Արցախի հարցում Արեւմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց
Արցախում հայութեան բռնի տեղահանման եւ էթնիկ զտման ֆոնին աշխարհում՝ մեծութեամբ երկրորդ պետութիւնը փորձում է իր ազդեցութիւնը մեծացնել Հարաւային Կովկասում՝ Հայաստանում բացելով տարածաշրջանում իր առաջին դիւանագիտական ներկայացուցչութիւնը։ Մեր երկրում դեսպանութիւն բացելու հրատապութեան իրական շարժառիթի, Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանի, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հակամարտութիւնների հարցում Կանադայի որդեգրած քաղաքականութեան, տեղի հայ համայնքի՝ իրավիճակի վրայ ազդելու փորձերի եւ այլ հարցերի շուրջ «News.am»-ը զրուցել է ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանի հետ։
– Պարոն Գարագաշեան, Ձեզ համար տարօրինակ չէ՞ Կանադայի կառավարութեան՝ Հայաստանում հրատապ դեսպանութիւն բացելու նախաձեռնութիւնը՝ հաշւի առնելով, որ տասնամեակներ շարունակ Կանադան խուսափում էր նման քայլի դիմելուց։
– Մենք 30 տարուց աւելի է Կանադայի կառավարութիւնից պահանջում էինք Հայաստանում իր դեսպանատունը բացել՝ նպատակ ունենալով խորացնել հայ-կանադական յարաբերութիւնները, սակայն նախքան 2020 թ․ պատերազմը Կանադայի իշխանութիւնները պարզաբանում էին, թէ իբր Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան ֆոնին ճիշտ չէ նման քայլի գնալը, եւ եթէ մտադրութիւն ունենան, ապա դեսպանատուն կը բացեն տարածաշրջանային չէզոք երկրում՝ Վրաստանում։ Գործընթացն արագացաւ 2020 թ․ Արցախեան պատերազմից եւ դրան յաջորդած ռուս-ուկրաինական հակամարտութեան սրացումից յետոյ, երբ Կանադան նոյնպէս ամբողջութեամբ որդեգրեց Ռուսաստանի դէմ արեւմտեան արտաքին քաղաքականութիւնը։ Մոսկւայում Կանադայի դեսպանատան գործունէութեան կասեցումից յետոյ՝ Ռուսաստանին հակակշռելու նպատակով, ինչպէս նաեւ օգտագործելով հայ-ադրբեջանական պատերազմից յետոյ այս տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը, Կանադան արագացրեց Հայաստանում դեսպանատուն բացելու գործընթացը։
– Կանադայում հայ համայնքը ակտիւ դերակատարում է ունեցել Արցախեան հիմնահարցի բարձրացման, մեր ժողովրդի շահերի պաշտպանութեան հարցում։ Արցախում Ադրբեջանի գերիշխանութեան ամբողջական տարածման, ինչպէս նաեւ հայութեան բռնի տեղահանման ֆոնին կարելի՞ է արձանագրել, որ իրավիճակի վրայ ազդելու ձեր ջանքերն անյաջողութեամբ պսակւեցին։
– 2020 թ. պատերազմին եւ դրան յաջորդած ժամանակահատւածում մենք ճնշում գործադրեցինք՝ պահանջելով Կանադայի կառավարութիւնից գործուն քայլեր ձեռնարկել Արցախում հայութեան անվտանգութեան ապահովման, արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի մշակութային կոթողների պահպանման եւ այլ կարեւորագոյն հրատապ խնդիրների լուծման հարցում։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ հանդիպումների ընթացքում մենք նշել ենք, որ Կանադայի դեսպան նշանակելուց աւելի կարեւոր են արցախահայութեան իրաւունքներն ու շահերը։ Կանադան, լինելով Արեւմտեան օղակի անդամ, պնդում էր, որ չի կարող լուրջ ազդեցութիւն ունենալ այս գործընթացների վրայ՝ արդարանալով, թէ իրենք «միջին քաշի ուժ են» եւ իրենցից շատ բան կախւած չէ։ Կանադայի իշխանութիւնները տարածաշրջան՝ Արեւմուտքի «ներթափանցման» ալիքի տակ հրատապ իրենց ներկայութիւնն ամրապնդեցին Հայաստանում։ Դեսպանատուն բացելու միջոցով այդ երկրի իշխանութիւնները փորձում է նաեւ գոհացնել հայ համայնքին, մինչդեռ իրենք էլ լաւ գիտեն, որ մեզ համար օրակարգում Արցախն է ու հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան համար գործուն քայլեր ձեռնարկելը։ Հայ համայնքն ուրախ է, որ Կանադան ներկայացւածութիւն է ունենում Հայաստանում, սակայն ստեղծւած իրավիճակում դեսպանութեան ներկայութիւնը խորհրդանշական բնոյթ է կրելու եւ դրանից ամենեւին էլ պէտք չէ ոգեւորւել։ Մենք մշտապէս յայտարարել ենք, որ եթէ ցանկանում էք դեսպանատուն բացել, մի արէք այդ քայլն ընդդէմ Ռուսաստանի, այլ արէք յանուն Հայաստանի։
– Ինչպէ՞ս կը բնութագրէք Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրիւ Թերներին։
– Թերները փորձառու դիւանագէտ է, քաջատեղեակ է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից, շատ լաւ հասկանում է, թէ ինչ է կատարւում այս տարածաշրջանում, սակայն որպէս արեւմտեան երկրի դիւանագէտ, բնականաբար ինքը եւս շարունակելու է Արեւմուտքի խօսոյթն առաջ քաշել։ Մենք ուշի ուշով հետեւելու ենք բոլոր զարգացումներին, հաշւի ենք առնելու դեսպանի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ նրա՝ նախկինում յայտնած դիրքորոշումները եւ հետեւողական ենք լինելու, որ դեսպանատան գործունէութիւնը միտւած լինի ի շահ մեր երկրների։
– Արդեօք Կանադան ունէ՞ր լծակներ՝ զսպելու Ադրբեջանի ռազմական նկրտումները եւ կանխելու Արցախի հայաթափումը։
– Հայ-ադրբեջանական հակամարտութեան հարցում Կանադան չափազանց զգուշաւոր քաղաքականութիւն է վարում։ Դեռեւս օգոստոսին մենք Կանադայի արտաքին գործերի նախարարին յայտնել ենք, որ եթէ ցանկանում են իրավիճակի վրայ ազդեցութիւն ունենալ եւ խնդրի հարցում ինչ-որ բան փոխել՝ չպէտք է սահմանափակւեն դատապարտող կոչերով, այլ պէտք է կոնկրետ սանկցիաներ կիրառւեն Ադրբեջանի նկատմամբ, ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ այն դիտարկելով ոչ թէ միջազգային իրաւունքի համատեքստում բարձրացւած հարց, այլ առաջնորդւեն Կոզովոյի օրինակով՝ «Անջատում յանուն փրկութեան» սկզբունքով։ Փաստացի մեր խօսքն ազդեցութիւն չունեցաւ եւ Կանադան խնդիրը դիտարկեց աշխարհաքաղաքական շահերի բախման համատեքստում՝ մասնակցելով Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագրին՝ հարկ եղած դէպքում Արցախը հայաթափելու եւ մարդկանց այսօրւայ իրավիճակին հասցնելու գնով։ Մենք այդ մէկի վրայ, մեղմ ասած, թքած ունենք եւ երբ ընտրութիւնները մօտենան, Կանադայի հայերն իրենց դիրքորոշումը ցոյց կը տան։
– Այս օրերին միջազգային լրատւամիջոցները ողողւած են գաղթական դարձած արցախցիների յուզիչ լուսանկարներով եւ տեղահանութեան մասին վկայող վերնագրերով, մինչդեռ փաստն այն է, որ Արեւմուտքի աչքի առաջ թուրք–ադրբեջանական տանդեմը ցեղասպանութիւն իրականացրեց եւ բռնի տեղահանեց աշխարհի ամենահին քրիստոնէական համայնքին։ Ի՞նչ կասէք այս մասին։
– Իրաւացի էք, Արցախի հարցում Արեւմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց։ Այժմ Արեւմուտքը՝ այդ թւում Կանադան, Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման եւ արցախահայութեան շահերի պաշտպանութեան հարցում ցուցաբերած անգործութիւնը փորձում է կոծկել Հայաստանին հումանիտար օգնութեան նպատակով գումարներ ուղարկելով։ Սա նման է մարդու մահից յետոյ նրա հոգեհանգստին մասնակցելուն, լաց լինելուն եւ հանգուցեալի հարազատներին նւիրատւութիւն անելուն։
– Մեր ժողովրդի համար պատմական այս ծանր շրջափուլում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կանադայի հայ համայնքը պատերազմից յետոյ ստեղծւած աղէտի հետեւանքները մեղմելու, Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ թուրք–ադրբեջանական նոր սպառնալիքներին դիմակայելու հարցում։
– Այս օրերին հանգանակութիւններ ենք անում արցախահայութեանն օգնելու համար, Տորոնտոյում հայերի մասնակցութեամբ բողոքի ցոյցեր տեղի ունեցան, սակայն սրանով չենք սահմանափակւելու։ Հեռանկարում մենք նպատակ ունենք լուրջ ազդեցութիւն ունենալ Կանադայի քաղաքական որոշումների վրայ։ Այսօր պատերազմի մէջ գտնւող Ուկրաինան այստեղ շուրջ մէկմիլիոնանոց համայնք ունի, անգամ Կանադայի փոխվարչապետն է ծագումով ուկրաինացի։ Կանադայում այսօր աւելի քան 100.000 հայ է ապրում, որոնք տասնամեակների ընթացքում հասցրել են լուրջ դերակատարում ունենալ երկրի տնտեսութեան եւ այլ ոլորտներում։ Ճիշտ է, հայերն այսօր ներկայացւած են Կանադայի քաղաքային եւ տեղական իշխանութեան մարմիններում, տարբեր պետական կառոյցներում, սակայն դա բաւարար չէ արդիւնքի հասնելու համար։ Այսօր, առաւել քան երբեւէ պէտք է մեր ներուժն օգտագործենք եւ գալիք տասնամեակներում որոշիչ ազդեցութիւն ունենանք Կանադայի քաղաքական կեանքում՝ փորձելով տւեալ երկրի քաղաքական որոշումները ծառայեցնել ի շահ մեր պետութեան եւ ժողովրդի։
«Arfd.am»