Իրանում ՀՀ դեսպանը Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւորներին է ներկայացրել TRIPP-ի վերջին զարգացումները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Յակոբեանը Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամութեան պատգամաւորական խմբի ղեկավարի եւ անդամների հետ խօսել է տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին, որի համատեքստում նրանց է ներկայացրել TRIPP-ի շուրջ ձեռք բերւած վերջին պայմանաւորւածութիւններն ու հիմնական սկզբունքները։
Տեղեկութիւնը յայտնում է Իրանում ՀՀ դեսպանութեան մամուլի ծառայութիւնը։
Նշւում է, որ հանդիպմանը մասնակցել են Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավար դկտր. Արա Շահվերդեանը, խմբի անդամներ՝ դկտր. Գեղարդ Մանսուրեանը, Սէյէդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմին եւ Սէյէդ Մոհամմադ Ջամալիանը:
Դեսպանատնից նշում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ Հայաստանի եւ Իրանի օրէնսդիր մարմինների փոխգործակցութեանը, գործող բարեկամութեան խմբերի միջեւ շփումներն առաւել ակտիւացնելու քայլերին:
Գ. Յակոբեանն ԻԻՀ պատգամաւորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ յարաբերութիւնների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ յարգանքի եւ վստահութեան մթնոլորտում յարաբերութիւններն առաւել խորացնելու պատրաստակամութիւնը:



