Reuters. Եւրամիութիւնը մտադիր է առաջիկայ օրերին միասնական ճակատով հանդէս գալ ԱՄՆ-ի մաքսատուրքերի դէմ

«ԱԼԻՔ» – Եւրամիութեան երկրներն առաջիկայ օրերին կը փորձեն միասնական ճակատով հանդէս գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի դէմ եւ, ամենայն հաւանականութեամբ, կը հաստատեն նպատակաուղղւած հակաքայլերի առաջին փաթեթը մինչեւ 28 միլիարդ դոլարի ԱՄՆ ներմուծման դէմ՝ ատամնաթելից մինչեւ ադամանդ,- գրում է Reuters-ը։
Նման քայլը կը նշանակի, որ ԵՄ-ն կը միանայ Չինաստանին եւ Կանադային՝ ԱՄՆ-ի դէմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու հարցում, ինչը կը յանգեցնի գլոբալ առեւտրային պատերազմի վաղաժամ սրացմանը, որը կը թանկացնի ապրանքները միլիարդաւոր սպառողների համար եւ ամբողջ աշխարհի տնտեսութիւնները կը յանգեցնի ռեցեսիայի:
27 երկրների դաշինքին սպառնում են մեքենաների, պողպատի եւ ալիւմինի ներմուծման 25 տոկոս մաքսատուրքեր, ինչպէս նաեւ չորեքշաբթի օրւանից գրեթէ բոլոր այլ ապրանքների համար 20 տոկոս մաքսատուրքեր:
Թրամփի մաքսատուրքերը ծածկում են ԵՄ-ի ԱՄՆ արտահանման մօտ 70%-ը՝ ընդհանուր 532 միլիարդ եւրօ (585 միլիարդ դոլար), ընդորում, դեռեւս մաքսատուրքեր կը սահմանւեն պղնձի, դեղագործական արտադրանքի, կիսահաղորդիչների եւ փայտանիւթի վրայ:
Եւրայանձնաժողովը, որը համակարգում է ԵՄ առեւտրային քաղաքականութիւնը, երկուշաբթի ուշ երեկոյեան իր անդամներին կառաջարկի ամերիկեան ապրանքների ցուցակ, որոնց վրայ յաւելեալ մաքսատուրքեր կը դրւեն՝ ի պատասխան Թրամփի պողպատի եւ ալիւմինի նկատմամբ մաքսատուրքերի:
Ցուցակը կը ներառի ամերիկեան միս, ձաւարեղէն, գինի, փայտանիւթ եւ հագուստ, ինչպէս նաեւ մաստակ, ատամնաթել, փոշեկուլներ եւ զուգարանի թուղթ: Ապրանքներից մէկը, որն աւելի շատ ուշադրութիւն է գրաւել եւ ԵՄ-ում տարաձայնութիւններ առաջացրել, բուրբոնն է: Եւրայանձնաժողովը սահմանել է 50% մաքսատուրք, ինչը դրդել է Թրամփին սպառնալ 200% հակամաքսատուրք սահմանել ԵՄ ալկոհոլային խմիչքների վրայ, եթէ ԵՄ-ն դիմի այդ քայլին:
Գինի արտահանողներ Ֆրանսիան եւ Իտալիան մտահոգութիւն են յայտնել։ ԵՄ-ն, որի տնտեսութիւնը մեծապէս յենւում է ազատ առեւտրի վրայ, ցանկանում է լայն աջակցութիւն ապահովել ցանկացած պատասխանի համար, որպէսզի, ի վերջոյ, ճնշում գործադրի Թրամփի վրայ եւ ստիպի նրան բանակցութիւնների մէջ մտնել:
Երկուշաբթի օրը Լիւքսեմբուրգում կը կայանայ ԵՄ-ի մասշտաբով առաջին քաղաքական հանդիպումը այն բանից յետոյ, երբ Թրամփը յայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին, ԵՄ անդամ 27 երկրների առեւտրի համար պատասխանատու նախարարները կարծիքներ կը փոխանակեն դրա հետեւանքների եւ լաւագոյնս արձագանգելու մասին:
ԵՄ դիւանագէտները յայտարարել են, որ հանդիպման հիմնական նպատակը Վաշինգտոնի հետ մաքսատուրքերը դադարեցնելու նպատակով բանակցելու ցանկութեան միասնական ուղերձ հաղորդելն է, ինչպէս նաեւ հակաքայլերով պատասխանելու պատրաստակամութիւնը, եթէ դա չյաջողւի։
Սակայն ԵՄ անդամների շրջանում կան տարբեր կարծիքներ, թէ ինչպէս արձագանգել: Ֆրանսիան յայտարարել է, որ ԵՄ-ն պէտք է աշխատի միջոցառումների փաթեթի վրայ, որը գերազանցում է մաքսատուրքերի շրջանակը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնն առաջարկել է եւրոպական ընկերութիւններին դադարեցնել ներդրումները Միացեալ Նահանգներում, քանի դեռ «իրավիճակն աւելի պարզ չի դարձել»:
Իռլանդիան, որի արտահանման գրեթէ մէկ երրորդը գնում է Միացեալ Նահանգներ, կոչ է արել «կշռադատւած» պատասխան տալ, մինչդեռ Իտալիան՝ ԵՄ երրորդ խոշոր արտահանողն ԱՄՆ, հարցականի տակ է դրել, թէ արդեօք ԵՄ-ն ընդհանրապէս պէտք է պատասխան տայ: