«Փաստ». Աշնանը խաղաղութեան պայմանագիր չի ստորագրւելու. մեծ է ռազմական բախումների հաւանականութիւնը

«Փաստ» թերթը գրում է.
«Տարածաշրջանում ստեղծւած աշխարհաքաղաքական նոր իրողութիւնները, սահմանային լարւածութիւնն ու դիւանագիտական կուլիսային անցուդարձերը հերթական անգամ ցոյց են տալիս, որ յարաբերական անդորրը կարող է խաբուսիկ լինել։ Վերջին շրջանում պաշտօնական Բաքւի կտրուկ արտաքին քաղաքական մանեւրները, յատկապէս Մոսկւայի հետ յարաբերութիւններում նկատւող յապշտապ զարգացումները, լրջագոյն մտահոգութիւնների ու քննարկումների առիթ են տալիս առաջիկայ հնարաւոր էսկալացիաների համատեքստում։
Այս եւ տարածաշրջանային այլ հրատապ հարցերի շուրջ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետեանը «Փաստ» օրաթերթի հետ զրոյցում հանդէս է եկել ուշագրաւ դիտարկումներով ու նախազգուշացումներով։ Նրա գնահատմամբ, Ադրբեջանի հռետորաբանութիւնը Ռուսաստանի հանդէպ վերջին շրջանում անսպասելի փոփոխութիւն է կրել։ Ընդամէնը օրեր առաջ Բաքուն խիստ նոտա էր յղել Մոսկւային՝ կապւած Ուկրաինայի տարածքում ադրբեջանական պետական «ՍՈԿԱՐ» (SOCAR) ընկերութեան օբիեկտներին հասցւած հարւածների հետ, սակայն անմիջապէս դրանից յետոյ Իլհամ Ալիեւը յայտարարեց, թէ երկու երկրների միջեւ առկայ բոլոր խնդիրները լիովին լուծւած են։
Բաքւի կողմից Մոսկւայի հետ յարաբերութիւնների այսպիսի շտապողականութիւնը պատահական չէ եւ կրում է սեզոնային ու ռազմավարական բնոյթ։ Ամէն անգամ, երբ Ադրբեջանը ծրագրում է յարձակւել Հայաստանի վրայ, ամռանը սկսում է բարելաւել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, իսկ արդէն աշնանը դիմում է ռազմական գործողութիւնների։ Այս աշնանը խաղաղութեան պայմանագիր չի ստորագրւելու, եւ մեծ է լրջագոյն ռազմական բախումների հաւանականութիւնը։ Որպէս պատրւակ կարող է օգտագործւել վերջին ամիսներին ակտիւացած «Արեւմտեան Ադրբեջանի» թէզը եւ շուրջ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» պահանջը։ Բացի այդ, Ալիեւին սեփական իշխանութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է «մշտական թշնամի», որին հնարաւոր կը լինի պարբերաբար յաղթել, որպէսզի սեփական ժողովուրդը չսկսի յիշել կոռուպցիայի, թալանւած միլիարդաւոր դոլարների եւ Ալիեւների ընտանիքի արտասահմանեան հաշիւների մասին։
Աշխարհաքաղաքական ընդհանուր համատեքստում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջին զարգացումները ցոյց են տալիս, որ «Իրանի վրայով անցնող ճանապարհ» չի լինելու, ինչը Բաքւում յստակ գիտակցում են։ Այս պարագայում սխալւում են հայաստանեան այն շրջանակները, որոնք յոյսեր են կապում Եւրոպայի կամ Արեւմուտքի հետ։ Ադրբեջանը Եւրոպային նստեցրել է «նաւթային ասեղի» վրայ, իսկ Իսրայէլին ու ԱՄՆ-ին ներգրաւել է իր տարածքում՝ Իրանի դէմ ուղղւած հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի բազաների միջոցով։ Արդիւնքում արեւմտեան ուժերը չեն միջամտելու, եւ Ադրբեջանի համար դէպի Հայաստան ճանապարհն ազատ է։
Ստեղծւած իրավիճակում Արշակ Կարապետեանը սուր քննադատութեան է ենթարկում ՀՀ գործող կառավարութեանը՝ անւանելով այն ապաշնորհ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի անվտանգութեան միակ իրական երաշխաւորը տարածաշրջանում Ռուսաստանն է։ Ադրբեջանական սպառնալիքին դիմակայելու եւ նոր պատերազմը կանխելու համար հայկական կողմը պէտք է հրատապ կերպով կարգաւորի ու ամբողջութեամբ վերականգնի դաշնակցային յարաբերութիւնները Մոսկւայի հետ»։



