Իրանի մասնակցութիւնը Կովկասի անվտանգութեանը՝ սորոսիզմի թիւ մէկ «մտահոգութիւնը»
Ինչո՞ւ է աղմկում «տգէտը»
«ԱԼԻՔ» – Վերջին շրջանում, յատկապէս, ՀՀ պաշտպանութեան նախարարի Իրան կատարած այցից յետոյ, յաճախակի են դարձել հայաստանեան «Իրազեկ քաղաքացիների միաւորում» կենտրոնի հակաիրանական տրամադրութիւն տարածող հրապարակումները:
Հայաստանում սորոսական շարժումը, որն արդէն ենթադրում է, որ Ռուսաստանը շուտով դուրս է բերելու իր զօրքերը Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններից միաժամանակ դատարկելով Գիւմրիում ու Էրեբունիում զբաղեցրած բազաները, անցել է իր «առաքելութեան» յաջորդ բաժնին գործի դնելով հակաիրանական քարոզչամեքենան:
Սորոսական կենտրոնի մեդիայի ուշադրութիւնն այժմ սեւեռւած է Իրան-Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի ուղղութեամբ: Նրանց վերագրւած Youtube-ի էջում տեղադրւած երկու րոպէանոց վերջին տեսանիւթում նշւած են Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մէջ գտնւող երեք երկրները՝ Սիրիան, Եմէնը, եւ Լիբանանում որոշիչ դիրք զբաղեցնող «Հեզբօլլահ»-ը:
Տեսանիւթն ուղեկցւում է խօսքով, որտեղ նշւում է, որ Սիրիան մինչեւ Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, համեմատւում էր Լեհաստանի հետ: Իսկ 10-ամեայ քաղաքացիական պատերազմից յետոյ, ինչը խաղաղ ցուցարարներին Ասադի հրամանով սպանդի ենթարկելու բերումով է բռնկւել (ձեւակերպումը աղբիւրինն է) այժմ այն համեմատւում է միայն աֆրիկեան ամենավատ պայմաններում գտնւող երկրների հետ: Եմէնի մասին նոյնպէս նշւում է, որ Իրանի պատճառով այնտեղ շուրջ 10 տարի է ինչ մարդիկ պատերազմում են միմեանց դէմ, ինչի հետեւանքով 400 հազար մարդ է զոհ գնացել, որից 70 հազարը կանայք եւ երեխաներ են: «Հեզբօլլահ»-ի մասով եւս նման մօտեցում կայ, իսկ այս բոլորը երկու րոպէի ընթացքում, այսինքն այսօրւայ սոցիալական ցանցեր ստուգող օգտատէրերի համբերութեան սահմաններում:
Նիւթիս նպատակը ներկայացրած պատմութիւնը մեկնաբանելն ու լուսաբանելը չէ, թէ արդեօք Սիրիայում կամ Եմէնում, կամ նոյնիսկ Լիբանանում կողմերի միջեւ կռիւն ու պայքարն ինչ ակունքներ ունի, այլ՝ այն փաստերի լուսաբանումն է, թէ Փաշինեանի եւ իր թիմակիցների գաղափարական յենակէտ համարւող միաւորն այժմ ինչ օրակարգով է հրապարակ իջել:
Տեսանիւթում փորձ է արւել ներշնչել այն մասին, իբր Իրանը մտադիր է ստեղծել անվտանգային այնպիսի միջավայր, որը Հայաստանին կը ստիպի ընդունել Իրանի ուժերի տեղաբաշխումը Սիւնիքում՝ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Թուրքիայի ճնշման պայմաններում:
Այն մասին, որ Կովկասում դերակատարների մրցակցութիւնը թէժանում է՝ կասկած չկայ: Սակայն, երբ այդ մրցակցութեան նժարը ծանրութիւն է անում Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմը, սորոսական այդ քարոզչամեքենան գործի անցնելով փորձում է հանրութեան աչքին թոզ փչել: Չնայած այլեւս նախկինի պէս ոչ մէկը նրանց համար հալումաշ չի լինում քոմենթների բաժնում: Այս մասին միայն այսքանը, որ վեց օրւայ ընթացքում վերոնշեալ տեսանիւթը հազիւ հաւաքել է 41 լայք, ինչը նոյն կենտրոնից հոնորար ու աշխատավարձ ստացողների թւին մի քանի անգամով զիջում է:
ՀԱՏԻՍ