Բաքւում պատանդառւած անձինք հեռախօսազրոյց են ունեցել հարազատների հետ

«ԱԼԻՔ» – Բաքւում կեղծ մեղադրանքներով պահւող պատանդառւած անձինք, «Փաստինֆօ»-ի տեղեկութիւններով, երէկ՝ յունւարի 29-ին, հնարաւորութիւն են ունեցել հեռախօսազրոյց ունենալ իրենց հարազատների հետ։ Սա առաջին հեռախօսակապն է եղել նրանց նկատմամբ Բաքւի դատարանում մեկնարկած դատական նիստերից յետոյ։
Հեռախօսազրոյցը միակ կապի միջոցն է, որի ժամանակ հարազատները լսում են պատանդառւած անձանց ձայնը։
Յիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ շինծու գործերով դատական նիստերը մեկնարկել են յունւարի 17-ին, դրանց ընթացքի մասին տեղեկատւութեան միակ աղբիւրը ադրբեջանական լրահոսն է, որն էլ բաւարար է արձանագրելու համատարած խախտումներն անգամ դատարանում։ Անգամ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկութեան համաձայն՝ պատանդառւած անձանց բաւարար ժամանակ չի տրամադրւել ծանօթանալու իրենց ներկայացւած, այսպէս կոչւած, մեղադրանքներին։
Խախտումների մասին բարձրաձայնելու մասնակի հնարաւորութիւն ունի Ռուբէն Վարդանեանը, որը շահերը դատարանում փորձում են ներկայացնել ընտանիքի կողմից հրաւիրւած միջազգային փաստաբանները։