«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների համատեղ յայտարարութիւնը
Հայաստանի Հանրապետութիւնում ակնյայտ է Մարդու իրաւունքների ոտնահարումն ու ժողովրդավարութեան յետընթացը: Հայաստանի գործող իշխանութիւնը միջազգային հանրութեան առջեւ ձեւացնում է ժողովրդավարութեան առաջընթաց, մինչդեռ կոպտօրէն խախտում է Մարդու իրաւունքները եւ հիմնարար ազատութիւնները։
Հակառակ իշխանութեան փորձերի, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարութեան անկումը կառավարութեան կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտօնանկ անելու արդէն մի քանի տարի շարունակւող միտումների, եւ իշխող կուսակցութեան ֆինանսական միջոցների թափանցիկութեան պակասի պատճառով: Իշխանութիւնների կողմից լայն թափ են ստացել ազատ խօսքի եւ հաւաքների ազատութեան նկատմամբ ոտնձգութիւնները: Թէեւ Հայաստանի օրէնսդրութիւնը կալանքը դիտում է, որպէս խափանման ծայրայեղ միջոց եւ նախապատւութիւն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածւած պրակտիկան եւ կիրառւում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։
Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախօսներին շինծու քրէական գործերի յարուցմամբ հետապնդելը, ընդդիմախօսների նկատմամբ հնարաւոր միջոցներով քաղաքական հաշւեյարդարներ տեսնելը դարձել են այս իշխանութեան գործելաոճն ու այցեքարտը։
Շինծու մեղադրանքներով տեւական ժամանակ անազատութեան մէջ էին ընդդիմադիր պատգամաւորներ, պատգամաւորութեան ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցութեան ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ եւ հանրային տասնեակ գործիչներ:
Հարիւրաւոր անձինք ապօրինաբար ձերբակալւել, միայն ոստիկանների ցուցմունքներով տեւական ժամանակ անազատութեան մէջ են պահւել իրենց ընդդիմադիր գործունէութեան համար:
Տասնեակ քրէական գործերով մեղադրանքներ են առաջադրւած կամ հետապնդման են ենթարկւում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհւած զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանութեանը:
Կիրառելով Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները յստակ է, որ ինչպէս վերը նշւած բազմաթիւ դէպքերում, այնպէս էլ ներկայումս անազատութեան մէջ գտնւող շատ անձինք քաղաքական բանտարկեալներ են:
Մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան մասին խօսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծութեան դէմ պայքարի միջոց է կիրառւում կալանքը, ինչպէս նաեւ նախաքննութեամբ եւ դատական քննութեամբ դրսեւորած ռեպրեսիւ վերաբերմունքը, որն առանձին դէպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրեալ» հանրային գործիչների մահւան:
Հասարակական եւ քաղաքական գործիչների հանդէպ նման վերաբերմունքը հետապնդում է մէկ նպատակ՝ ստեղծել խօսքի ազատութեան խոչընդոտման միջավայր եւ մթնոլորտ։
Ելնելով վերոգրեալից հրաւիրում ենք Մարդու իրաւունքներով զբաղւող միջազգային կազմակերպութիւնների ուշադրութիւնը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարութեան եւ Մարդու իրաւունքների ոտնահարման աղաղակող դէպքերի վրայ: Կոչ ենք անում Եւրոխորհրդին խստօրէն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարութեան շարունակական յետընթացը եւ Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների կոպիտ խախտումները:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութիւն
16.04.2024 թ.