Լաչինի միջանցքի շրջափակումը պէտք է դիտարկւի որպէս ցեղասպանութիւն
Եւրոխորհրդի Նախարարների կոմիտէի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկւել է Լաչինի միջանցքի արգելափակումը եւ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Յայտնել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչութիւնը:
ԵԽ գլխաւոր քարտուղար Մարիա Պէյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտէին ներկայացրել է մայիս-յուլիսին ԵԽ բարձրաստիճան պատւիրակութեան Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդիւնքները։
Մի շարք պատւիրակութիւններ, այդ թւում նաեւ՝ Եւրոմիութեան պատւիրակութիւնը, հանդէս են եկել Լաչինի միջանցքում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ յայտարարութիւններով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրեանը նշել է, որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատւիրակութիւնը, մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողութիւններով բացայայտ ի ցոյց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եւրոխորհրդին անդամակցութեամբ ստանձնած պարտաւորութիւնների հետ։
Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետեւանքով ստեղծւած հումանիտար եւ մարդու իրաւունքների ճգնաժամը րոպէ առաջ կասեցնելու անհրաժեշտութիւնը: Յորդորել է Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը եւ լիարժէք կերպով կատարել Միջազգային արդարադատութեան դատարանի եւ ՄԻԵԴ-ի իրաւականօրէն պարտադիր ուժ ունեցող որոշումները։
«Որպէս առաջնային հրատապ քայլ՝ Եւրոխորհուրդը պէտք է փաստահաւաք առաքելութիւն գործուղի Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ։ Փաստահաւաք առաքելութիւն հայցւել է նաեւ Լաչինի միջանցքի վերաբերեալ ԵԽԽՎ բանաձեւում, իսկ ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատար Դունիա Միատովիչը հաստատել է պատրաստակամութիւնը մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրեանը։
Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքների եւ անվտանգութեան հարցերը պէտք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխօսութեան միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Նախարարների կոմիտէի օրակարգային մէկ այլ կէտի ներքոյ քննարկւել է Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյի՝ «Ցեղասպանութիւն հայերի դէմ 2023 թւականին» զեկոյցը։ ԵԽԽՎ պատգամաւոր Պիետեր Օմցիգի գրաւոր հարց էր ուղղել ԵԽ Նախարարների կոմիտէին, թէ ինչ քայլեր է ձեռնարկել Նախարարների կոմիտէն՝ կանխարգելելու հայերի դէմ ցեղասպանութեան իրականացումը, եւ արդեօք առկայ սպառնալիքը հետեւանքներ ունի՞ ԵԽ անդամ Ադրբեջանի համար։
Դեսպան Խաչատրեանն անդրադարձել է Օկամպոյի զեկոյցին եւ ներկայացրել է դրա եզրակացութիւնը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պէտք է դիտարկւի որպէս ցեղասպանութիւն՝ համաձայն Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնւենցիայի 2-րդ յօդւածի։
Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան վտանգների վերաբերեալ առկայ են նաեւ այլ հեղինակային կարծիքներ եւ զեկոյցներ, ինչպէս օրինակ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով նախկին յատուկ խորհրդական Խուան Մենդէսի զեկոյցը։
Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողութիւններն ընդդէմ Լեռնային Ղարաբաղի հակասում են ԵԽ սկզբունքներին եւ արժէքներին: Եւրոխորհուրդը չի կարող անհետեւանք թողնել Ադրբեջանի անդամակցութեան եւ կոնւենցիոն պարտաւորութիւնների ակներեւ խախտումները։