ՀԺՄ. «Վե՛րջ տւէք երկակի ստանդարտների պրակտիկային»
«ԱԼԻՔ» – Մայիսի 13-ին Երեւանում տեղի ունեցած անհնազանդութեան ակցիաների ժամանակ, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդէպ ՀՀ ոստիկանութեան ուժերի կողմից բռնութիւն կիրառելու փաստի առիթով Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ.
«Այսօր (մայիսի 13) «Տաւուշը յանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի կոչով խաղաղ անհնազանդութեան ակցիաներ իրականացնող քաղաքացիների եւ ոչ միայն նրանց նկատմամբ ոստիկանութիւնն աննախադէպ բիրտ ուժ է կիրառել: Անգամ մայթերից են մարդիկ բերման ենթարկւել:
Հերթական անգամ ոստիկանութիւնը չի խորշել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդէպ բռնութիւն կիրառել:
Այսպէս՝ ABC Media-ի օպերատոր Մհեր Դաւթեանին ոստիկանութեան աշխատակիցներից մէկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու՝ հեռացել է, իսկ Թումանեան փողոցում ոստիկանութեան յատուկ դասակի մի քանի ծառայողներ (կարմիր բերետաւորներ), ինչպէս նաեւ պարեկային ծառայութեան մի ոստիկան բռնութիւն են գործադրել 24News.am-ի լրագրող Մերի Մանուկեանի նկատմամբ, ինչի հետեւանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխւել հիւանդանոց։
Բնականաբար, Քննչական կոմիտէն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենեակում գործող լրատւամիջոցի ու առհասարակ իշխանամէտ լրատւամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անյապաղ քրէական վարոյթներ է յարուցում, որեւէ հաղորդագրութիւն նշւած դէպքերի վերաբերեալ չի տարածել:
Յատկանշական է, որ 24News.am-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիր բերետաւորների յարձակման՝ ուղղորդւած լինելու վերաբերեալ, ինչի մասին արել են հրապարակային յայտարարութիւն:
Հայաստանի ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործութեան բոլոր փորձերը, ՆԳՆ ղեկավարութեանը յորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտէին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային:
Լրագրողը ցանկացած իրավիճակում պէտք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանութիւնը պէտք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունէութեան անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առաւել եւս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու:
Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը նաեւ խստագոյնս դատապարտում է ատելութեան խօսքի բոլոր տեսակի դրսեւորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում եւ իրենց ելոյթներում դրսեւորւող դատապարտելի այդ խօսոյթից, թիրախաւորումներից:
Միջազգային լրագրողական ու իրաւապաշտպան կառոյցներին ու կազմակերպութիւններին յորդորում ենք ուշադրութեան կենտրոնում պահել լրագրողների հանդէպ ոստիկանների կողմից դրսեւորւող վարքագիծը եւ տալ առարկայական գնահատականներ»,- ասւած է ՀԺՄ տարածած յայտարարութիւնում: