Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ Բելգիայի Հայերի Վեհաժողովի կողմից
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ Բելգիայի Հայերի Վեհաժողովի կողմից ի պատասխան Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նրա վերջին յայտարարութիւնների.
Պարոն Վարչապետ,
Շւէյցարահայ մի խումբ գործարարների առջեւ կատարած ձեր յայտարարութիւններից յետոյ ﬔնք ուղղակի ցնցւած ենք եւ չենք կարողանում հասկանալ այդ յայտարարութիւնների տրամաբանութիւնը, իմաստը կամ նպատակը։
Այս նամակով ցանկանում ենք Ձեզ յայտնել ﬔր խորին մտահոգութիւնը։
Ելնելով ﬕնչեւ 2020 թւականը 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ձեր նախկին յայտարարութիւններից՝ ﬔնք կարծում էինք, որ կասկած չկայ ճշմարտութեան վերաբերեալ, թէ ինչու եւ ով է դրդել ցեղասպանութիւնը։ Առաւել եւս, 2020 թւականից յետոյ Ձեր յայտարարութիւններից, որոնք, ըստ էութեան, ասում էին, որ ցեղասպանութեան հարցը ոչ թէ ձեր կառավարութեան առաջնահերթութիւնն է, այլ՝ Սփիւռքի: Այդ իրականութիւնը ընդունեցինք ի գիտութիւն` որպէս Հայաստանի Հանրապետութեան ներքին գործ՝ բխող պետութեան առաջնահերթութիւններից ու բարձր շահերից։
Սակայն զարմանալի է, երբ Դուք միջամտում էք մի հարցի, որը թողել էիք Սփիւռքի հայեցողութեանը եւ հրապարակաւ տարածում էք մտքեր, որոնք գնում են թուրքադրբեջանական ժխտողական պետութիւնների ուղղութեամբ եւ, իհարկէ, հեռու են որեւէ գիտական կամ պատմական փաստարկներից:
Ձեր այս յայտարարութիւնը՝ մտածւած կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր աւելացնում։ Չփորձելով խուսափել թեմայի քննարկումից՝ կարեւոր է չնսեմացնել ցեղասպանութիւն վերապրածների եւ ժառանգների յիշատակը, ինչպէս նաեւ սերունդների`տասնամեակներով արւած ջանքերը, որոնց շնորհիւ մի շարք երկրներ, այդ թւում՝ Հայաստանը ընդունել են ցեղասպանութեան փաստը:
Այս յայտարարութիւններով Դուք խորապէս վիրաւորում էք մեզ՝ որպէս ցեղասպանութեան ժառանգների, եւ աղաւաղում էք պատմական իրականութիւնը։
Մենք չենք յաւակնում Ձեզ դասեր տալ, այլ յիշեցնել Ձեզ մի քանի փաստերի մասին՝ ցոյց տալու համար, որ ձեր յայտարարութիւնները ճշմարիտ չեն:
Յայտարարում եք, որ «Ցեղասպանութեան հարցը 1939 թ.-ից առաջ չի բարձրացւել»։ Պէտք է յիշեցնենք, որ առաջին յուշարձանը` «Մեծ Եղեռնի յիշատակին», կանգնեցւել է 1916 թւականին հէնց Պոլիսում:
Մեր համայնքի կողմից ընտրւած Բելգիայի հայերի Վեհաժողովը իր` 1922 թւականի կանոնադրութեան նախաբանում գրել է «Լինելով ցեղասպանութիւնը վերապրածներ… »:
Իսկ ի՞նչ ասենք աշխարհի տարբեր երկրներում մինչեւ 1939 թւականը հրատարակւած բազմաթիւ աշխատութիւնների ու յօդւածների մասին: Դուք չպէտք է մոռանաք, որ խօսում էք ոչնչացւած, արմատախիլ արւած, ջարդւած եւ էապէս որբ բնակչութեան մասին, որի նպատակն է գոյատեւել` թոյլ չտալով, որ ցեղասպանը հասնի իր նպատակին, ինչը հայերին ամբողջութեամբ բնաջնջելն էր։
Դուք սահմանափակւում էք Խորհրդային Միութեան մասին իմացած (ունեցած) Ձեր պատկերացուﬓերով եւ ﬔզ համար զարմանալի հետեւութիւններ էք անում։ Նշենք միայն, որ ԽՍՀՄ-ը1915 թւականին դեռ գոյութիւն չունէր: Այն, որ հզօր պետութիւնները փորձում են օգտւել իրադարձութիւններից` իրենց շահերից ելնելով, դա նորութիւն չէ, բայց ﬔնք դէմ ենք Հայոց Ցեղասպանութիւնը զոհաբերելուն` Հայաստանի քաղաքական հարցերը լուծելու համար:
Աﬔնակարեւոր հարցերից է, թէ, ի վերջոյ, ի՞նչ շահեց Հայաստանի Հանրապետութիւնը կամ հայ ազգը նմանատիպ յայտարարութիւնից։
Պարոն Վարչապետ, խնդրում ենք յստակեցնել, թէ ի՞նչ նպատակ էք հետապնդում եւ ո՞րն էր այս անսպասելի շրջադարձի տրամաբանութիւնը։
Յարգանքներով՝ Բելգիայի Հայերի Վեհաժողով
Բրիւսէլ, յունւարի 30, 2025 թ.