառնան, որովհետեւ արմատը շատ խոր հնութիւնն է տանում հասցնում, մինչեւ հայի ծագումը, այնտեղ, նորանից անբաժան, ծլում եւ նորա հետ է մեզ հասնում», – համոզւած էր Կոմիտասը:

Առանձնանալով իր վանական փոքրիկ խուցի մէջ՝ Կոմիտասը սիրով էր իր բնակարանում ընդունում իրեն այցի եկող մտաւորականներին, լայնախոհ եւ ազգի ճակատագրով մտահոգ անձանց, խորհում ազգի ներկայի եւ ապագայի, անշօշափելի, բայց այնքա՜ն մօտալուտ տագնապների մասին. «…Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներեւոյթ եւ անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական եւ ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւէրած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմեն: Փառասիրութիւն, փութկոտութիւն, մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն միւս երեսէն: Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր նախնիք իրենց պաշտօնին փարած էին անձնահեղձութեամբ, իսկ մենք կը յափշտակենք գործն ընչաքաղցութեամբ: Սիրտս փլած է… »:

Արարատեան դաշտավայրի բնակավայրեր Կոմիտասի այցելութիւնները դադարում են 1910 թ.-ին: Այդ տարւայ սկզբին Ամենայն Հայոց Տ. Տ. Մատթէոս Բ Վեհափառ Հայրապետի Իզմիրլեանին ուղղւած դիմումում Կոմիտասը նկարագրում է իր յուսահատութեան աստիճանը. «… Իբր մի անպէտք կոճղ ընկած մնացել եմ այստեղ, բախտի հովերին յանձնւած եւ քանի աւելի ժամանակն անցնում է, մարում է սրտիս բոցը, հոգուս եռանդը եւ մերձ է հոռետեսութիւնն ու յուսախաբութիւնը, որից յետոյ մնում է ինձ միայն մի ելք, որոնել այլ տեղ, այլ հանգամանքներ, որպէսզի անպէտք ընկած չմնամ այստեղ»: Իր նոր մտայղացումները կեանքի կոչելու համար Կոմիտասը նոյն տարւայ հոկտեմբերին հեռանում է Էջմիածնից եւ մշտական բնակութիւն հաստատում Կ. Պոլսում…

Շուրջ մէկ դար է անցել այն երանելի օրերից, երբ մոլլաբայեազետցի թելիկ-մելիկ աղջիկները գեղջկական երգերի թովչանքն են հաղորդել Կոմիտաս վարդապետին, երգել «Քաղհանն» ու «Լուսնակն անուշը», «Սոնա եարն» ու «Ծիրանի ծառը»…

ՅՈՒՇՄԱՍՈՒՆՔՆԵՐ՝ ԿՈՄԻՏԱՍԻՑ

Ես տեսել եմ նրան, իմ աչքերի լոյսը պահել է նրա պատկերի արտացոլանքը, լսողութիւնս դրոշմել է նրա ձայնի ելեւէջը, ինչպէս մանկութեան անջնջելի յիշողութիւն, ինչպէս նախնիներից եկած արեան ծփանք:

Ու թէեւ իմ աչքերը նրան տեսել են ծնունդիցս կէս դար առաջ, որովհետեւ այն ժամանակ իմ աչքերը տատիս էին պատկանում, ու թէեւ յիշողութեանս մէջ վաղուց խամրել է գեղջկական երգի պարզ ու խորունկ ղօղանջների արձագանգը, բայց հէնց հիմա էլ կարծես նա կանգնած լինի իմ կողքին՝ միջահասակ, փոքր-մոքր, գեղեցկատես, սեւուկ ու սեւազգեստ:

Հանդիպումը կարճատեւ էր եւ այն էլ՝ այնքա՜ն վաղուց՝ 20-րդ դարասկզբին, Մոլլաբայեազետում, գիւղի աւագ քահանայ Տէր Յովհաննէսի հիւրընկալ յարկի ներքոյ, ես էլ աղջնակ էի՝ տատիս աչքերով, ձայնով ու լսողութեամբ:

-Սիրանո՛ւշ, շու՛տ, մեզ Կոմիտաս վարդապետն է հիւր եկել, շտապ հաւաքիր աղջիկ-ընկերներիդ, պիտի երգէք, խոստացել եմ, – պատշգամբից լսեց հօր կանչը արտից երեկոյեան վերադարձող երկարամազ, թխադէմ, ճկուն ու արագոտն աղջիկը եւ դուրս թռաւ՝ հօր կամքը կատարելու: Հայրը չէր սիրում խօսքը կրկնել:

