Սիրանուշ Սահակեան. «Բաքւի «դատարանում» կարող են ներկայ գտնւել միայն ցուցակագրւած անձինք, որոնք դրածոներ են»

Հայաստանի գործող իշխանութիւնները իրենց քաղաքականութեամբ Ադրբեջանի ձեռքերն ազատեցին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս գերիներին առեւանգելու եւ դատական ֆարս բեմականացնելու հարցում։ Արդեօ՞ք իրաւունքի պաշտպանութեան միջազգային կառոյցներն ունեն լծակներ ազդելու ադրբաջանական դատական համակարգի ապօրինութիւնների վրայ, եւ ընդհանրապէս հնարաւոր է հակազդել դատարաններում հայերի իրաւունքների աղաղակող խախտումների գործընթացին։
Վերոնշեալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրոյցների» տաղաւարում իր դիտարկումները ներկայացրել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը։
Հարցազրոյցում հնչեցւած հիմնական թէզերը ստորեւ.
– Բոլոր դէպքերում Ադրբեջանը երկարաժամկէտ պլանաւորում է ունեցել ոչնչացնել Արցախի պետականութիւնը եւ երկարաժամկէտ պրոցես կասեցնելու նպատակով նրանց համար ցանկալի էր նաեւ պատժիչ գործողութիւնների իրականացնել այդ պետականութիւնը կերտած, նրա կայացման գործում ներդրում ունեցած անձանց նկատմամբ։
– Եւրոպական դատարաններում կայ յստակ ձեւաւորւած իրաւական դիրքորոշում, որ հայատեացութեան եւ հայերի նկատմամբ համակարգւած խտրականութեան պարագայում Ադրբեջանում գործող դատարանները չեն կարող ընկալւել, որպէս հայերի խախտւած իրաւունքների պաշտպանութեան արդիւնաւէտ միջոցներ եւ սա է պատճառը, որ Միջազգային ատեանները հայերին ազատում են ադրբեջանական ատեանները սպառելու պարտականութիւնից եւ ուղղակիօրէն քննում են գործերը։
– Ադրբեջանում հայերի կեանքի իրաւունքի խախտումների, խոշտանգումների, առեւանգումների դէպքերով մենք արդէն իսկ ունենք բազմաթիւ դատական ակտեր, երբ եւրոպական դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանութիւնները ոչ միայն խախտել են անձի իրաւունքները, օրինակ սպանել են փակ հաստատութիւնում գտնւող հային, այլեւ զոհերի էթնիկ պատկանելիութեան հանգամանքով պայմանաւորւած, չեն հետաքնել դէպքը, արդիւնաւէտ քննութիւն չեն իրականացրել եւ ապահովել են անպատժելիութիւն յանցագործների նկատմամբ։
– Բաքւի դատարանում կարող են ներկայ գտնւել միայն ցուցակագրւած անձինք, որոնց անունները նախապէս հաստատւում եւ համաձայնեցւում են գործադիր իշխանութեան հետ։ Այդ ցուցակից դուրս որպէս հասարակութեան ներկայացուցիչ, անկախ դիտորդ, դիւանագիտական անձնակազմի ներկայացուցիչ, զրկւած է ֆիզիկապէս դատական նիստերի դահլիճ մուտք գործելու հնարաւորութիւնից։
– Այս ցուցակագրւած մարդիկ դրածոներ են։ Մենք այստեղ ունենք որպէս տուժողներ կամ որպէս ականատես վկաներ ներկայացող անձինք, որոնք իրական կեանքում առնչութիւն չունեն միջադէպերի հետ։
– Միջազգային իրաւապաշտպանները պաշտօնապէս դիմել են՝ խնդրելով մուտք երկիր, եւ մուտք դատական նիստերի դահլիճ եւ կրկին մերժւել են։ Արգելափակւել են օտարերկրեայ փաստաբանների մուտքը, որոնք պէտք է իրաւաբանական աջակցութիւն ցուցաբերէին եւ ինչու ոչ նաեւ դիտարկէին դատավարութիւնները։
– Ադրբեջանն ակտիւ գործողութիւններով կանխել է անկախ դիտորդների հետազօտողների փաստաբանների մուտքը դատական նիստերի դահլիճ եւ նպատակը տեղեկատւութիւն թաքցնելն է, քանի որ դատավարութիւնն իմիտացւող է, բայց իրականում այնտեղ տեղի են ունենում աղաղակող մարդու իրաւունքների խախտումներ։ Անկախ մասնագէտներին մեկուսացնելով Ադրբեջանը կանխում է այդ խախտումների փաստաթղթաւորումը։
– Հանրային վտանգաւորութիւն ներկայացնող որեւէ կոնկրետ արարք չի վերագրւում Ռուբէն Վարդանեանին, փոխարէնը առաջ է քաշւում, իրավիճակի, պատմական զարգացումների համար նրա անհատական քրէական պատասխանատւութիւնը։
– Ունենք գերիներ, որոնք ենթարկւել են բռնի անհետացման, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչները մերժում են նրանց գերեվարման հանգամանքները, հրաժարւում են տրամադրել որեւէ տեղեկատւութիւն նրանց գտնւելու վայրի, ճակատագրի առնչութեամբ, չնայած այն բանի, որ կան փաստական տւեալներ, որ ադրբեջանական զինծառայողները որոշակի ժամանակահատւածում նրանց զրկել են ազատութիւնից։ Այսինքն այս անձինք գտնւել են ադրբեջանական ֆիզիկական հսկողութեան ներքոյ, ուստի նրանց ճակատագրերի համար միակ պատասխանատուն եղել է եւ մնում է Ադրբեջանի Հանրապետութիւնը։