Ռուբէն վարդապետ Զարգարեան. «Հասարակութեանն ատոմիզացրեցին, դարձրին յարաբերապաշտ»
Փորձ է արւում քանդել արժեհամակարգը. այսօր մենք նիհիլիզմի մէջ ենք.

«ԱԼԻՔ» – «Երբ գրերի գիւտը տեղի ունեցաւ, մինչ կը ստեղծէին ինքնուրոյն գրականութիւն, մեր նախնիներն անցան թարգմանական գրականութեանը: Եւ որպէսզի ուրիշի մտածողութիւնը, նւաճումները չբերւէին մեր իրականութիւն, ֆիլտր դրեցին, ու բերւեցին այն նւաճումները, որոնք համամարդկային էին, որոնք անհրաժեշտ էին մեր հասարակութեան, արժեհամակարգի ու պետականութեան համար: Մինչդեռ երկաթէ վարագոյրը քանդւելուց յետոյ այն ամէնը, ինչ այսօր գալիս է մեր երկիր, չի հանդիպել ֆիլտրի ու թափւել է աղբի պէս»,- 168.am-ի «Լաբորատորիա» հաղորդաշարի ժամանակ ասաց Հայր Ռուբէն վարդապետ Զարգարեանը՝ անդրադառնալով հասարակութեան ֆիլտրերին ու դիմադրողականութեանը:
Նրա խօսքով՝ այդ աղբը գալիս է գործիքներով, եւ եթէ ժամանակին դա հեռուստացոյցն էր, այսօր հեռախօսներն են, ու պարզապէս արգելելով դրանց կիրառութիւնը՝ մենք ոչ մի խնդիր չենք լուծի. մնում է կրթութիւնը:
«Ինֆորմացիոն անվտանգութեան կարելի է հասնել սոսկ կրթութեամբ»,- ասաց հոգեւոր հայրը՝ նշելով՝ սա գլոբալ, համաշխարհային խնդիր է:
Հայր Ռուբէնը նկատեց՝ ամէն մի փլուզում սկսւում է մարդկանց ներաշխարհի փլուզումից:
«Առաջին հերթին թիրախը մարդու ներաշխարհն է: Երբ նւաճւում է մարդու ներաշխարհը, դրանից յետոյ հեշտ է նրան կառավարել: Ես տեսել եմ՝ ինչպէս կաթիլ-կաթիլ հասարակութեանը մատակարարւեցին մշակութային, հոգեւոր, ժամանցային աղբ ու հոգեպիղծ արժէքներ: Իսկ սա չէր կարող հետագայում չունենալ իր հետեւանքները: Հասարակութեանն ատոմիզացրեցին, դարձրին յարաբերապաշտ: Մենք այսօր նիհիլիզմի մէջ ենք: Փորձ է արւում քանդել մեր արժեհամակարգը: Իհարկէ, մեր հաւատքն ու աւանդոյթներն այնքան խորն են, որ մենք իսկապէս կենսունակութիւն ունենք, բայց հինաւուրց ծառն ինչքա՞ն կը դիմանայ, եթէ այդ հարւածները շարունակւեն, չեմ կարող ասել»,- ասաց Ռուբէն վարդապետ Զարգարեանը: