ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳ նախարարը «Ալ Ջազիրա»-ին տւած հարցազրոյցում. «Բանակցութիւններ հնարաւոր է, երբ առկայ լինի փոխադարձ յարգանքով խօսելու կամքը»

«ԱԼԻՔ» – «Ալ Ջազիրա»-ին տւած հարցազրոյցում ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում եւ խնդիրների լուծման միակ ճանապարհը տեսնում է դիւանագիտութեան մէջ, միեւնոյն ժամանակ շեշտելով, որ պատերազմի դէպքում՝ Իրանն այսօր վերականգնել է իր պաշտպանական զօրութիւնը եւ աւելի հուժկու պատասխան կը տայ ցանկացած ոտնձգութեանը:

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախկին յատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ կապը պահպանւում է եւ պատգամները շարունակւել են պատերազմից առաջ եւ շարունակւում են նաեւ այսօր, սակայն, նրա խօսքով՝ վերջին գնահատումներով «ԱՄՆ-ը պատրաստ չէ փոխադարձ յարգանքի եւ հաւասարութեան հիման վրայ իրական ու շահեկան բանակցութիւնների։ Նա նշել է, որ «մօտեցումը, որ ուզում են թելադրել, բանակցութիւն չէ», եւ աւելացրել. «Մենք նա չենք, ով ականջ կը տայ ուրիշների թելադրանքին»:

Արաղչին, ընդգծել է, որ Իրանի դէմ 12-օրեայ պատերազմից չստացածը նրանց (ԱՄՆ-ին ու Իսրայէլին) մղեց Իրանի ներսում անհնազանդութեան ցոյցերի անւան տակ իրականացւած ահաբեկչական գործողութիւններով իրացնել, ինչը հերթական անգամ ձախողւեց Իրանի ժողովրդի գիտակից կեցւածքի արդիւնքում:

Նա անմիջապէս յիշեցրել է միջուկային ենթակառոյցների ռմբակոծման մասին եւ նշել, որ դա լրջագոյն խախտում էր միջազգային իրաւունքի ողջ պատմութեան առումով, եւ որ նման երեւոյթի համար աշխարհում չկայ ոչ մի նախադէպ, իսկ գոյութիւն չունի նաեւ ոչ մի ստանդարտ ընթացակարգ այդ արարաքին համապատսխան գնահատական տալու համար: «Իհարկէ եթէ նրանք նորից փորձեն անել նոյն սխալը, մենք պատրաստ ենք եւ կստանան համազօր պատասխան»,- յաւելել է Արաղչին

Մէկ այլ հանդիպման՝ Թեհրանում հաւատարմագրւած տարբեր պետութիւնների դեսպանների հետ հանդիպմանը ԱԳ նախարարը յայտնել է, որ իրանական կողմը երես չի տեքել բանակցային գործընթացից եւ պատրաստ է փոխադարձ յարգանքի հիման վրայ քննարկել կողմերին հետաքրքրող խնդիրներն ու մտահոգութիւնները, սակայն պատրաստ չէ դա անել թելադրանքի ու պարտադրանքի ստւերի ներքոյ:

Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը չի անտեսում պատերազմի հնարաւորութիւնը եւ լիովին պատրաստ է դրան. «ԶՈՒ-ն եւ ժողովուրդը ցոյց տւեցին որ միասնական են եւ պատրաստ են պաշտպանել երկիրը ցանկացած պայմաններում»,- նշել է ԱԳ նախարարը։

Արաղչին յիշեցրել է, որ տարիներ շարունակ Իրանի նկատմամբ կիրառւած պատժամիջոցները չեն լուծել որեւէ խնդիր, եւ գոյութիւն ունի միայն մէկ իրական ելք՝ բանակցային ու դիւանագիտական պատուհանը։

ԱԳ նախարարը քննադատելով որոշ դեսպանների ու դիւանագէտերի ոչ հաւասարակշռւած յայտարաութիւնները կապւած Իրանում տեղի ունեցած անկարգութիւնների ու բողոքի ցոյցերի հետ նշել է. «Դա Իրանի ներքին խնդիրն է եւ Իրանը չի հանդուրժելու արտաքին ճնշումների նպատակով որեւէ միջամտողական կեցւածք»:

Եզրափակելով՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանի դիրքն ու հզօրութիւնը կախւած են իր ժողովրդից եւ կոչ է արել յարգել Իրանի ժողովրդին ու այն համակարգը, որը ժողովուրդի ընտրութեան արդիւնք է։ «Արտաքին աշխարհի հետ մեր ցանկութիւնը խնդիրների լուծումն է՝ դիւանագիտական ճանապարհով»,- ասել է նախարարը:

Նոյն կապակցութեամբ ԱԳՆ ներկայացուցիչ Բաղային յայտարարութեամբ է հանդէս եկել, որտեղ նա հերքել է արեւմտեան որոշ ԶԼՄ-ների հրապարակումներն առ այն, որ Արաղչին ուղիղ կապով խօսել է Ուիթքոֆի հետ եւ քննարկել սպասւող հանդիպման նախապայմանները: Բաղային յիշեցրել է, որ զարգացումների ֆոնին նման քալերը միայն կարող են վնասել առկայ խնդիրների հնարաւոր լուծմանն ուղղւած աշխատանքներին:

Related Articles

Back to top button