Արաղչին՝ Բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ. «Բարիդրացիութիւնը 14-րդ կառավարութեան անշրջելի քաղաքականութիւնն է»
«ԱԼԻՔ» – Սաուդեան Արաբիայի պաշտօնեաների հետ դիւանագիտական խորհրդակցութիւններ անց կացնելու նպատակով, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ հոկտեմբերի 9-ին Ռիադ էր այցելել:
Ռիադում նա հանդիպել էր Սաուդեան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի եւ ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհանի հետ:
Արաղչի-Բին Ֆարհան հանդիպման ժամանակ, վերանայելով երկկողմ յարաբերութիւնների վերջին իրավիճակը՝ երկու նախարարներն ընդգծել են համատեղ վճռականութիւնը՝ շարունակելու քաղաքական, անվտանգային, տնտեսական, ինչպէս նաեւ այլ ոլորտներում յարաբերութիւնների ամրապնդման ուղին։
Նրանք պահանջել են անյապաղ դադարեցնել պատերազմը Գազայի եւ Լիբանանի դէմ, եւ ամենասեղմ ժամկէտներում մարդասիրական օգնութիւն հասցնել տուժածներին եւ փախստականներին:
Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ, մեր երկի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ընդգծել է, որ բարիդրացիութիւնը 14-րդ կառավարութեան անշրջելի քաղաքականութիւնն է. «Տարածաշրջանային կայունութեան, անվտանգութեան եւ բարգաւաճման ամրապնդման եւ տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցութեան զարգացման նպատակով հարեւանների հետ յարաբերութիւնների ընդլայնման քաղաքականութեան շարունակութիւնն Իրանի Իսլամական Հանրապետութեան լուրջ առաջնահերթութիւններից է»:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ երկու երկրների միջեւ համագործակցութեան եւ խորհրդակցութիւնների շարունակականութեան կարեւորութիւնը։
Սաուդեան Արաբիայի թագաժառանգը խորը մտահոգութիւն է արտայայտել տարածաշրջանում ճգնաժամի սրման եւ պատերազմի ընդլայնման կապակցութեամբ: Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների կողմից՝ տարածաշրջանային կայունութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու անհրաժեշտութիւնը:
Բին Սալմանը գոհունակութիւն է յայտնել երկու երկրների յարաբերութիւնների բարելաւմանն ու ընդլայնմանն ուղւած գործընթացի դրական ընթացքի կապակցութեամբ:
Արաղչին էլ իր հերթին անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին, կարեւորել է տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցութիւնը՝ կասեցնելու համար Գազայի եւ Լիբանանի դէմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան: Նա ընդգծել է, որ սիոնիստների յանցագործութիւնների դէմ դիմակայութիւնն անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան կայացման համար: