ՄիջազգայինՔաղաքական

Փորձագէտ. «Սիրիական ընդդիմութեան առաջնորդն ահաբեկչական կազմակերպութիւն է գլխաւորում»

«ԱԼԻՔ» – ​​Թուրքամէտ «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական կազմակերպութիւնը, որը իշխանութեան է եկել Դամասկոսում, իրեն համարում է չափաւոր, իսկ նրա առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ Ջուլանին ասում է, որ վերանայել է իր տեսակէտները: Նրա զօրքերը կռւել են ԴԱԷՇ-ի դէմ,  նա նոյնիսկ խոստացել է պաշտպանել փոքրամասնութիւններին եւ Սիրիան դարձնել ազատ երկիր: Բայց կարելի՞ է նրան վստահել։

Անվտանգութեան եւ միջազգային յարաբերութիւնների փորձագէտ Դալիա Զիադան գերմանական Bild-ի հետ զրոյցում զգուշացրել է «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի նկատմամբ միամիտ վերաբերմունքից.

«Ասադի ռեժիմը շատ, շատ վատն էր, ուստի նրա համեմատութեամբ բոլորը յաջողութեան են հասնում, նոյնիսկ այնպիսի ահաբեկիչ, ինչպիսին Ալ Ջուլանին է»,- ասել է Զիադան՝ յաւելելով. «2011 թւականին, երբ սկսւեց քաղաքացիական շարժումն Ասադի դէմ, «նա (Ալ Ջոլանի-ԽՄԲ.) «Ալ Ղաիդա»-ի հետ էր»: Սա ահաբեկչական («Հայաթ Թահրիր ալ Շամ»-ԽՄԲ.) կազմակերպութիւն է, որը պայքարել է այն արժէքների դէմ, որոնց պաշտպանել է յեղափոխութիւնը։ Ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների դէմ մի անգամ արմատականը, միշտ արմատական է։ Չեմ կարծում, որ նա զարգացել  կամ փոխւել է: Հիմա նա ահաբեկչական կազմակերպութիւն է գլխաւորում»։

Զիադայի կարծիքով՝ Ալ Ջուլանին ունի նոյն գաղափարախօսութիւնը, ինչ ԴԱԷՇ-ն ու «Ալ Ղաիդա»-ն: Նրանց հետ նրա թշնամութիւնը բացատրւում է ոչ թէ համոզմունքների տարբերութեամբ, այլ նրանով, որ նրանք սպառնում էին  Սիրիայում Ջուլանիի եւ նրա խմբի շահերին։ Նոյնիսկ եթէ նա ինքը «փորձում է քաղաքական գործիչ խաղալ», նրա մարտիկներն ու կողմնակիցները «կրկնում են նոյն վտանգաւոր հռետորաբանութիւնը», ինչպէս միւս ահաբեկչական կազմակերպութիւնները: Այն ներառում է ատելութիւն կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ, ինչպիսիք են քրիստոնեաները Սիրիայում, խտրականութիւն կանանց նկատմամբ:

«Սա սարսափելի է։ Այդ ահաբեկչական կազմակերպութիւնները չեն փոխւի։ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը ահաբեկչական կազմակերպութիւն է։ Մենք երբեք չպէտք է մոռանանք սա»:

Փորձագէտը նաեւ մտավախութիւն է յայտնել, որ Սիրիայում ահաեբկիչների յաջողութիւնը կարող է ոգեշնչել արաբական երկրներում /որտեղ իշխում են ժողովրդականութիւն չվայելող բռնապետներ/ այլ ծայրայեղական ​​խմբերին:

«Սիրիական սցենարը» կարող է կրկնւել»,- եզրափակել է նա:

Related Articles

Back to top button