Փոփոխութիւնների անխուսափելիութիւն. մաս առաջին
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընըտրանքային» նախագծեր խումբ
Մեզ ամէն տեղից զգուշացնում են մեզ սպասող աղէտների մասին՝ Բաքւից, Մոսկւայից, Անկարայից, Թեհրանից, Մինսկից, Վաշինգտոնից, Փարիզից… ամէն տեղից։ Ներսում մտահոգ գործիչները պարբերաբար պարպում են իրենց էմոցիաները, բայց իրավիճակը դրանից չի փոխւի։ Պէտք է ճիշտ հասկանալ, թէ ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչո՞ւ ենք հանգիստ ազգովի նախագաղթի հոգեվիճակով սպասում X օրւան։ Ու ամենակարեւորը՝ ի՞նչ անել, որ չլինի աղէտը։
Այսօրւայ մեր պետական-ազգային ճգնաժամի հիմքում ընկած է 3 գործօն, որոնք պէտք է արագ փոխել.
– Կառավարման դեֆեկտը
– Դիմադրութեան ինստիտուտների թերզարգացածութիւնը
– Պարտութեան սոցիոլոգիան
Մաս 1. Կառավարման դեֆեկտը
Մեզ մօտ ծաղրածուն եւ թագաւորը մէկտեղւել են, մէկ անձի մէջ են։ Եւ սա ծայրայեղ լուրջ մարտահրաւէր է։ Թագաւորական պալատներում սրանք սովորաբար տարբեր պերսոնաժներ են, բայց ժողովուրդների պատմութեան մէջ լինում են հազւադէպ շեղումներ՝ միշտ բերելով ծանր հետեւանքների։
Ծաղրածուին վերապահւած է ասել շատ բաներ, որոնք վտանգաւոր են, երբեմն ճիշտ են, բայց նա դրանք միայն ասում է՝ առանց կիրարկման լծակի։
Թագաւորը լսում է, լսեցնում է այլոց՝ ոչ իր շուրթերով ասւածը, բայց ունի լծակներ՝ սառը, ռացիոնալ լինելու՝ պետութեան շահից ելնելով։
Երբ ողբերգական համընկնում է տեղի ունենում, ծաղրածուն ասում է բազմաթիւ յիմարութիւններ, որոնց մարդիկ լուրջ չեն վերաբերւում, իսկ նոյն անձի «թագաւոր կէսը», ունենալով լծակներ, կեանքի է կոչում դրանք՝ աղէտներ բերելով սեփական ժողովրդին գլխին։
Մեր պարագայում, որպէս «թագաւոր» նա աղէտներ է բերում, որպէս ծաղրածու՝ ապահովում է, որ ժողովուրդը անհոգ ու լաւ տրամադրութեամբ գնայ դէպի աղէտը։ Սա լուրջ խնդիր է, որ պէտք է լուծենք։
Արդեօք վերջին յայտարարութիւններից յետոյ իշխող թիմում եղա՞ւ ընդվզում՝ ոչ, պակասե՞ց «մեծարգոյ» ասողների թիւը՝ ոչ, հանրային էլիտան առաջարկե՞ց յստակ լուծումներ՝ ոչ, ձեւաւորւե՞ց տոտալ մերժման մթնոլորտ՝ ոչ, փողոցները լցւեցի՞ն վրդովւած մարդկանցով՝ ոչ։ Սրա պատճառը պայքարի եւ դիմադրութեան հանրային ինստիտուտների թերի, տկար վիճակն է։
Յաջորդիւ՝ սրա մասին։