Մարտի 13-ը Եղիշէ Չարենցի (1897-1937) ծննդեան օրն է
Յարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմութիւնը մեր հոգու՝
Անրջական կարօտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմութիւնը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարօտ, ինչ-որ սէր:
Ու սիրում ենք առաւօտից իրիկուն
Ճամփայ երթալ – ու յաւիտեան երազել:
Աչքերիս մէջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դիւթական –
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բի՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պէս մեր մանկութիւնը անցաւ՝
Գորշ, անարեւ, անմխիթար մանկութիւն:
Զառանցանքի պէս մանկութիւնը անցաւ –
Ու հեռացանք: Ու չենք դառնայ կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով յաւերժական հեռուներ:
Կեանքը դարձաւ յաւերժական մի փնտրում –
Մութ, անհեթեթ, տարօրինակ կեանքը մեր:
Ու օրերում բազմագոյն ու բազմազան
Վառւեց, վառւեց ողջակիզւող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր – արեւներ չտեսան,
Եւ մեր սրտերը – լուսաւոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը յաւիտեան
Որոնեցին պատահական աչքերում
Յարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտւեց հայեացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազօրէն – հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրոյ ու հացի.
Սիրտս լցւեց… բայց չգիտեմ, թէ ինչու –
Գորշ օրերի տաղտկութիւնը երգեցի…
Թաղւած մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչեայ երջանկութեան առասպել.
Մի երկնային առնչութեան պատմութիւն –
Ու կարծրացաւ սիրտս՝ անլոյս ու անբեր:
Չէ՞ որ կեանքում չհասկացաւ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսաւո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարօտները հրկէզ –
Ու հեռացան: Ու ո՛չ մի լոյս չբերին:
Քոյրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եւ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պէս,
Կեանքը դարձաւ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
Մարտի 13-ը հայ գրականութեան ամենաանհաս գագաթներից մէկի՝ Եղիշէ Չարենցի (1897-1937) ծննդեան օրն է:
Այսօր նա դարձաւ 127 տարեկան: