Իւրի Լիամին. «Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ ծանր»
«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Իւրի Լիամինը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Փորձագէտի կարծիքով՝ Սիրիայում իրավիճակը շարունակում է բաւականին ծանր մնալ։
«Այնտեղ հնարաւոր եղաւ խուսափել ամենածանր սցենարով իրադարձութիւնների զարգացումից՝ ամբողջ պաշտպանութեան փլուզմամբ, բայց իրավիճակը, միեւնոյն է, մնում է բաւականին ծանր։ Գրոհայիններին յաջողւել է գրաւել զգալի մասը, այժմ նրանց վերահսկողութեան տակ է գտնւում գրեթէ ողջ Հալէպը, նրանք շարունակում են փորձել առաջ անցնել, մարտերը ընթանում են Համա նահանգի հիւսիսում։ Սիրիայի կառավարական զօրքերի համար այժմ շատ կարեւոր է պահել հէնց Համա քաղաքը, քանի որ այն առանցքային նշանակութիւն ունի: Եթէ նրանց յաջողւի պահել Համա քաղաքը եւ զինեալներին հետ շպրտել Իդլիբ, ապա յետոյ արդէն հնարաւոր կը լինի սկսել վերականգնել ամէն ինչ, անցնել հակայարձակման, բայց առայժմ հակառակորդը շատ ակտիւ ճնշում է գործադրում Համայի վրայ, այդ պատճառով իրավիճակը մնում է ծանր»,- ասել է Լիամինը։
Նրա խօսքով՝ նոյնիսկ եթէ հիմա Իրանը սկսել է մատակարարել զէնք-զինամթերք, ժամանակ է պէտք, որ համալրումներն այնտեղ հասնեն։
«Դա այնքան էլ հեշտ չէ, այդ ամէնն ակնթարթօրէն չի արւում, ուստի այժմ կարեւոր պահ է, թէ ինչքանով իրավիճակը կը կայունանայ առաջիկայ օրերին։ Եթէ հակառակորդը, գրոհայիններն այժմ կանգնեցւեն, ապա տեսանելի ապագայում արդէն հնարաւոր կը լինի խօսել բաւական ակտիւ հակայարձակման հնարաւորութեան մասին։ Գլխաւորն այն է, որ թոյլ չտան հետագայ արագ առաջխաղացումները։ Գրոհայիններին յաջողւել է շատ կարճ ժամանակում փլուզել ճակատը Հալէպում, դրա պատճառով էլ իրավիճակն այնտեղ գնաց ծանր սցենարով, որից հիմա պարզապէս պէտք է դուրս գալ»,- եզրափակել է Լիամինը։