Դաշնակցական Բեմ

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅԾԵՐԸ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Հայաստանեան վերջին ժամանակաշրջանի հասարակաքաղաքական անմխիթար իրավիճակներին բնորոշ, անցեալ շաբաթւայ ընթացքում երկու կարգի իրադարձութիւն նշմարւեց, որոնց կարելի է առանձնաբար անդրադառնալ։

1. Եւ այսպէս՝ վերջերս Հայաստանում իշխանամէտ մի շարք խրտւիլակ-կուսակցութիւնների կողմից լայն քարոզչութեամբ ստորագրահաւաքներ են կազմակերպւում՝ ՀՀ-ը Եւրոմիութեանը անդամակցելու համար։ Ու դեռ այդ խրտւիլակները իրենց թանկ էլ ծախելով, ասում են՝ «Ո՞ւր էին այսօրւայ եւրոպացիները, երբ ժամանակին մենք Եւրոպա էինք…», երեւի ստորագրողներին համոզելու համար, որ Եւրոմիութիւնը օր առաջ ու անհամբե ՜ր, ահա, ընդունելու է իր նորագոյն թեկնածու Հայաստանին , որպէս իր ընտանիքի լիիրաւ անդամ, դրանից բխող՝ քաղաքական, տնտեսական ու յատկապէս անվտանգային երաշխաւորւած ապագա՜յ՝ հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի համար…։

Ի՞նչ բնութագիր տալ այս հերթական մեղմ ասած՝ քաղաքական տհասութեանը, որով փորձում են դարձեալ մոլորեցնել միամիտ հասարակայնութեանը։

Այլապէս, մնում է յուսալ, որ հայաստանեան հասարակայնութիւնը հայրենադաւների հերթական խայծը կուլ չի տայ՝ նոյնինքն հարեւան Վրաստանի ու յատկապէս եւրոկառոյցների փայփայա՜ծ ու լիիրաւ անդամ Ուկրաինայի «օգտին» մասնաւորապէս անվտանգային երաշխիքներն ի նկատի առնելով…։ Էլ չյիշատակենք պատմական բազմաթիւ այն դրւագները, որոնցում նոյն քաղաքակի՜րթ Եւրոպան, ի դէմս Մեծ Բրիտանիայի՝  գերադասել է Բաքւի նաւթը, քան հայի արիւնը։ Յիշում ենք, չէ՞, բոլորս, անցեալ տարի Եւրոներկայացուցիչ տկն. Ֆոնդերլայէնի եւ հայատեաց Ալիեւի «նաւթա-գազային գրկախառնումը»՝ հազարաւոր հայորդիների արեան, Արցախի կորստի եւ արցախահայութեան ցեղասպանութեան հաշւին…։

2. Ուշագրաւ ելոյթով օրերս հանդէս եկաւ Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը, մայր աթոռ Ս. Էջմիածնում, միւռոնի օրհնութեան արարողութեան ընթացքում։

Վեհափառ հայրապետը Հայաստանի շուրջ իրադարձութիւնների, մասնաւորաբար Արցախի ու արցախահայութեան ոտնահարւած իրաւունքների մասին յայտարարելով պարտն ու պատշաճը, ընդգծեց ազգային ու պետական շահերի պաշտպանման գործում Հայոց Առ. Եկեղեցու աննահանջ կեցւածքի մասին։ Միաժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը  դատապարտեց  Ս. Էջմիածնի դէմ թշնամական ու դաւադիր յարձակումների յայտնի ու անյայտ հոսանքների ու հեղինակների պետականակործան գործունէութիւնը։

Եւ իրաւամբ Վեհափառ Հայրապետի ելոյթը իր տարողութեամբ դրական մեծ ներգործութիւն ունեցաւ հասարակական ու ժողովրդական  լայն խաւերի մօտ, որոնց համար թանկ է ազգայինն ու պետականը։

Գարեգին Բ-ի համարձակ ելոյթը, որն արտասանւում էր ողջ իշխանախմբի  ապշած դէմքերի առջեւ, միեւնոյն դրական լիցքը հաղորդեց «Սրբազան պայքար»-ի ուժականութեանը, որն արդէն իսկ որդեգրել էր նոր ծաւալով ու բնոյթով շարունակել ըստ էութեան ՅԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ սկսած  Շարժումը։

Ահաեւ, ինչպէս սպասելի էր՝ ամէն  գնով իշխանութիւնը պահելու բարդոյթով տառապողները, որոնք դեռ եկեղեցական արարողութիւնը չաւարտած՝ խոյս տւեցին մայր աթոռից,  անտարակոյս ձեռնարկեցին պատասխան քայլը կամ քայլերը, որոնց նախադէպը տարբեր ձեւաչափերով ու բովանդակութեամբ կիրառւել է այս վերջին տարիներին։ Նպատակը, սակայն, եղել է տւեալ Շարժման կամ պայքարի վարկաբեկումն ու թուլացումը, համապատասխան լայն քարոզչութեամբ, թէ՛ ներքին, եւ թէ՛ յատկապէս արտաքին ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Թւարկենք այդ կարգի պոպուլիստական քայլերից մի քանիսը._

– «Նախկիններն են կանգնած Շարժման թիկունքին».

– «Հասարակայնութիւնը եւ յատկապէս երիտասարդ խաւը թող չզբաղւեն քաղաքականութեամբ, այլ մղել նրանց, որպէսզի կեանքի ուղեգիծ որդեգրեն՝ «որտեղ հաց, այնտեղ կաց » արժեհամակարգը».

– «Խաղաղութիւն, եւ ոչ  թէ՝ պատերազմ»։

Ահաւասիկ՝ հնարքներ, որոնց մշտապէս ապաւինել է հայրենադաւ իշխանութիւնը, որոնք էլ կիրառում է ամբոխավարական ամենաարդիական տեխնոլոգիաների բանեցմամբ։

Այս ամէնին, սակայն, ապաւինում է այն իշխանախումբը, որն Արցախ է նւիրաբերել հայութեան ոսոխին։

Եւ ամենահետաքրքիրը այն, որ նոյն այդ ոսոխի քարոզչամեքենան եւս օգտագործում է թւարկւած միեւնոյն հնարքները, հայկական ազգային ընդդիմադիր ուժերի «ռեւանշի վտանգի» մասին անընդհատ բարձրաձայնելով։

Թող որ հէնց միայն այս փաստացի իրողութիւնը հիմք հանդիսանայ հայ հասարակայնութեան համար, որպէսզի խելամիտ, տրամաբանական եւ սկզբունքային կողմնորոշումներով խափանի ազգադաւ իշխանախմբի պետականակործան  նպատակադրումը։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button