Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանական շարժերն Արցախի ու ՀՀ-ի տարբեր ուղղութիւններով աճում են․ Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձեւաւորել ուժի կիրառման համար»
Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղութիւններով որոշակիօրէն աճում են: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Յատկապէս Արցախի պարագայում դրանք առաւել վտանգաւոր են այն պատճառով, որ չնայած ըստ Արցախի Սահմանադրութեան, նախագահի հրաժարականից յետոյ այդ պարտաւորութիւնը ժամանակաւորապէս դրւել է ԱԺ նախագահի վրայ, սակայն ամէն դէպքում անցումային ժամանակահատւած է, նախագահի ընտրութիւնը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից եւ դրսիչ քիչ չեն:
Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիւացման ժամանակը եւ այս օրերին, նաեւ այս ձեւով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ:
Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձեւաւորել ուժի կիրառման համար եւ պատահական չէ նրա ԱԳ նախարարի եւ նախագահի՝ արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը:
Արցախն ու արցախցին դիմակայում են սովին, տոտալ բլոկադային, անորոշութեանը, դաւաճանութեանը ու դրա դիմադրութեան ռեսուրսը ստեղծւած ծանր իրավիճակում շարունակւում է մաշւել:
Այս տեսանկիւնից առանձնապէս տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու Արցախեան բլոկադան ու նրա դէմ հնարաւոր ագրեսիան:
Իսկ հայաստանեան իշխանութիւնների մասին արդէն ամէն ինչ պարզ է ու ամէն ինչ ասւած», – գրել է նա: