Իրանը դատապարտել է Ֆրանսիայի կառավարութեան կողմից ահաբեկչական խմբաւորումների համաժողովի անցկացման համար տրւած արտօնութիւնը
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը դատապարտել է Ֆրանսիայի թոյլտւութեամբ «մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորման նիստի անցկացումը՝ որպէս ահաբեկչութեանն աջակցելու Ֆրանսիայի կառավարութեան կողմից միջազգային իրաւական պարտաւորութեան խախտման վառ օրինակ: Այս մասին է տեղեացրել ԻՌՆԱ-ն:
Աղբիւրի համաձայն Էսմայիլ Բաղային, անդրադառնալով «մոնաֆեղին»-ի յանցաւոր անցեալին, որը հանգեցրել է հազարաւոր անմեղ քաղաքացիների նահատակութեանը եւ հազարաւոր այլ տուժածների, ինչպէս նաեւ այդ խմբաւորման մեղսակցութեանը Սադդամի ռեժիմի հետ՝ ռազմական ագրեսիայի ժամանակ, Իրանը միջազգային կոնւենցիաների համապատասխան իրաւական պարտաւորութիւնների խախտում է համարում այս խմբաւորման տարրերի շարունակական ներկայութիւնն ու գործունէութիւնը Ֆրանսիայում:
«Ահաբեկչութեան նկատմամբ նման մօտեցումը Ֆրանսիայի կառավարութեանը կարող է կանգնեցնել միջազգային պատասխանատւութեան առաջ եւ դատապարտելի է ու անընդունելի՝ բարոյականութեան եւ մարդու իրաւունքների չափանիշների առումով»,- նշւած է յայտարարութեան մէջ:
Բաղային ահաբեկչական այդ յանցագործերին հանդիպում անցկացնելու թոյլտւութիւն տալը գնահատել է որպէս բռնութիւն հրահրելու, ատելութիւն տարածելու եւ Իրանի ներքին գործերին միջամտելու վառ օրինակ: