Թրամփ. «Եթէ մաքսատուրքերն ի վիճակի են «սպանել» Կանադայի տնտեսութիւնը, ուրեմն գուցէ Կանադան դառնայ ԱՄՆ 51-րդ նահանգը»
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոյի հետ անցեալ շաբաթ անցկացւած զրոյցում առաջարկել է, որ եթէ Միացեալ Նահագների մաքսատուրքերն առեւտրի եւ ներգաղթի խնդիրները չլուծելու համար ի վիճակի են սպանել Կանադայի տնտեսութիւնը, ուրեմն գուցէ այն դառնայ ԱՄՆ 51-րդ նահանգը: Իր աղբիւրներին վկայակոչելով՝ յայտնել է Fox News-ը։
Կանադական ապրանքների վրայ հսկայական մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքից յետոյ անցեալ ուրբաթ Թրիւդոն չյայտարարւած այցով մեկնեց Մար-ա-Լագօ: Մասնաւորապէս, Թրամփը սպառնում է Կանադայի եւ Մեքսիկայի նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել՝ այդ երկրներից ԱՄՆ անօրինական ներգաղթեալների եւ թմրանիւթերի հոսքը զսպելու անկարողութեան պատճառով:
Այժմ նոր մանրամասներ են սկսում ի յայտ գալ երկու քաղաքական այրերի հանդիպման մասին, որը Թրամփը «բաւական արդիւնաւէտ» է որակել։
Նախքան խեցգետնի կոկտէյլներին ու ոստրեներին անցնելը, երկու պետութիւնների ղեկավարների հանդիպման ժամանակ առաջին պլան են եկել մաքսատուրքերը, սահմանների անվտանգութիւնն ու առեւտրի հաշւեկշռի դեֆիցիտը։
Ըստ քննարկմանը ներկայ եղած երկու մարդկանց, Թրամփը, թէեւ ջերմ եւ բարեհամբոյր էր, սակայն շատ ուղղախօս էր, երբ խօսքը վերաբերում էր նրան՝ թէ ինչ է ուզում հիւսիսի իր հարեւանը:
Թրամփը Թրիւդոյի հետ զրոյցում յայտարարել է, որ Կանադան խաբել է ամերիկեան սահմանապահներին՝ հնարաւորոթիւն ընձեռելով մեծ քանակութեամբ թմրանիւթեր եւ մարդկանց, դրանց թւում՝ աւելի քան 70 տարբեր երկրներից ապօրինի ներգաղթեալների թափանցման համար:
Աղբիւրները նշում են, որ Թրամփն աւելի աշխոյժ է դարձել, երբ խօսքը վերաբերւել է Կանադայի հետ ԱՄՆ-ի՝ աւելի քան 100 միլիարդ դոլար գնահատւող առեւտրային հաշւեկշռի դեֆիցիտի թեմային:
Թրամփը Թրիւդոյին յայտարարել է, որ եթէ Կանադան չկարողանայ լուծել իր սահմանային եւ առեւտրային դեֆիցիտի խնդիրները, ինքը կանադական բոլոր ապրանքների վրայ իր պաշտօնավարման առաջին իսկ օրը 25 տոկոս մաքսատուրք կը սահմանի։
«Թրիւդոն Թրամփին պատասխանել է, որ ինքը չի կարող մաքսատուրքեր սահմանել, քանի որ այն ամբողջութեամբ կը սպանի Կանադայի տնտեսութիւնը։ Թրամփն արձագանգել է՝ ասելով. «Ուրեմն ձեր երկիրը չի կարող գոյատեւել, քանի դեռ ԱՄՆ-ից 100 միլիարդ դոլար այն չի՞ կորզել»:
«Այնուհետեւ Թրամփն Թրիւդոյին առաջարկել է Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը՝ առաջացնելով հանդիպման ժամանակ Կանադայի վարչապետի եւ միւսների նեարդային ծիծաղը»,-Fox News-ին յայտնել են աղբիւրները: