Հայաստան - ԱրցախՄշակութային

«Յաւերժի վաւերագրութիւն. Արցախ»-ը՝ Panorama.am-ի լուսանկարչի ֆոտոխցիկում. նա մրցանակի է արժանացել

Հայաստանի պատմութեան թանգարանում բացւեց «Յաւերժի վաւերագրութիւն. Արցախ» լուսանկարչական ցուցահանդէսը։ Ցուցահանդէսում տեղ են գտել համանուն մրցոյթի մասնակիցների կողմից ուղարկւած 50-ից աւելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգութիւնը։

Մրցոյթը յայտարարել էր Հայաստանի պատմութեան թանգարանը եւ Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանը «Յաւերժի վաւերագրութիւն. Արամ, Արա, Արտաշէս Վրոյրներ» ցուցադրութեան շրջանակում։

Արամ եւ Արա Վրոյրների շնորհիւ պահպանւել եւ մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացւած Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։ Իսկ «Յաւերժի վաւերագրութիւն. Արցախ» ցուցահանդէսում ներկայացւած լուսանկարների միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն եւս մէկ անգամ ներկայացնել Արցախի հարուստ մշակութային ժառանգութիւնը՝ այցելուների ուշադրութիւնը սեւեռելով դրա պահպանութեան հրատապութեան վրայ, որոնք վերացման վտանգի առաջ են յայտնւել 2020 թ. 44-օրեայ պատերազմից եւ 2023 թ. սեպտեմբերին Արցախի բնակչութեան բռնի տեղահանութիւնից յետոյ։

Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէն Դաւիթ Պօղոսեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ նման ցուցահանդէս կազմակերպելը ծրագրւած չէր, մրցոյթի ընթացքում է առաջացել նման գաղափար։

«Ցուցադրութիւն կազմակերպելու գաղափարն առաջացաւ՝ ելնելով այն իրավիճակից, որ, ցաւօք ունեցանք՝ Արցախի բռնազաւթում, էթնիկ զտում։ Կարծես ինչ որ առումով պատմական նմանութիւններ առաջացան այն իրավիճակի հետ, երբ Վրոյրներն էին աշխատում»,- ասաց Դ. Պօղոսեանը:

Լուսանկարները պատմում են վտանգի տակ յայտնւած հայկական մշակութային ժառանգութեան մասին:

«Ժառանգութիւն, որը, յուսով եմ, կը պահպանւի, չի արժանանայ այն յուշարձանների ճակատագրին, որոնք, ցաւօք, հիմա միայն ունենք Վրոյրների լուսանկարների շնորհիւ»,- ասաց Դ. Պօղոսեանը:

Մրցանակներ շնորհւեցին «Լաւագոյն գեղարւեստական լուսանկարչութիւն» ու «Լաւագոյն վաւերագրական լուսանկարչութիւն» անւանակարգերում։ Մրցանակակիրների թւում ինչպէս Հայաստանից, այնպէս էլ Արցախից բռնի տեղահանւած լուսանկարիչների աշխատանքներ են։

Յատուկ մրցանակի արժանացաւ Արցախից Մարիա Մինասեանը։ Նա լուսանկարել էր Ստեփան Շահումեանի արձանը։ Ցուցադրութեան համադրող Մարինէ Յարոյեանն ասաց, որ ինքը ներկայացւած լուսանկարների մէջ փնտրում էր վաւերագրութիւն ու տեսաւ Շահումեանի արձանը։

«Ցաւօք, հէնց այդ օրերին Արցախում Ստեփան Շահումեանի արձանը վանդալիզմի էր ենթարկւել»,- ասաց նա։

«Լաւագոյն գեղարւեստական լուսանկարչութիւն» անւանակարգերում մրցանակի արժանացաւ նաեւ Panorama.am լրատւական կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստեանը։ Նա ներկայացրել է «Մենք ենք մեր սարերը» լուսանկարը։

«Ընկերուհիներով սովորութիւն ունէինք տարւայ մէջ պարտադիր մի քանի օր անցկացնել Արցախում։ Եթէ նոյնիսկ տարբեր երկրներ էինք գնում, օգոստոսի վերջին օրերին պէտք է անպայման լինէինք Արցախում։ Ես էլ լինելով լուսանկարիչ՝ լուսանկարչական ապարատս ամենուր հետս է։ Գնացել էինք Տատիկ-պապիկ յուշարձանի մօտ։ Յանկարծ պտտւեցի ու տեսայ՝ արեւ, երիտասարդները բարձրանում էին դէպի յուշարձան։ Շատ խորհրդանշական ու գեղեցիկ պահ էր։ Նկարեցի։ Հիմա, որ նայում եմ՝ երիտասարդներ, արեւ, կարծես յոյս է արթանանում, որ մենք էլի մի օր այնտեղ ենք լինելու ու էլի հանգստանալու ենք, էլի լուսանկարելու եմ Արցախը՝ իր անկրկնելի բնութեամբ ու յուշարձաններով»,- ասաց Լիլիան Գալստեանը։

Նա խոստովանեց՝ չի պատկերացրել, որ մի օր կը մասնակցի նման ցուցահանդէսի, որտեղ ցաւ է զգում, ցաւ, քանի որ լուսանկարներում ներկայացւած յուշարձաններն այլեւս չի կարող լուսանկարել։ Թերեւս… որոշ ժամանակ։

«Շատ եմ ուզում, որ մարդիկ շատ լսեն Արցախի մասին, շատ խօսեն Արցախի մասին, Արցախի մասին լինեն շատ նիւթեր ու լուսանկարներ։ Հէնց դրա համար էլ մասնակցեցի»,- ասաց Լիլիան Գալստեանը։

Panorama.am

Related Articles

Back to top button