Ռոբերտ Քոչարեան. «Այն, որ Սիւնիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապւած է Իրանի դիրքորոշման հետ»
Պարտադիր չէ թռնես Արեւմուտքի կամ որեւէ մէկի գրպանը \ Մեր դաշինքը ծանրակշիռ մասնակցութիւն է ունենալու բոլոր գործընթացներում

«ԱԼԻՔ» – Երէկ՝ փետրւարի 17-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը հրաւիրել էր մամլոյ ասուսլիս, որի ընթացքում անդրադարձել է հանրութեանը յուզող ներքաղաքական, տարածաշրջանային եւ միջազգային հարցերին:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցում արծարծւած հիմնական թեմաները եւ թէզերը՝ համառօտ:
Խօսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխօսեմ
Կարծիք էր հնչում բաւական յաճախ, որ իմ ակտիւութիւնը եւ մամուլի ասուլիսները, մի գուցէ, ինչ-որ տեղ իմ գոյութիւնը՝ խանգարում է կայանալ ուրիշ մարդկանց քաղաքական դաշտում:
Որոշեցի այդ հնարաւորութիւնը տալ ուրիշներին՝ կայանալ, դրսեւորւել, բայց ի՞նչ եղաւ. ես չէի խօսում՝ իմ մասին խօսում էին, նոյնիսկ իմ ստւերի մասին էին խօսում: Խօսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխօսեմ:
«Ոչմիթիզական Ռեմբօն» դարձաւ «աշխարհաքաղաքական Գիքոր»
Յայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Իսկ եթէ «Արցախը Հայաստան է եւ վերջ», ապա ինչի մասին ընդհանրապէս կարող ենք բանակցել։ Սա, ըստ էութեան, կոչ էր պատերազմի, այս մօտեցումը անխուսափելիօրէն բերեց պատերազմ եւ այն տպաւորութիւնն էր, որ այդ ընթացքում ինքը ամենից «ոչմիթիզական» ղեկավարն էր Հայաստանի պատմութեան մէջ, որովհետեւ իսկապէս 2018 թւականից մինչեւ 2020 թւականը Հայաստանի առաջին դէմքը երեւակայեց, որ ինքը «Կովկասեան Ռեմբօ» է եւ կարող է անել այն ինչ ինքը ուզում է։ Պատերազմում պարտւելուց յետոյ «ոչմիթիզական Ռեմբօն» դարձաւ «աշխարհաքաղաքական Գիքոր»:
Սա, կոպիտ ասած, «Գիքորստան» է կառուցում
Բաւական պրոբլեմային է, բայց մենք ունենք այսօր իշխանութիւն, որը կամ չի հասկանում կամ չի ուզում հասկանալ իրավիճակի բարդութիւնը:
Հիմա դուք ասում էք՝ եթէ դուք լինէիք, դուք ինչ կանէիք։ Ես անցած մամուլի ասուլիսի ժամանակ այդ կոնտեքստով շարադրել եմ, թէ ինչ է պէտք անել։ Մեկ ամիս յետոյ այս իշխանութիւնը արեց ճիշտ հակառակը։ Ես ասում էի մամուլի ասուլիսի ժամանակ, որ կատեգորիկ չի կարելի ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Մէկ ամիս յետոյ Ղարաբաղը ճանաչւեց Ադրբեջանի կազմում։ Ես ասում էի, որ կորցնելու ենք Ղարաբաղը, եթէ այդ քայլը արւի, մենք կորցրեցինք Ղարաբաղը։ Հիմա ես միշտ մտածում եմ՝ ինչ ասեմ հակառակն են անելու:
Հիմա շատ բան չի փոխւել, առաջին հերթին պէտք է փորձել կոնսոլիդացնել հանրութիւնը այստեղ։ Իրենք ճիշտ հակառակն են, անում եւ անելու են, բաժանել։ Պէտք է լրջօրէն զբաղւել բանակաշինութեամբ։ Այսօր բանակի ռեֆորմներ ուղղակի չկան, կենացներ են։ Այն, ինչ որ արւում է բարեփոխումների անւան տակ, կապ չունի բարի նպատակների հետ։
