Մարինէ Պետրոսեան. «Փաշինեանի եւ իր թիմի գործողութիւնների առանցքում թուրքական եւ յատկապէս ադրբեջանական պատումներն են»

«Ակնյայտ է, որ մեր դէմ քարոզչական մեքենայ է աշխատում։ Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմի գործողութիւններում թուրքական եւ յատկապէս ադրբեջանական պատումներն են, նրանց նպատակների իրագործումը։ Դրան դժւար է հաւատալ, քանի որ կարծես սարսափ հեքիաթ լինի։ Ինչպէ՞ս է դա հնարաւոր, երբ թւում է՝ մենք պետութիւն ունենք։ Փաստացի, Նիկոլ Փաշինեանն անում է ճիշտ այն, ինչը պէտք է Հայաստանը քանդելու համար։ Անշուշտ, նա խնդիրներ ունի, եւ դա պարզ տեսանելի է, բայց այս ամէնը միայն անձնական հանգամանքով չի բացատրւում։ Մենք պէտք է գիտակցենք, որ մեր դէմ հսկայ մեքենայ է աշխատում»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել արւեստագէտ, բանաստեղծ Մարինէ Պետրոսեանը:
«Մեր հասարակութեան տարբեր շերտերում՝ ե՛ւ հասարակ ժողովրդի, ե՛ւ նոյնիսկ մտաւորականութեան մէջ, մի տխուր մտայնութիւն կայ։ Մարդիկ մտածում են՝ գուցէ Արցախի հարցը մեզ պէտք չէ՞ր, այն մեզ փորձանքի մէջ գցեց, եւ պէտք է դրանից հրաժարւել։ Պետութիւնն Արցախից փաստացի հրաժարւել է, ու մարդիկ մտածում են՝ եթէ վերջնականապէս հրաժարւենք, գուցէ իսկապէ՞ս ադրբեջանցիների եւ թուրքերի հետ կարողանանք ապրել։ Դա ոչ միայն բարոյական առումով է սխալ՝ հաշւի առնելով մեր զոհերին, այլեւ վտանգաւոր է ապագայի համար։ Ինչպէ՞ս են ադրբեջանցիները տեսնում իրենց պատմութիւնն ու անելիքներն այս տարածաշրջանում, յարաբերութիւնները Հայաստանի եւ միւս հարեւանների հետ։ Եթէ անգամ մենք Արցախի հարցը չբարձրացնէինք, մեր հակամարտութիւնն Ադրբեջանի հետ անպայման առաջանալու էր»,- ասել է արւեստագէտը:
«Ե՛ւ ռուսալեզու, ե՛ւ անգլալեզու աղբիւրներում ադրբեջանցիները ներկայացնում են, թէ իբր այս ամբողջ տարածքը, այսինքն՝ այսօրւայ Հայաստանը, պատմականօրէն իրենցն է եղել, իրենք են այնտեղ բնակւել, յետոյ իբր ռուսներն են հայերին բերել։ Իրենց նպատակը պարզապէս Արցախը չէր։ Արցախը ռազմավարական իմաստով պակաս կարեւոր է, այն Սիւնիքի թիկունքն է, իսկ Սիւնիքը նրանք իրենցն են համարում։ Սկզբում ասում էին՝ Սիւնիքն ու Սեւանի աւազանն է իրենցը, բայց հիմա ամբողջ Արեւելեան Հայաստանին են յաւակնում։ Եւ քանի որ իրենք շատ միջոցներ, նաւթադոլարներ ու դաշնակիցներ ունեն, դրանցով աշխարհում հարցեր են լուծում։ Բացի այդ, իրենք պատմականօրէն այդ ամէնը դատարկ տեղը չեն ասում։ Մի տխուր փաստ կայ, որ Առաջին Հանրապետութեան անկախացումից առաջ թաթարներն այստեղ մեծաքանակ բնակչութիւն ունէին։ Դրա վրայ յենւելով էլ՝ ասում են, թէ իբր սա իրենց երկիրն է, յետոյ իրենց հանել են այստեղից»,- նշել է Մարինէ Պետրոսեանը:
Մտաւորականի կարծիքով՝ եթէ վերջնականապէս հրաժարւենք Արցախի հարցից, միեւնոյն է՝ հայ-ադրբեջանական հակամարտութիւնը չի լուծւելու.
«Պէտք է գիտակցենք այս իրավիճակը, որ այն ճիշտ գնահատենք։ Խաղաղութիւնը շատ լաւ բան է, բայց այս իրավիճակում Ադրբեջանին այն պէտք չէ։ Կազմակերպութիւն են ստեղծել, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի» համայնք, եւ աշխատում են։ Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ դաշնակիցներ ունեն՝ Թուրքիա, Իսրայէլ, Պակիստան։ Պատերազմը չի աւարտւել, այն շարունակւում է քարոզչական դաշտում»:
«Շատ խելացի պէտք չէ լինել այս ամէնը հասկանալու համար։ Փաշինեանն այս ամէնը գիտէ, տեսնում է։ Ի՞նչ պիտի անի որեւէ երկրի ղեկավար, եթէ իր երկրի դէմ նման սպառնալիքներ կան։ Եթէ հանգիստ ժամանակ երկրի ներսում հակասութիւններ կան, եւ դա բնական է, սպառնալիքի դէպքում պէտք է համախմբւել։ Եթէ երկրիդ կենաց-մահու վտանգ է սպառնում, դու բոլոր միջոցներով պէտք է համախմբես, դա քո շահն է։ Ի՞նչ է անում Փաշինեանը՝ ճիշտ հակառակը։ Ուրեմն՝ նա մեր երկրի ղեկավարը չէ, որքան էլ դա դժւար է պատկերացնել»,- ամփոփել է Մարինէ Պետրոսեանը: