Բագրատ արք. Գալստանեան․ «Մեր սնունդը յանձնելը չէ, յանձնւելը չէ, Մեր սնունդը մեր պայքարն է»
Բագրատ արք. Գալստանեան․ «Մեր սնունդը յանձնելը չէ, յանձնւելը չէ, Մեր սնունդը մեր պայքարն է»
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի ուղերձը՝ Հայոց Բանակի սպաներին, զինւորներին եւ իւրաքանչիւր հայի․
«Ես չեմ ուզենայ, որ մենք երբեւէ լսենք․ «Ով փախաւ՝ հերոս է»…
«Բանակի մասին խօսելիս մենք իրաւունք չունենք միայն յիշատակով խօսելու, անցեալի յղումով խօսելու։ Ես մաղթում եմ, որ մեր բանակի այսօրւայ ուրացւած եւ դաւաճանւած ժամանակները շուտափոյթ չքւեն մեր երկրից եւ մեր կեանքից։
Մեր բանակը մեր զաւակն է, որքան էլ այն խոցւած լինի, որքան էլ այն վիրաւորւած լինի, որքան էլ այն ուրացւած լինի, որքան էլ փորձեն այն անպատւած տեսնել, որքան էլ փորձեն այն կրճատւած տեսնել։
Ժամանակին մեր հերոսներն ասում էին․ «Ով զարկւեց՝ դաւաճան է»։ Ես չեմ ուզենայ, որ մենք երբեւէ լսենք․ «Ով փախաւ՝ հերոս է»»։
Սպաներին եւ զինւորներին… Ձեզանից սխրանքն են ուզում գողանալ, դաձնել համազգեստով կաղապարներ…
«Սիրելի՛ սպաներ եւ զինւորներ, ես գիտեմ ձեր ապրումները (եթէ ոչ բոլորի, գոնէ մեծ մասի), գիտեմ ձեր զգացումները, գիտեմ ձեր բոլոր մտածումները, մտահոգութիւններն ու ցաւերը, որոնք կապւած չեն ձեր անձերի հետ, դրանք կապւած են մեր այսօրւայ իրականութեան հետ՝ անպատւութեան եւ գողացւած ուրախութեան ժամանակների հետ։
Դուք կոչւած էք սխրանքի։ Ձեզանից այդ սխրանքն են փորձում գողանալ, ուզում են այդ սխրանքը ձեր մէջ սպանել՝ դարձնելով համազգեստով գեղեցիկ մարդիկ, պատեաններ, կաղապարներ, որոնք կեանքում ոչ մի բանի ընդունակ չեն, բացի մսխելը, բացի սին փառք ստանալը, բացի պարապ պատիւ ընծայելը։ Դուք այդպիսին չէք, բայց ուզում են մեր մտքերում ձեզ այդպիսին դարձնել։ Վստահ եմ՝ դուք մտածում էք սխրանքի մասին, հերոսութեան մասին, մեր նահատակ զաւակներին պարտքը վերադարձնելու մասին, ձեր ընկերների, եղբայրների կիսատ թողնւած երազների վերականգնման մասին։ Ծայրից ծայր մեր կեանքի պատմութիւնը սա պիտի լինի։
Սիրելի՛ զինւորներ, դիմում ու խնդրում եմ ձեզ, առաջին հերթին հետեւէք ձեր կարգապահութեանը, ամէն օր մտածէք Հայրենիքի մասին։ Փողոցը, աղբը, կեղտը չբերէք բանակ։ Եթէ ունէք այդպիսի մեծ մեղք, այն թողէք դրսում։ Այստեղից ձեզ հետ տարէք յաղթանակը, մաքրութիւնը, սէրը, ընկերութիւնը, եղբայրութիւնը, կարգապահութիւնը, հայ լինելու ճշմարիտ պատիւը, որն այսօր մթագնած է։
Իրար կեանք չխլէ՛ք։ Թշնամին արդէն կոչւած է մեր կեանքը խլելու, եւ առաջին հերթին ձե՛ր կեանքը, որ սահմանագծի եզերքով էք։
Մեր բանակի ճանապարհը արիւնի, քրտինքի եւ յաղթանակի ճանապարհ է։ Թոյլ չտաք, որ այն ձեզանից, մեզանից գողանան»։
Արցախատեացը ԱՐԻՒՆԱՏԵԱՑ է…
Այսօր մենք կորսւած Հայրենիքի՝ մեր կորսւած Արցախ աշխարհի իրականութեան մէջ ենք ապրում։ Չկայ Արցախը՝ արժէք չունի Հայաստանը։ Գոյութիւն չունի Արցախը՝ գոյութիւն չունի Հայաստանը։ Այն միայն հող չէ մեզ համար․ պարզապէս հողակտոր չէ, որի վրայ մենք կարող էինք ապրել։ Այն մեզ համար Սարգիսի, Գարիկի, Արտակի, Արմանի, Մհերի, Գրիշայի եւ մեր բազմահազար եղբայրների, զաւակների, հայրերի արիւնն է, մեր սրբարաններն են, մեր ինքնութինն է, մեր պատիւն է։
Մենք չենք կարող արցախատեաց դառնալ, մենք չենք կարող լռել դրա մասին, մենք չենք կարող դրա կողքով անցնել, ասել՝ մենք Բերդաւանում ենք, Կոթիում ենք, Ոսկեվանում ենք, Իջեւանում ենք, Աբովեանում ենք։ Մենք չենք կարող դառնալ այդպիսին։ Արցախատեացը ԱՐԻՒՆԱՏԵԱՑ է հարազատի, զաւակի, հօր, մօր, քրոջ, եղբօր, ինքնութեան, անցեալի, ներկայի եւ գոյութիւն չունեցող ապագայի»։
ՊԱՅՔԱՐՈՎ է լինում ամէն ինչ, որի վերջնահանգրւանը պէտք է լինի ՅԱՂԹԱՆԱԿԸ…
Բացէ՛ք ձեր սրտերն ու աչքերը, սիրելի՛ ժողովուրդ։ Թոյլ մի՛ տւէք անզօրութեան, տկարութեան, խեղճութեան, յանձնւելու, ուրանալու ախտը, որ երբեք չի եղել մեր կեանքում, այսօր դառնայ սովորական ուղեկից, ընկեր, տան անդամ, ուղղակի սեղանի հաց, աղբիւրի ջուր։
Մեր սնունդը ուրիշ բան է։ Մեր սնունդը յանձնելը չէ, յանձնւելը չէ, ո՛չ։ Մեր սնունդը մեր ՊԱՅՔԱՐՆ է։ Ամէն մարդ պայքարով է ծնւում, պայքարով է աշխարհ գալիս, ծնունդը չի՛ լինում առանց պայքար, չի՛ լինում։ Կեանքը չի՛ լինում առանց պայքար։ Ձեր տները չեն կառուցւում, ձեր այգիները չեն մշակւում իրենք իրենց, ընտանիքը չի՛ մեծանում հէնց այնպէս։ ՊԱՅՔԱՐՈՎ է լինում ամէն ինչ, որի վերջնահանգրւանը պէտք է լինի ՅԱՂԹԱՆԱԿԸ։
Երբ մեր տղէրքը բանակ են գնում, ես խաղաղութիւն չեմ մաղթում։ Ես իրենց պատւով եւ յաղթանակած ծառայութիւն եմ մաղթում։ Կեղծ բան է մուրացիկ խաղաղութիւնը, ծնկած, ստորացած խաղաղութիւնը կեղծ բան է։ Չի՛ կարող մարդու կեանքում լինել խաղաղութիւն առանց յաղթանակի։
Մենք ՅԱՂԹԱՆԱԿԻ ենք ԾԱՐԱՒ։ Մեր բանակը յաղթանակի է ծարաւ։ Մենք երազ ու Հայրենիք վերադարձնելու կոչումին ենք ծարաւ։
Զինւորական կանայք…
Յատկապէս մեր զինւորական կանանց եմ ուզում մեր գնահատանքը յայտնել։ Մեր քաջալերանքը, սէրը, գնահատանքը ձեզ։ Փաստօրէն, պարզւում է, որ կանայք ծառայում են բանակում։ Մեզ էլ ասում էին, որ չկան։
Չե՛մ լռելու յանուն քեզ, Հայաստան, եւ չե՛մ ներելու յանուն քեզ, Արցախ…
Խօսքս ուզում եմ ամփոփել Եսայի մարգարէի խօսքով, որն ամենօրեայ աղօթքի պէս է՝ չե՛մ լռելու յանուն քեզ, Հայաստան, եւ չե՛մ ներելու յանուն քեզ, Արցախ։ Աստւած օրհնի բոլորիդ»։