ԻրանՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. Իրանը կարեւորում է Մերձաւոր Արեւելքում միջուկային զէնքերից ազատ գօտու ստեղծումը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամհոսէյն Դարզին յայտարարել է, որ Իսլ. Հանրապետութիւնը մեծ կարեւորութիւն է տալիս Մերձաւոր Արեւելքում միջուկային զէնքերից եւ զանգւածային ոչնչացման այլ զէնքերից ազատ գօտու ստեղծման գաղափարին, այդ գործընթացի հիմնական խոչընդոտը համարելով Իսրայէլի միջուկային զինանոցը։

Այսօր՝ երեքշաբթի, նոյեմբերի 24-ին, Մերձաւոր Արեւելքում միջուկային զէնքերից եւ զանգւածային ոչնչացման այլ միջոցներից ազատ գօտու ստեղծմանը նւիրւած համաժողովի 7-րդ նիստում, իր ելոյթում Դարզին յիշեցրել է, որ Իրանը դեռեւս 1974 թւականին է առաջին անգամ առաջարկել տարածաշրջանում միջուկային զէնքերից ազատ գօտի ստեղծելու նախաձեռնութիւնը, սակայն 52 տարի անց, դեռ այդ նպատակը իրականացումից հեռու է Իսրայէլի պատճառով։

Իրանցի դիւանագէտի խօսքով հիմնական խոչընդոտը Իսրայէլի հրաժարումն է միջուկային զէնքերից հրաժարւելուց, Միջուկային զէնքի չտարածման պայմանագրին (NPT) որպէս ոչ միջուկային պետութիւն միանալուց եւ իր բոլոր միջուկային կառոյցները Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) համապարփակ վերահսկողութեան տակ դնելուց։ Նա նաեւ քննադատել է այս հարցում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի անվերապահ քաղաքական աջակցութիւնն Իսրայէլին։

Դարզին իր ելոյթում անդրադարձել է նաեւ Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յարձակումներին դրանք որակելով միջազգային իրաւունքի եւ միջուկային զէնքի չտարածման միջազգային համակարգի սկզբունքների խախտում։ Նա կոչ է արել համաժողովին յստակօրէն դատապարտել նման գործողութիւնները եւ կանխել տարածաշրջանում միջուկային սպառնալիքների տարածումը։

Իրանի ներկայացուցիչը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամութիւնը իրաւաբանօրէն պարտադիր համաձայնագրի մշակման նպատակով կառուցողական մասնակցութիւն ունենալու բանակցութիւններին։ Նա ընդգծել է, որ գործընթացը պէտք է ընթանայ ՄԱԿ-ի կանոնակարգին համաձայն եւ  պետութիւնների մասնակցութեան եւ համաձայնութեան սկզբունքների հիման վրայ։

Related Articles

Back to top button