Սերգէյ Շահվերդեան. «Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցին աղւանացնելու երեւոյթը նոր չէ»
Alpha News-ի ուղիղ եթերում Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար Սերգէյ Շահվերդեանն ասել է, որ Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցին աղւանացնելու երեւոյթը նոր չէ.
«Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցին աղւանացնելու երեւոյթը նոր չէ, որովհետեւ վերջին 3 տարւայ ընթացքում Ադրբեջանը շարունակաբար կազմակերպում էր ուդիական համայնքի, այսպէս կոչւած, այցելութիւններ Սուրբ Յարութիւն եկեղեցի, այնտեղ ինչ-որ ծիսակատարութիւններ էին իրականացնում: Նաեւ ժամանակին հրապարակւել էին կադրեր, թէ ինչպէս են տապանաքարերի հետ ինչ-որ անհասկանալի մանիպուլիացիաներ անում:
Ադրբեջանը նշում է, որ այդ եկեղեցին կառուցւել է 12-րդ դարում: Իբր 18-րդ դարում հայերի՝ այստեղ յայտնւելուց յետոյ օգտագործւել է որպէս հայկական եկեղեցի ու անհրաժեշտ է իրականացնել հնագիտական պեղումներ, կազմել վերականգնման նախագիծ ու վերականգնումն իրականացնել»,- նշել է Շահվերդեանը:
Մեր զրուցակիցը նշել է, որ կան բազում արխիւային փաստաթղթեր ոչ միայն հայկական, նաեւ ռուսական աղբիւրներից, որտեղ նշւած է, որ Հադրութի այդ եկեղեցին հայկական է.
«Բազմիցս փաստագրւել է, որ Հադրութի Սուրբ Յարութիւն եկեղեցու մասին վիճելի հարցեր չկան, կան արխիւային փաստաթղթեր: Այն եկեղեցին, որը մենք տեսնում ենք այսօր, կառուցւել է 18-19-րդ դարերում:
Մենք ունենք Ծաղկավանքի եկեղեցին, որտեղ Ադրբեջանի ղեկավարը կնոջ հետ հրահանգներ էր տալիս դիտորդներին՝ հայկական գրութիւնները վերացնել այնտեղից՝ մեկնաբանելով, թէ այդ արձանագրութիւնները աւելի ուշ են սարքւած: Նոյն վիճակում են Տող գիւղի երեք եկեղեցիները»,- նկատել է Սերգէյ Շահվերդեանը: