Երեւանում բոյկոտ՝ հանրային տրանսպորտի թանկացման դէմ
«ԱԼԻՔ» – Երեւանում, երէկ՝ փետրւարի 1-ին, քաղաքացիները բոյկոտել են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին են միացել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան ՆԱՈՒՄ անդամները:
«8 միլիոն դրամ ինքնաթիռին գումար տւող քաղաքապետին (Տիգրան Աւինեան-ԽՄԲ.) դժւար է հասկանալ 36 հազար դրամ ստացողի վիճակը»,- լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը։
Նա նշել է, որ դժւար իշխանութիւնները հասկանան, որ 36 հազար դրամ թոշակ ստացողի համար ամսական լրացուցիչ թէկուզ 5000 դրամ աւելի վճարելը կենսական խնդիր է։
«Հետեւողական ենք լինելու, եթէ հանրութիւնը ոտքի կանգնի ու իր խօսքն ասի, նահաջելու են։ Վախկոտների իշխանութիւն է, քայլ են անում, տեսնում են հանրութիւնը ընդվզում է, յետքայլ են անում ոչ թէ խնդիրը լուծելու համար, այլ թաքնւում են՝ յարմար առիթի կրկին յարձակւելու հանրութեան վրայ, որի ուսերով եկան իշխանութեան եւ խաբեցին»,- ասել է նա։
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը նոյնպէս երթեւեկել է Երեւանի հասարակական տրանսպորտով, զրուցել քաղաքացիների հետ, բացատրել թանկացման հետեւանքները։
Ըստ նրա՝ քաղաքային իշխանութիւնները հասկանում են՝ մեծ խնդիրներ կարող են ունենալ, ժողովուրդը դժգոհ է, դրա համար յետքայլ արեցին:
Նա նշել է, որ պէտք չէ հաւատալ իշխանութիւններին։ Այս մարդիկ շարունակում են անընդհատ մտնել քաղաքացիների գրպանը, ուզում են մինչեւ վերջ թալանել:
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի խօսքով՝ մարդիկ ոչ մի բարեփոխում չեն տեսել, աւելի երկար են տրանսպորտին սպասում, մի քանի երթուղի են ստիպւած փոխել, որպէսզի հասնեն այն կէտը, որը ուզում են։ Եւ ամենակարեւորը, սոցիալական վիճակը որեւէ կերպ չի բարելաււել»:
«Մի քանի օր բոյկոտը շարունակելու դէպքում քաղաքային իշանութիւնը զիջման կը գնայ»,- լրագրողների հետ զրոյցում աասել է ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչութեան ներկայացուցիչ Տարօն Ղազարեանը։
Քաղաքացիներն իրենց հերթին արձագանգել են, նշելով, որ դէմ են քաղաքապետարանի որոշումներին ու չեն վճարելու թանկացւած ուղեվարձը։
Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ բոյկոտը կրել է մասայական բնոյթ, իսկ աւտոբուսի վարորդների մեծամասնութիւնը եւս միացել է քաղաքացիներին:
Հանրային տրանսպորտի թանկացման դէմ բոկոտի ակցիային մասնակցել են նաեւ քաղաքական այլ ուժեր, այդ թւում՝ Անդրանիկ Թեւանեանի գլխաւորած«Մայր Հայաստան» դաշինքը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանի գլխաւորած «Ազգային առաջընթաց» կուսակցութիւնը:
Նշենք, որ 2025 թւականի փետրւարի 1-ից Երեւանում ներդրւել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենայ 150 դրամ եւ կը գործի մինչեւ 2026 թւականի յունւարի 1-ը։