-Տէ՛ր հայր, բերեցի,- հեւասպառ շնչեց Սիրանուշը՝ առաջ մղելով ամաչկոտ ընկերուհիներին,- միայն թէ՝ չեն երգի: – Շունչը տեղը բերելով՝ աւելացրեց՝ ես էլ չեմ երգի: Հիմա միայն նկատեց սեւազգեստ սուրբ հօր զննող հայեացքը ու կարծես նոր գլխի ընկաւ, որ ինքն էլ է ամաչում:

-Չենք երգի՝ ամօթ է:

Հօր դէմքը խոժոռւեց Էջմիածնից եկած սուրբ հօր դիմաց…

-Տէ՛ր հայր, մի՛ սրտնեղիր, մենք սենեակում կը նստենք, աղջիկները կերգեն պատշգամբում: – Ես էլ կը ձայնագրեմ: Աղջիկ են, թող չքաշւեն,– մեղմ արձագանգեց հիւրը:

Դէպի այգին բացւող պատուհանից ամառային մի տօթ երեկոյ զոյգ-զոյգ երգող աղջիկների գեղջկական պարզ ու անմշակ, բայց եւ զրնգուն, այդ երեկոյի պէս անմեղ ու լեցուն ձայնը ալիք-ալիք լցւում էր սենեակ, պարուրում նրան, հարթում նրա ճակատը, շարժում նրա ձեռքը, որի տակից դուրս էին գալիս խազեր, խազեր…

 ….Սիրտս նման է էն փլած տներ
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ.
Բուն պիտի դնեն մէջ վայրի հաւքեր.
Երթամ ձիկ թալեմ էն ելման գետեր,
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:
Ա՜յ, տօ լա՜ճ տնաւէր:

Արեւի մարմրող վերջին շողերի հետ զգացին, որ երգել են (վա՜յ, ախչի, ամօթն էլ մոռացանք) ու շատ են երգել:

-Տէ՛ր հայր, աղջիկները վարձատրութեան են արժանի. շատ չարչարւեցին:

-Ամօթ է մտածելն անգամ: Սա իմ դստրիկն է, սրանք էլ, ահա, իր ընկերները: Ամօ՜թ է, ամօ՛թ մտածելն անգամ:

Կոմիտասը գիշերեց տէրտէրի տանը: Տեղը նրա ցանկութեամբ գցել էին թախտի վրայ, բախչում, ծառերի հովանու ներքոյ: Մօտեցաւ, ափով շօշափեց փափուկ ներքնակը՝ կարծես չափելու նրա հաստութիւնը, ասաց.

-Տիրուհի՛, սա ինձ չի սազի: Միայն մի սաւան գցիր այս թախտին, ես շատ լաւ կը զգամ:

Ու խանում-խաթուն տէրտէրակինը յօնքերը շարժեց.

-Ա՜խր, ո՞նց է՜, ո՞նց կը լինի այդպէս: Դուք ո՞նց կը քնէք էս չոր տախտակին:

-Հոգ չէ՛, տիրուհի՛, առանց այդ էլ ես երախտապարտ եմ:

Այդ գիշեր տատիս ձեռքերով իմ խնամած ծառերը խշշացին նրա գլխավերեւում ու քուն բերեցին նրան: Այդ գիշեր նա քուն մտաւ՝ տատիս ձայնով իմ երգած մեղեդիները ականջում, մտքում, Աստւա՜ծ գիտէ, ինչպիսի՜ յուշեր ու սպասումներ: Այդ գիշեր միայն նա ոչ մի կերպ չէր կարող պատկերացնել, որ տարիներ յետոյ Փարիզի հոգեբուժարանում իրեն այցի եկած ընկերների խնդրանքին՝ երգել իրենց համար որեւէ բան, մտքի պայծառացման հազւագիւտ պահերին, Հայոց Եղեռնի ահասարսուռ պատկերների անջնջելի խարանն ուղեղում, խոցոտւած հոգու խորքերից պիտի պատասխաներ.

-Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում եւ այն էլ՝ շատ կամաց…

Ու այդ երգերի մէջ պիտի լինէր նաեւ տատիս ձայնով երգած մեղեդին…

ՅԱՍՄԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ

(Հատւած՝ Յասմիկ Սարգսեանի «Խաչս տալիս եմ քեզ» վաւերագիր մատեանից)

Եւ ինքը Կոմիտասն էլ կարծես երազի նման անցաւ, նա էլ կարծես մի երազ էր, մի հեքիաթ, որ եղել է եւ չի եղել, որ կայ եւ չկայ:

Մանուկ Աբեղեան

Related Articles

Back to top button