Բանակաշինութիւն եւ ուժեղ տնտեսութիւն. այս երեք կոմպոնենտը միասին պէտք է լինի։ Եթէ միասին լինի, ուրեմն քո հետ հաշւի են նստելու, այ այն վիճակը, որ այսօր կայ, սա կոպիտ ասած «Գիքորստան» ես կառուցում։ Հաշւի չեն նստելու քո հետ։ Բայց վախենալով եմ սա ասում, որովհետեւ այսպէս նայելու են ճիշտ հակառակը անեն:
Հմուտ նաւապետը փոթորիկի ժամանակ իր փոքրիկ նաւը չի հանում ովկիանոս
Հայաստանն այսօր ասում է՝ ես փոխում եմ իմ աշխարհաքաղաքական վեկտորը, եւ մտածում է, որ սա ճիշտ պահն է։ Ես պնդում եմ, որ սա ամենավտանգաւոր պահն է նման կարգի քայլերի համար։ Մենք փորձում ենք մեր ուղղւածութիւնը, աշխարհաքաղաքական վեկտորը փոխել դէպի այն կենտրոն, որը ակնյայտ թուլանում է եւ հեռանում ենք այն կենտրոնից, որը ուժեղանում է։ Թէ ինչ տրամաբանութիւն է այստեղ աշխատում, ես չգիտեմ:
Պարտադիր չէ թռնես Արեւմուտքի կամ որեւէ մէկի գրպանը
Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամէն ինչ մոռանալ, այդպէս միջազգային յարաբերութիւններ չեն լինում, բայց մի բան շեշտակի փոխւում է. վերջին տարիների ընթացքում կոմպլեմենտարութեան կորիդորը շատ նեղացել է:
Հիմա այդ կոմպլեմենտարութեան կորիդորը մի քիչ ընդլայնւելու է. իմ տպաւորութեամբ, մենք չպէտք է սեւ ու սպիտակով նայենք այս պրոցեսին: Եթէ Թրամփը յայտարարում է, որ սխալ էր Ռուսաստանին G8-ից հեռացնելը, ՌԴ-ն պէտք է հետ գայ միջազգային յարաբերութիւնների այդ մակարդակին, սա նշանակում է, որ ամբողջութեամբ նոր հնարաւորութիւններ են բացւում նաեւ Հայաստանի համար արտաքին քաղաքականութիւնը վարելու համար: Պարտադիր չէ թռնես Արեւմուտքի կամ որեւէ մէկի գրպանը, դու կարող ես որպէս «պորտնեոր» ճիշտ քաղաքականութիւն վարելով ՌԴ-ի հետ չթշնամանալ Արեւմուտքի հետ: Այդ պատուհանը բացւում է: Բայց ՀՀ այս վարչակազմը արդէն այդ մակարդակով ինքն իրեն թշնամացրել է Ռուսաստանի հետ, եւ ամէն ինչ արել է, որ այդ վերաբերմունքը տարածւի նաեւ ՌԴ-ի վրայ որպէս երկիր:
Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լաւը չի, որովհետեւ մենք գործում էինք սխալներ եւ մեր բնաւորութեամբ փորձում էինք այդ սխալը գցել Ռուսաստանի վրայ: Սա անհետք չի անցնելու:
ԵՄ-ն ստիպւած է լինելու բարեփոխւել
Առաջնորդութեան, իմաստային եւ տնտեսական ճգնաժամ է։ Եւրոպական պրոյեկտն այսօր իսկապէս ճգնաժամի մէջ է եւ ամենից լաւ հասկանալու համար լսէք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելոյթը Միւնխէնում, աւելի լաւ ես չեմ կարող ասել, իրավիճակը ներսից նա կարող է աւելի լաւ գնահատել։ Լսէք ԱՄՆ փոխնախագահի ելոյթը Միւնխէնի կոնֆերանսում։ Փայլուն ելոյթ էր եւ դահլիճում այն սառած դէմքերը, որոնք մտածում էին, թէ ինչ է ասում։
ԵՄ-ն չի փլուզւելու, բայց ստիպւած են լինելու բարեփոխւելու եւ առաջին հերթին սառեցնելու են անդամակցելու գործընթացները։ Հիմա ինչ են անում ՀՀ-ում՝ գնում են մի տեղ, որտեղ իրենց չեն սպասում, մի տեղ, որտեղ արդէն իսկ պրոբլեմային է եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ ԱՄՆ-ն։ Դու դրանով շեշտակի փչացնում ես քո յարաբերութիւններն այն համակարգի հետ, որտեղ դու հիմա կաս:
Այն, որ Սիւնիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապւած է Իրանի դիրքորոշման հետ
Այն, որ Սիւնիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապւած է Իրանի դիրքորոշման հետ:
Եթէ Իրանի այդ դիրքորոշումը չլինէր, ապա Ալիեւը որեւէ խանգարող հանգամանք չէր ունենայ, իսկ Հայաստանի իշխանութիւններն էլ կասէին՝ «հօ չե՞նք կռւելու էդ սարերի համար»։ Կարո՞ղ է այս վերաբերմունքը փոխւել, այո՛, կարող է:
Արցախը երբեք բանակցային գործընթացից դուրս չի մնացել, սա կեղծ թէզ է
Լեռնային Ղարաբաղի հարցով ամենակոշտ բանակցողը եղել է Նիկոլ Փաշինեանը՝ 2018-ից 2020 թւականներին:
Կոշտութիւնն այնպիսին էր, որ բանակցութիւններն անիմաստ էին, որովհետեւ ինքը ոչ թէ մտնում էր բանակցութիւնների մէջ, այլ ասում էր՝ «էս ի՞նչ էք բերել, էս ի՞նչ էք քննարկում», աւելի կոշտ չի եղել: Բանակցութիւնները ենթադրում են դիւանագիտութիւն, իսկ դիւանագիտութիւնը պատ ջարդելը չէ: Կեղծ է այն թէզը, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Երբեք, դուք մէկ օրինակ բերէք իմ ժամանակաշրջանից, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան ու չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել ԼՂ ղեկավարութեան հետ:
Բակօ Սահակեանը մի քանի անգամ համոզել էր Արայիկ Յարութիւնեանին հրաժարական չտալ
Շրջափակման ժամանակ ես մշտական կապի մէջ եմ եղել Ղարաբաղում Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի հետ, գրեթէ ամէն օր էի խօսում, իսկ վերջին օրերին՝ օրական մի քանի անգամ:
Արայիկ Յարութիւնեանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մօտ 3 ամիս առաջ: Այն, ինչ կատարւեց վերջին շաբաթում, երրորդ փորձն էր հրաժարականի Արայիկ Յարութիւնեանի կողմից։ Ամէն անգամ հաւաքւում էին, քննարկում էր ինքը կազմակերպում եւ հիմնաւորումն այն էր, որ «ես այլեւս այն ազդեցութիւնը չունեմ, խօսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կայ, իմ հրաժարականը ճիշտ է, ես հրաժարականս տալիս եմ»: Եւ ամէն անգամ Բակօ Սահակեանը համոզում էին մի քանի հոգով դա չանել: Վերջին անգամ ինքը հաւաքել էր եւ յայտարարել էր, որ «մէկ է՝ հրաժարական է տալու, սա քննարկման հարց չի»:
Ամէն գնով պէտք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Մենք ակտիւ փոփոխւող աշխարհի հետ գործ ունենք, ոչ ոք յստակ չի կարող ասել, թէ ինչ է լինելու, բայց ուղղութիւնը հասկանալի է եւ այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթաին, յիմարութիւն է, ամէն գնով պէտք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Այսօրւայ վիճակով Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում։ Խումբը ստեղծւել է, բանակցային ֆորմատ է, թող մնայ։ Երբ ստեղծւի այլ կարգի բանակցային աշխատող ֆորմատ, նոր այդ ժամանակ սա լուծարէք։ Արդէն այդ հարւածներից ոչ թէ իրենց ճակատն է «մազոլ» դարձել, այլ՝ երկրի։ Խաղաղապահները սկզբնական շրջանում իրենց առաքելութիւնը լաւ էին անում, այնքան ժամանակ, մինչեւ մենք չենք ասել, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում»:
Ղարաբաղցիների վերադարձի միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից կառչելն է
Այսօր ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադարձնելու միակ երեւացող ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից կառչելն է. եթէ Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, ապա մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամէնը մէկ կէտ է եռակողմ յայտարարութեան մէջ։
Սա միակ տեղն է, որից կարելի է բռնել եւ ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ՝ յետ բերել բանակցային գործընթացի մէջ։ Իմ պատասխանը դրական է, այդ հնարաւորութիւնը ես տեսնում եմ, հաւանականութիւնը փոքր է, չափազանց փոքր։ Բայց մենք այն վիճակում ենք, որ նոյնիսկ փոքր հաւանականութիւնը պէտք է օգտագործել, որ մի տարի յետոյ չասենք, թէ այս հնարաւորութիւնը կար եւ մենք չօգտագործեցինք։ Մենք դա չենք անում, որովհետեւ այս իշխանութիւնը չի ուզում, որ ղարաբաղցիք վերադառնան այնտեղ, որովհետեւ համարում է, որ սա իր կեանքն ինչ-որ տեղ կարող է բարդացնել։ Իրենց համար աւելի ձեռնտու է, որ ղարաբաղցիք Հայաստանում էլ չմնան. սկզբունք կայ՝ «ոչ մի մարդ, ոչ մի խնդիր», հիմա այս ճանապարհի վրայ ենք:
Այսօր Ադրբեջանում դատւում է Հայաստանը
Այսօր Բաքւում դատւում է Հայաստանի Հանրապետութիւնը։
Հռոմի ստատուտին միանալուց յիշո՞ւմ էք` ինչ յայտարարութիւններ էին անում` հեսա կը դատենք Ալիեւին, միւսներին․․․ պարզւեց նրա համար էր, որ ՌԴ նախագահը չկարողանայ գալ Հայաստան։ Այսօր Ադրբեջանում դատւում է Հայաստանը։ Իրենք ամէն ինչ անելու են, որ այդ դատական որոշումենրով ցոյց տան, որ ինչ եղել է Ղարաբաղում, ղարաբաղցիք կապ չունեն, որ դա ինքնորոշման հարց չէր Ղարաբաղում, որ դա էն գլխից Հայաստանն է «սարքել» Ադրբեջանի գլխին։ Եթէ Հայաստանում եւս չեն հասկանում, որ սա պրոբլեմ է առաջին հերթին Հայաստանի համար, ի՞նչ ասեմ։ Սրանով նրանք ուզում են խաչ քաշեն ինքնորոշման իրաւունքի վրայ, ասեն, որ էն գլխից դա չի էլ եղել:
Մեղրիի հարցով Վազգէն Սարգսեանը տեղեակ էր ամէն ինչից
Մեղրիի թեման հիմա տաքացել է, որովհետեւ հիմա կայ միջանցքի հարց կամ ճանապարհի հարց եւ այսօր ՀՀ իշխանութիւնը ցանկութիւն ունի անել այդ զիջումը եւ յետոյ յայտարարել՝ «ես ի՞նչ կապ ունեմ, եթէ այն ժամանակ սա քննարկւած չլինէր, այս թեման ընդհանրապէս գոյութիւն չէր ունենայ»:
