Իշխան Սաղաթէլեանը ԵԽ-ում հանդիպումների ժամանակ անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման խնդրին
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը յուլիսի 23–ին Եւրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրէնսդիր իշխանութեան մի շարք ներկայացուցիչների հետ։
Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ, Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մաւրիդեսի, Եւրոպայի պահպանողականների եւ կոնսերւատիւների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում Սաղաթէլեանը շնորհակալութիւն է յայտնել խորհրդարանականներին Հայաստանին ու Արցախին առնչւող խնդիրների վերաբերեալ տարիներ շարունակ դրսեւորած սկզբունքային դիրքորոշման համար:
Իշխան Սաղաթէլեանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականութեան անընդունելի լինելու հանգամանքը ներկայացնելով տարածաշրջանի համար նման քաղաքականութեան ապակայունացնող ազդեցութիւնները:
Յատուկ անդրադարձ է կատարւել Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման խնդրին այդ հարցում կարեւորելով Ադրբեջանի վրայ միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտութիւնը: