Ալեքսանդր Իսկանդարեան. «Ադրբեջանը ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Իրանին ընկալում է որպէս սպառնալիք»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը ընկալւում են որպէս սպառնալիք, այդ իսկ պատճառով Բաքուն զգուշանում է Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ ռազմավարական համաձայնագրից»։ Այս մասին News.am-ի «Ուժի գործօն» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը։
«Ղարաբաղեան պատերազմի արդիւնքում Ադրբեջանն իրեն շատ աւելի ունակ է զգում անկախ գործողութիւնների կատարման հարցում, քան նախկինում։ 10 տարի առաջ Պուտինը մէկ հեռախօսազանգով կարող էր դադարեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած հակամարտութիւն։ Այժմ Ալիեւը նաեւ Անկարայի հեռախօսահամար ունի։ Բացի այդ, Իրանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը չի բարելաււում, եւ Ադրբեջանը նոյնպէս կարող է դա օգտագործել՝ իրեն աւելի ազատ զգալու համար»,- նշել է նա։
Ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների վերջին սրումը, ըստ նրա, կապւած է նաեւ այն բանի հետ, որ Ադրբեջանը զգում է, որ հնարաւորութիւնների շրջանակը կարելի է ընդլայնել եւ ընդլայնում է։
«Երբ 2020 թւականին Ադրբեջանը խոցեց ռուսական ուղղաթիռը, Բաքուն անմիջապէս արեց այն ամէնը, ինչ պահանջւում էր, քանի որ ուկրաինական պատերազմ չկար, եւ Ադրբեջանն իր համար հնարաւոր չէր համարում որեւէ այլ բան անելը։ Անցաւ բաւական ժամանակ, եւ Ռուսաստանը դադարեց լինել Հարաւային Կովկասի գերիշխանը 44-օրեայ պատերազմի հետեւանքով, որից յետոյ Ադրբեջանը թոյլ տւեց Թուրքիային տարածաշրջան մտնել։ Սա յանգեցրեց նրան, որ Բաքւի հնարաւորութիւնների պատուհանն ընդլայնւեց:
Ինքնաթիռի հետ կապւած միջաէպը Ալիեւի համար հնարաւորութիւն է ցոյց տալու, որ Ադրբեջանն այլ կերպ վարւելու կարողութիւն ունի։
Ընդորում, Ռուսաստանն ու Ադրբեջանը այսօր աւելի ընդհանուր շահեր ունեն, քան մինչեւ 2020 թւականը եւ 2022 թւականից յետոյ, իսկ Ադրբեջանն աւելի մեծ արժէք ունի Ռուսաստանի համար, քան Հայաստանը»,- յաւելել է փորձագէտը։