Միջազգային հանրութիւնն ընդդէմ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանի
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2025 թ. յունւարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Արցախի Հանրապետութիւնը օկուպանտ, ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինեանը, մասնաւորաբար, յայտարարել է. «Համաձայն ենք ՄԽ համանախագահութիւնը լուծարելուն՝ հետեւեալ հիմնաւորմամբ, որ եթէ չկայ կոնֆլիկտ, դրա սպասարկմամբ զբաղւող ֆորմատի իմաստը ո՞րն է։»:
Մէջբերւածի առնչութեամբ հարկ է նշել հետեւեալը:
Դեռեւս 1992 թ. միջազգային հանրութիւնը սկսել էր ուշադրութիւն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտութեանը եւ փորձել ձեռնարկել միջոցներ կարգաւորելու այն: Այդ նպատակով 1992 թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հրաւիրւած Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշւել է հնարաւորինս շուտ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում հրաւիրել խորհրդաժողով 11 պետութիւնների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնութեան, Ամերիկայի Միացեալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Սլովակիայի Դաշնային Հանրապետութեան եւ Շւեդիայի մասնակցութեամբ:
Որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի ընտրւած եւ այլ ներկայացուցիչները` որպէս շահագրգիռ կողմ, կը հրաւիրւեն խորհրդաժողովին խորհրդաժողովի նախագահի կողմից խորհրդաժողովին մասնակից պետութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ:
Ադրբեջանի եւ Արցախի միջեւ ռազմական գործողութիւնների սրման պատճառով նշւած խորհրդաժողովն այդպէս էլ չհրաւիրւեց, սակայն անւանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանւեց: Մինսկի խորհրդաժողովը վերածւեց Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի ունեցաւ ոչ թէ Մինսկում, այլ Հռոմում` 1992 թ. յունիսի 1-5-ին:
1994 թ. դեկտեմբերի 5-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթաժողովում որոշւել է հնարաւորինս շուտ նշանակել Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպէսզի ստեղծւի ընդհանուր եւ համաձայնեցւած հիմք բանակցութիւնների համար:
Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ 1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու եւ հակամարտութեան կարգաւորման համար համապատասխան հիմք ձեւաւորելու համար:
Մանդատում նշւած են թւով 15 կէտեր, որոնք պէտք է իրականացնեն համանախագահները հակամարտութեան կարգաւորման նպատակով «լիակատար հաւասարութեան եւ անաչառութեան» սկզբունքների հիման վրայ:
Համաձայն համանախագահների մանդատի՝ համանախագահութեան ինստիտուտի գործունէութեան հիմնական նպատակն է. «…աջակցել հակամարտութեան կարգաւորմանն առանց ուժի կիրառման, մասնաւորապէս՝ դիւրացնելով բանակցութիւնները խաղաղ եւ համապարփակ կարգաւորման համար…»:
Նիկոլ Փաշինեանի մէջբերւած խօսքից պարզւում է, որ ըստ նրա՝ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգաւորւել է: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը եւս այն դիրքորոշմանն է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգաւորւել է:
Սակայն, հարկ է նշել, որ միջազգային հանրութիւնը միանգամայն հակառակ դիրքորոշմանն է յիշեալ կոնֆլիկտի վերաբերեալ:
Այսպէս, Արցախի Հանրապետութեան դէմ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի 2020 եւ 2023 թւականներին իրականացրած ագրեսիոն պատերազմներից յետոյ եւրոպական կառոյցները հանդէս են եկել համապատասխան գնահատականներով:
- 2022 թ. փետրւարի 17-ին Եւրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որտեղ, մասնաւորապէս, արձանագրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտութեան կարգաւորման միակ միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափը՝ տարածքային ամբողջականութեան, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ հաւասար իրաւունքների եւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքների հիման վրայ. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին:»:
- 2022 թ. յունիսի 6-ին կրկին Եւրոպական խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որտեղ, մասնաւորաբար, արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգաւորւել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք:
- 2023 թ. հոկտեմբերի 12-ին Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (այսուհետեւ՝ ԵԽԽՎ) ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձեւ, որտեղ, մասնաւորապէս, արձանագրել է՝
- «Խորհրդարանական վեհաժողովը խստօրէն դատապարտում է ադրբեջանական բանակի նախաձեռնած ռազմական գործողութիւնը Լեռնային Ղարաբաղում 2023 թ. սեպտեմբերի 19-ին:»:
- «Վեհաժողովը խորապէս համոզւած է, որ այս երկարամեայ եւ ողբերգական հակամարտութիւնը կարող է լուծւել միայն խաղաղ ճանապարհով, երկխօսութեան եւ բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով եւ կիրառելի միջազգային իրաւունքի հիման վրայ՝ լիովին յարգելով այնտեղ ապրող իւրաքանչիւր մարդու իրաւունքները:»: Մէջբերւածն անառարկելիօրէն վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտութիւնը կարգաւորւած չէ:
- Արցախի «…գրեթէ ողջ հայ բնակչութիւնը՝ աւելի քան 100.600 անձ այս բանաձեւի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը…»:
- «Վեհաժողովը խորապէս համոզւած է, որ գրեթէ մի ամբողջ բնակչութեան այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպէտք է ընդունւի որպէս նոր իրականութիւն:»:
Ինչպէս պարզորոշ վկայում են յիշատակւած փաստաթղթերը, միջազգային հանրութիւնն, ի հեճուկս օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան, նաւթային դիկտատոր Իլհամի եւ Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծւած:
Նկատի առնելով վերոնշեալը՝ քիչ հաւանական է, որ միջազգային հանրութիւնը կը գնայ յիշեալ կոնֆլիկտի կարգաւորմամբ զբաղւելու միջազգայնօրէն ճանաչւած միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, եթէ իրապէս հաւատարիմ է կոնֆլիկտը միջազգային իրաւունքի սկզբունքների համաձայն լուծելու իր յանձնառութեանը: