Մշակութային

Մի անգամ…

(Կոմիտասի մասին)

Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցում էի, խոհարարը եկաւ, թէ ոսկէ զարդերով կառք կայ կանգնած դռանը եւ քեզ են հարցնում: Վար իջայ՝ տեսնեմ, կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բէյը, որ կառքի միջից թույլատւութիւն խնդրեց նկարներս տեսնելու:

Բարձրացանք մեր տան երկրորդ եւ երրորդ յարկերը, ու նա ուշի-ուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենեակի դռան առջեւից էինք անցնում, ասի, որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիի հետ ծանօթանալ: Նա պատասխանեց. «Կուզէի, բայց կըրնայ ըլլալ, որ խանգարեմ»: Ասացի. «Բնաւ չէք խանգարի» եւ Կոմիտասի սենեակի դուռը բանալով՝ ներս հրամցրի: Նրանք ծանօթացան եւ արարողապետը ոտքի վրայ դիտեց այդ սենեակում կախւած իմ նկարները: Սուրճ խմելուց յետոյ ինձ դարձաւ՝ «Չեմ համարձակւում, ապա թէ ոչ, պիտի խնդրէի Կոմիտաս էֆենդիին որեւէ մի բան նւագել կամ երգել»:

Կոմիտասը լսելով այդ կամացուկ եւ ֆրանսերէնով ասւած նախադասութիւնը, անմիջապէս գնաց պիանոյի մօտ եւ ինքն իրեն ակորդներ վերցնելով՝ երգեց Շուբերտից գերմաներէն մի երգ, անչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք: Նրա վերջացնելուց յետոյ էլ բաւական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիայի դիւանագէտը՝ ինքն իրեն չկարողանալով զսպել՝ ձեռքը սեղանին խփեց եւ ասաց. «Sapristi: (գրողը տանի) ութ հարիւր տարւայ պետութիւն ենք եւ ցարդ այսպիսի մի արւեստի եւ արւեստագէտների տաճար չունեցանք»:

Այդ սուլթանական գործեր վարող դիւանագէտը մեկնեց սրտմտած: Իսկ նրա մեկնելուց յետոյ՝ ես շնորհաւորեցի Կոմիտասին այդ յաղթանակի համար եւ վեր կացանք երկուսս միասին «Լաչիմ նանա» պարեցինք:

Այդ պարը նա սովորել էր Կոտայքի Ղըրխբուլաղ գիւղում՝ ճեմարանի աշակերտ եղած ժամանակ:

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶԵԱՆ
(Հայաստանի Ժողովրդական նկարիչ)

Առնչւող Յօդւածներ

Back to top button