Եւ դուք՝ «Ազատութիւն ռադիոկայան»-ը, իմ տպաւորութեամբ, սպասարկում էք այդ օրակարգը: Արխիւից հանել են 25 տարւայ վաղեմութեան քննարկումները: Թող գաղտնազերծէին Քիվեսթի փաստաթուղթը, որը երբեք գաղտնի գրիֆ չի էլ ունեցել:
Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակւայ երկու առաջարկները հրապարակւած են, «Ընդհանուր պետութեան» առաջարկը հրապարակւած է, Մադրիդեան սկզբունքները հրապարակւած են, Կազանեան փաստաթուղթը, որքան գիտեմ՝ հրապարակւած է: Երկու փաստաթուղթ չի հրապարակւած՝ 2019-ի առաջարկը, որը այս իշխանութիւնը թաքցրել է ժողովրդից, որը եղել է ընդունելի, եւ հրապարակւած չէ Քիվեսթի առաջարկը: Թող հրապարակեն: Ասում են՝ թող ինքը հրապարակի: Ես փաստաթղթերը չամադանով տուն չեմ տարել, համարել եմ, որ պետութիւն կայ:
Հիմա ասում են՝ փաստաթղթերից մէկը կոնդիցիոներից ենք հանում, մէկը խալադելնիկից: Գիտէք ինչո՞ւ, որովհետեւ 7 տարում ԱԳ 3 նախարար են փոխել, դրա համար մէկը կարող է «խալադելնիկում» յայտնւել, մէկը՝ մէկ ուրիշ տեղ: Իմ ժամանակ մէկ ԱԳ նախարար է եղել 10 տարի, ինձնից յետոյ եւս 10 տարի Էդւարդ Նալբանդեանն է եղել: Հիմա, եթէ 6 նախարար փոխւէր, կարող է մի ծերն էլ էս կամեռաներից մէկում յայտնւէր, մէկի տրուսիկում, կոպիտ ասած:
Հայաստանի իշխանութիւնը միայն աթոռը պահելու հարցում է բաւարար կամք դրսեւորում
Հայաստանի իշխանութիւնը միայն աթոռը պահելու հարցում է բաւարար կամք դրսեւորում։
Ադրբեջանի նախագահն խօսում է 300 հազար ադրբեջանցիների մասին, ինչ ասես՝ չի ասում։ Ասում է, որ Սիւնիքը ընդհանրապէս իրենցն է։ Որեւէ յոդաբաշխ պատասխան դուք լսել էք Հայաստանից։ Սկզբից մի բան ասեցի, որ ոչթիզական ռեմբոյից Հայաստանի իշխանութիւնը դարձել է աշխարհաքաղաքական Գիքոր։ Եթէ դու ընդունել ես այդ կարգավիճակը, այդ կարգավիճակից բխում են նաեւ հետեւանքները, իսկ հետեւանքները հետեւեալն են՝ «քեզ ինչ ասեմ՝ պիտի անես»։ Կամ էլ, վերջապէս, կանգնես ու ասես՝ հերիք է, ու դա չի նշանակում պատերազմ, դա նշանակում է գոնէ մի քիչ յարգանք պարտադրել հակառակորդին քո նկատմամբ:
Ժողովրդի զգալի մասը վերնագրերով է ապրում․ Փաշինեանը դա փայլուն հասկանում է
Տեսականօրէն, իհարկէ, կարող ենք հասնել խաղաղութեան, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, խաղաղութիւն չէ։
Ամենից մեծ խնդիրներից մէկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդի, ըստ էութեան, այդ փաստաթղթերը երաշխաւորող որեւէ պետութիւն կամ պետութիւնների միաւոր չի լինելու։ Ընդհանրապէս որեւէ թուղթ չի զսպելու որեւէ պատերազմ։ Պատերազմն իրականում զսպելու համար պէտք են բանակցութիւններ, ստորագրւած փաստաթղթեր եւ պէտք են երաշխաւորներ։
Յատկապէս այսօր մենք հաւասար պայմաններում չենք. ամենից լաւ երաշխաւորը՝ եթէ դու ունես այնպիսի բանակ եւ այնպիսի հնարաւորութիւններ, որ ինքն արդէն երաշխավորում է գոնէ մի զգալի մասով խաղաղութիւնը։ Պատերազմները շատ դէպքում ինչու չեն սկսում, որովեհտեւ հետեւանքները պատերազմը սկսողի համար կարող են լինել ծանր։ Հիմա կայուն խաղաղութեան համար որեւիցէ գործօն այս պրոցեսում չեմ տեսնում:
2021 թւականին ամենամեծ ազդեցութիւնը ունեցել է պատերազմով ժողովրդին վախեցնելու գործօնը
2021 թւականի պատկերը փորձում են բացատրել նախկինի եւ նորի անկեան տակ։ Իմ տպաւորութեամբ ամենամեծ ազդեցութիւնը ունեցել է պատերազմով ժողովրդին վախեցնելու գործօնը։ Այդ գործօնը անկասկած նշանակութիւն ունեցել է, բայց կրկնեմ ամենամեծ ազդեցութիւնը եղել է ժողովրդին պատերազմով վախեցնելու հանգամանքը։ Իմ կերպարը ներկայացւում էր որպէս մարտնչող կերպար, որը երբեք չի յարմարւի Ղարաբաղի գոնէ մի մասի կորստի հետ եւ անելու է ամէն ինչ Հայաստանի դիրքերը ուժեղացնելու համար եւ սա բերելու է պատերազմի։ Հնի, նորի եւ պատերազմով վախեցնելու հանգամանքը միացրել են իրար:
Ինչո՞ւ էք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդիւնքը կասկածելի է
Ես կուսակցութիւն չունեմ եւ իմ համակիրները իսկապէս իմ համակիրներն են, ոչ թէ համակուսակիցները։
Երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չէք միացնում, պատասխանեմ, ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։ Ուժերը միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացւում, օրինակ 5+5-ը դառնում է 12, 11, 14։ Եթէ 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Մեր մօտ պատկերը այպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատելու։ Եթէ մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որոնք չեն ընդունում 3-րդ նախագահին, կը հիասթափւեն եւ կը հեռանան։ Նման պատկեր ունենալու են նաեւ երրորդ նախագահի թիմում։ Ինչո՞ւ էք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդիւնքը կասկածելի է:
Մեր դաշինքը ծանրակշիռ մասնակցութիւն է ունենալու բոլոր գործընթացներում
Ես այն, ինչ ասեմ հիմա, ասելու եմ աւելի շատ իմ անձնական կարծիքը, որը դեռ այսպէս քննարկւած չի։ Իհարկէ, դաշինքը ծանրակշիռ մասնակցութիւն է ունենալու բոլոր գործընթացներում։ Թէ լինի ինչ-որ մէկի նախաձեռնութեամբ փողոցային պայքար, թէ լինեն հերթական կամ արտահերթ ընտրութիւններ։ Ֆորմատի մասով չեմ կարող հիմա որեւէ բան յստակեցնել։ Իմ մօտեցումը հետեւեալն է. ամենից պրագմատիկ ֆորմատով պէտք է մասնակցել:
Պրագմատիկ ասելով այն ֆորմատը, որը առաւելագոյն յաջողութիւն կապահովի այդ պահի դրութեամբ։ Աւել բան հիմա չեմ կարող ասել, որովհետեւ ես այն մարդը չեմ, որ այսօր մի բան ասեմ, վաղը միւս բանը, յետոյ միւսը: Յետոյ դուք բերէք, ինձ դէմ տաք, ոնց որ հիմա են անում վարչապետին՝ դու այստեղ այս ասացիր, այն ասացիր: Ես 10 տարի նախագահ եմ եղել, մի դէպք ինձ բերէք, որ ես ինձ մի բան ասած լինեմ, յետոյ մի լրագրող ինձ ասի՝ դու այս բանն ես ասել, բա հիմա էլ ուրիշ բան ես ասում: Դրա համար ինչ որ հիմա ասում եմ, ասում եմ հէնց այդ կոնտեքստի մէջ՝ ծանրակշիռ մասնակցութիւն, ամենից պրագմատիկ ֆորմատ այդ պահի համար: