Վաչէ Բրուտեան. «Այս պայքարի ռազմադաշտը գաղափարականն է, որտեղ ՔՊ-ն ոչ ասելիք ունի, ոչ անելիք»
«ԱԼԻՔ» – Հայաստանը տուրիզմի երկիր չէ, Հայաստանը «ուտուշ-խմուշի», Գառնի-Գեղարդի երկիր չէ։ Հայաստանը ամէնից առաջ հայրենիք է, հայի հայրենիքը։ Եւ երբ հայրենիք ենք ասում, այլեւս ուրիշ հարթութեան վրայ ենք նայում խնդիրներին։ Իսկ հայրենասիրութիւնն ամէնից առաջ պատասխանատւութիւն է հայրենիքի նկատմամբ։ Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Հարցազրոյց» հաղորդաշարի եթերում նշել է հրապարակախօս, վերլուծաբան, Բոստոնի «Հայրենիք» պարբերականի եւ Լոս Անջելէսի «Ասպարէզ» օրաթերթի խմբագիր, ՀՅԴ անդամ Վաչէ Բրուտեանը։
Անդրադառնալով խաղաղութեան պայմանագրի ու Ադրբեջանի մտադրութիւններին՝ նոր ագրեսիա սկսելու համար՝ Բրուտեանը ասել է․ «Այսօր այն, ինչը տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ինչ վերաբերում է հայ-թուրքական յարաբերութիւններին՝ Ադրբեջանը եւս ներառում եմ, քանի որ Թուրքիայի գործիքակազմի մաս է․ Թուրքիան ջանանում է ամէն կերպ պարտութեան մատնել հայկական հարցը։ Հայկական Հարցն այն խնդիրն է, որի համար մեր ժողովուրդը 1890-ականներից ոտքի ելաւ ազատագրական պայքարը, որպէսզի ձերբազատւի թուրքական բռնապետութիւնից։ Մենք այսօր ունենք պահանջներ Թուրքիայից։ Եւ այդ պահանջների բանաձեւումը՝ հայկական պետական մակարդակով 2015-ի Ծիծեռնակաբերդի հռչակագրի մէջ բնութագրւած է, որը նշանակում է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացում, դիւանագիտական իմաստով՝ փոխհատուցում»։ Բրուտեանի խօսքով՝ Թուրքիան ուզում է այս հարցը պարտութեան մատնել ու Հայաստանը որպէս քաղաքական ազդակ վերացնել ու այն վերածել տարածաշրջանում պարզապէս քարտէզի վրայ տարբեր գոյն ունեցող հողատարածքի։
Հրապարակախօսը խօսել է Արցախի ազատագրման ստրատեգիական նշանակութեան մասին, որը շատ ճիշտ ըմբռնել էին Անկարայում, իսկ հայկական էլիտայի կարեւոր մի շերտ այն չէր ըմբռնել․ շատերը Հայաստանում այն չէին տեղաւորել Հայկական Հարցի շրջանակում կամ հայ-թուրքական յարաբերութիւնների համայնապատկերում, իսկ Թուրքիան դա արել էր։ Ինչ վերաբերում է Թուրքիայից հողային պահանջներին, Բրուտեանի դիտարկմամբ՝ այդ հարցի լուծումը սերունդների խնդիր է, իսկ այս իշխանութիւնը փորձում է ապագայ սերունդներից խլել այդ իրաւունքը։
Խօսելով նոր պատերազմի վտանգի մասին՝ Բրուտեանն ընդգծել է, որ այդ վտանգը երբեք վերացած չի եղել, իսկ նոյեմբերի 9-ից յետոյ անգամ պատերազմը կանգ չի առել, շարունակւում է։ «Այս իշխանութիւնն սպասարկում է օտարի՝ յատկապէս մեր թշնամիների շահերը։ Դա բացայայտ է»։
Բրուտեանը նաեւ խօսել է այն հսկայական ապատեղեկատւութեան մասին, որ հրամցնում են հասարակութեանը։ Ըստ Բրուտեանի՝ կեղծ լրատւութիւնը, որն այսօր մեր երկրում է կիրառւում նման է Արեւմուտքի քարոզչական մեթոդաբանութեանը։ Նրա կարծիքով Հայաստանում լրատւամիջոցներից քչերն են, որ իրապէս լրատւութեամբ են զբաղւում, մեծ մասը հիմնականում քարոզչամիջոց են։ «Եթէ փորձում ես իշխանութեան քարոզչութեանը հակազդել ու հակադարձել եւ ներկայացնել եղելութիւնները, անմիջապէս պիտակաւորում են որպէս ընդդիմադիր ալիք»։
Հարցին, թէ փողոցով հնարաւո՞ր է հասնել իշխանափոխութեան, Բրուտեանը պատասխանել է․ «Ամէն ինչ կարելի է։ Պայմանն այն է, որ մեթոդները ճիշտ համադրումով ու ճիշտ ժամանակին իրագործել։ Սրբազան պայքարի ռազմադաշտը ճշտեց պայքարի ղեկավարը՝ Սրբազանը։ Ո՞րն էր այդ ռազմադաշտը։ Գաղափարական աշխարհն էր, դաշտն էր։ Այս դաշտում ՔՊ-ն ոչ ասելիք ունի, ոչ էլ անելիք»։ Բրուտեանը նկատել է, որ իշխանութեան հակազդեցութիւնը սնանկ էր, միայն մեղադրանքներ, հայհոյանքներ հնչեցին, բայց ոչ բովանդակային պատասխաններ։ «Իշխանութիւնը փորձեց պատասխանել բռնութեամբ, որովհետեւ հարցը խորքային է։ Այս պայքարը խորքային պայքար է, եւ մեր ժողովուրդը վարժւած չէ պայքարի այս մեթոդին։ Ամէնից առաջ արժէքային համակարգի համար մղւող պայքար է սա։ Իշխանութեան փոփոխութիւնը սրա մէկ ածանցեալն է։ Մեր ժողովուրդը միշտ հակւած է ակնկալելու ապագայ պատասխաններ։ Պէտք է բացատրել ու համոզել, որ այս փոփոխութիւնները այդպէս 1-2 օրով տեղի չեն ունենում։ Դիւրին լուծումներ ակնկալել պէտք չէ, պէտք է համբերութեամբ պայքարը շարունակել։ Նոյն դաշտում՝ գաղափարական դաշտում պէտք է շարունակել պայքարը, մինչեւ հասունանայ պահը, որ դու կարողանաս քո մեծ թւաքանակով վերջին հարւածը տալ»: