Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանի եւ Ալիեւի քաղաքական «դաւանաբանութեան» տարբերութիւնը

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Սեպտեմբերի 23-ին ապագայի մասին խօսել են ե՛ւ Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող Նիկոլ Փաշինեանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը. մէկը՝ ՄԱԿ-ի ամբիոնից, միւսը՝ սեփական երկրի խորհրդարանի:

Իրական Հայաստանից, նոր աշխարհակարգի ճարտարապետութիւնից, աշխարհաքաղաքական անկայունութիւններից բխող սպառնալիքների տեսանելի եւ իրական լինելուց խօսող Փաշինեանը, Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ապագայի գագաթնաժողովի ժամանակ, ինչպէս Հայ ազգային կոնգրես կուսակցութեան փոխնախագահ Լեւոն Զուրաբեանն է նկատել, զբաղւեց մեդիտացիայով, ըստ էութեան, կոչ անելով չնկատել ներկայի իրական անվտանգային սպառնալիքները, աշխարհում տարբեր հատւածներում պատերազմական օջախները, որոնց արմատն անցեալում է, այլ ՔՊ–ական «Ապագայ կա՛յ» կարգախօսի ներքոյ գնալ դէպի ապագայ, եթէ անգամ պոզիտիւ ապագայի ստեղծման հնարաւորութիւնների հիմքեր, հնարաւոր է, չկան:

«Ես Գլխաւոր ասամբլեայի իմ այս տարւայ ելոյթում աւելի շատ կը կենտրոնանամ հնարաւորութիւնների վրայ, քան հարեւան երկրներին մեղադրելու»,- ընդգծել է Փաշինեանը:

Եւ ոչինչ, որ մասնագէտների կարծիքով՝ հայաթափւած եւ օկուպացւած Արցախն իր հռչակումից մինչեւ օրս գտնւում է միջազգային իրաւունքի պաշտպանութեան ներքոյ, եւ, որ Ադրբեջանն իրաւունք չունէր ուժի կիրառման ո՛չ 2020 թւականին, եւ ո՛չ էլ 2023 թւականին, ոչինչ, որ ՀՀ ինքնիշխան տարածքից աւելի 200 քկմ տարածք է Ադրբեջանը օկուպացրել, որտեղ փորձում է ամրանալ, ոչինչ, որ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով, բայց որի ժամանակ ագրեսոր կարգւելու է Հայաստանը, պատասխանատուն՝ Հայաստանին զէնք մատակարարողները, Արեւմուտքը:

Ոչինչ, որ նոյն Նիւ Եօրքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովը հերթական անգամ կոչ է արել Հայաստանին վերացնել Խաղաղութեան օրակարգը հաստատելու խոչընդոտները, ինչը ենթադրում է ՀՀ սահմանադրութեան փոփոխութիւն, Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ յորդորել է պատմական իրողութիւնների ուսումնասիրութիւնը թողնել պատմաբաններին եւ դրանք չդարձնել քաղաքական գործիք՝ վնասելու հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացմանը:

Եւ հիմա Փաշինեանն առաջարկում է չտեսնելու տալ այս ամէնը, կամ, ինչպէս Աստւածաշնչեան յայտնի պատմութեան մէջ՝ «տունը կառուցել աւազի վրայ», որի վերջը, յայտնի է՝ ինչ է լինում:

Ի տարբերութիւն Հայաստանի կառավարման ղեկին նստած Փաշինեանի, Ադրբեջանի ղեկավար Ալիեւը նոյն ժամանակ իր երկրի ապագան կառուցում է իրական եւ շօշափելի սկզբունքների վրայ, եւ լինելով յաղթանակած երկրի ղեկավար՝ իրական է գնահատում, թէ ինչ կարող է լինել ապագայում, եթէ այդ սկզբունքները եւ հիմքերը չպահպանւեն:

Առաջին. մեծացնել Ադրբեջանի ռազմական հզօրութիւնը, քանի որ առանց ռազմական հզօրութեան, ըստ Ալիեւի, հնարաւոր չէ հասնել յաջողութեան ոչ մի բնագաւառում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական:

«Աշխարհում բոլորը տեսնում են, որ միջազգային իրաւունք հասկացութիւնը լիովին «պայթել է», եւ 2020 թւականի պատերազմից յետոյ եղած անվտանգութեան ճարտարապետութիւնն այլեւս գոյութիւն չունի: Եւ հիմա գերակշռում է հետեւեալ սկզբունքը՝ «ով ուժ է, նա է ճիշտ», եւ որոշ խոշոր պետութիւններ սա բացարձակ չեն էլ թաքցնում»,- նշել է Ալիեւը՝ յաւելելով, որ այսօր իր երկրի բիւջէի ծախսերի մէջ առաջնային տեղը պէտք է ռազմական ծախսերը լինեն, քանի որ, «եթէ պակաս ուշադրութիւն դարձնենք ռազմական ոլորտին եւ չապահովենք դրա համար յատկացւած միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»:

Ալիեւի ելոյթի այս եւ այլ հատւածի՝ Ադրբեջանի պատերազմի պատրաստւելու հանգամանքին 168.am-ն արդէն անդրադարձել է։

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինեանը, «թիւ մէկ հերոսը հարկատուն է», ոչ թէ զինւորը, առանց տնտեսութեան՝ չկայ անվտանգութիւն, բանակը չի կարող անվտանգութեան առաջնային գործօն դիտւել, ուժով յաղթելու ժամանակներն անցել են, խաղաղութիւնն է անվտանգութեան երաշխիքը: Իհարկէ, եթէ չլինի հզօր տնտեսութիւն, հնարաւոր չէ սպառազինութիւն գնել, եւ այլն, բայց եթէ չլինի անվտանգութիւն, չի կարող տնտեսութիւն զարգանալ, ներդրումներ չեն լինի, ոչ ոք անկայուն անվտանգ միջավայրում ներդրումներ չի անում: Ի տարբերութիւն Փաշինեանի, Ալիեւը սա շատ լաւ է հասկանում:

Երկրորդ. անվտանգ ապագայ ունենալու համար, Ալիեւի դիտարկմամբ, պէտք է նւազեցնել սպառազինութեան կախւածութիւնն այլ երկրներից եւ արագացնել հայրենական ռազմաարդիւնաբերական համալիրի զարգացումը, ինչի համար պետական խոշոր միջոցներ են յատկացւում: Եւ այսօր Ադրբեջանի ռազմական գործարաններում արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացւում, արտադրւում է նոր տեխնիկայ, զինամթերք, աւելին՝ օտարերկրեայ գործընկերների հետ ռազմարդիւնաբերական համատեղ արտադրամասեր են ստեղծւում, եւ առաջիկայ տարիներին Ադրբեջանի ռազմաարդիւնաբերական համալիրն առաւել մասշտաբային է դառնալու:

«Սա արւում է մի քանի նպատակով: Առաջին հերթին՝ հայրենական ռազմաարդիւնաբերական համալիրի ստեղծումը ռազմական հզօրութեան ցուցադրութիւն է եւ երկրի զարգացւածութեան: Երկրորդ, մենք պէտք է նւազեցնենք կախւածութիւնն արտաքին աղբիւրներից, իհարկէ, լիովին բացառել այդ կախւածութիւնը հնարաւոր չէ, սա էլ պէտք է գիտակցել: Բայց մենք պէտք է մաքսիմալ ապահովենք բանակի կարիքները տեղական արտադրութեան միջոցով: Զէնքի համաշխարհային շուկայում բնական դեֆիցիտ է, սա էլ մենք պէտք է հաշւի առնենք: Միաժամանակ այս ամէնը թոյլ կը տայ մեզ ընդլայնել ռազմատեխնիկական արտահանման աշխարհագրութիւնը, այս հարցը շատ երկրների հետ բանակցութիւնների մաս է կազմում, այդ թւում՝ տնտեսութեան եւ ներդրումների ոլորտում: Մօտ ապագայում մենք կը դառնանք կարեւոր խաղացող համաշխարհային զէնքի շուկայում, մենք ունենք այդ հնարաւորութիւնները»,- Ադրբեջանի խորհրդարանում յայտարարել է Ալիեւը:

Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութիւնում որոշել են, որ Ռազմարդիւնաբերութեան համալիրի զարգացման համար 2024 թւականի պետական բիւջէով յատկացւած միջոցներից կարելի է կրճատել 2.7 միլիարդ դրամ, եւ այդ գումարով այլ եւ ոչ այնքան կարեւոր ծախսեր հոգալ։

Երրորդ. Ադրբեջանի նախագահը կարեւոր խնդիր է համարել սահմանների պաշտպանութիւնը՝ նշելով, որ ներկայ պահին Հայաստանի հետ «պայմանական սահմանին» ինժեներական աշխատանքներ են իրականացւում, իսկ միւս հարեւանների հետ սահմանները՝ ժամանակակից ենթակառուցւածքներով համալրւում:

«2020 թւականի պատերազմից յետոյ Հայաստանի հետ մեր պայմանական սահմանի երկարութիւնն աւելի քան 500 կմ է, ընդ որում, ռելիէֆը եւ աշխարհագրութիւնը շատ բարդ է, այնտեղ շատ բարդ կլիմայական պայմաններ են, եւ ծառայութիւնն անցկացնելը հեշտ չէ, իսկ որոշ մեր դիրքեր տեղակայւած են 3000 մետր բարձութեան վրայ: Մենք ամրանում ենք պայմանական սահմանին, որովհետեւ ամէն պահի Հայաստանից կարելի է սպասել ցանկացած սադրանք: Հայկական կողմը մասսայական զինւում է, միաժամանակ արտասահմանեան երկրների զօրավարժութիւններ է անում, ընդ որում, խոշոր գերտէրութիւնների: Արեւմտեան երկրներն էլ Հայաստանին զէնք-զինամթերք են մատակարարում: Որոշ դէպքերում դա տեղի է ունենում ակնյայտ, խօսքը Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցութեան մասին է, որոշ դէպքերում էլ դա գաղտնի է իրականացւում: Բայց մեզ պէտք է իմանալ բոլորի մասին եւ հիմա: Եւ մենք գիտենք՝ ով, երբ եւ ինչ է մատակարարում Հայաստանին, ինչ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարում Հայաստանի օդանաւակայաններում, ինչ ռազմական բեռ է բերւում: Եւ եթէ մենք ռէալ սպառնալիք տեսնենք, ապա մեծ դժւարութիւն չի լինի՝ ոչնչացնել դա ցանկացած տարածքում: Սահմանների պաշտպանութիւնն իրականացւում եւ պէտք է իրականացւի վիզուալ ենթակառուցւածքային եւ տեխնոլոգիական միջոցներով: Բայց մենք պէտք է հասկանանք նաեւ, որ դա շատ մեծ եւ լայնամասշտաբ խնդիր է»,- ասել է Ալիեւը:

Չորրորդ. յաջորդ կարեւոր հարցը, ըստ Ադրբեջանի նախագահի, կապւած է իդէոլոգիական անվտանգութեան հետ:

«Իդէոլոգիական անվտանգութեան հետ կապւած հարցերը պէտք է լինեն պետական կառոյցների, օրէնսդիր մարմինների, քաղաքացիական հասարակութեան ուշադրութեան կենտրոնում: Այս առնչութեամբ մենք քայլեր ձեռնարկելու ենք»,- նշել է Ալիեւը՝ յաւելելով, որ ազգային ոգով երիտասարդ սերնդի դաստիարակութիւնն Ադրբեջանի ապագայ զարգացման երաշխիքն է:

Մինչդեռ Փաշինեանն ամէն ինչ անում է, որ հայ երիտասարդութիւնը մտածի միայն սեփական բարեկեցութեան եւ ուտել-խմելու մասին՝ պատմական Հայաստանից դուրս:

Այստեղից՝ հետեւութիւն. Նիկոլ Փաշինեանը գիտակցաբար քանդում է, կամ խոչընդոտում է անվտանգ ապագայ ունենալու կարեւոր բաղադրիչները, արդիւնքում՝ նաեւ վերը նշւած կէտերում է  արձանագրւում բալանսի խախտում, եւ Ադրբեջանը Փաշինեանի թեթեւ ձեռքով գերակայ դիրք է ունենում Հայաստանի նկատմամբ նաեւ այս առումով: Ի՞նչ է սա, թողնենք մասնագէտների գնահատմանը եւ որակմանը:

Ի դէպ, այնպէս չէ, որ Ադրբեջանում ներքին խնդիրներ չկան, դրանք կան եւ շատ են՝ խօսքի ազատութեան սահմանափակումից, ընդդիմադիր գործիչների կալանաւորումից՝ մինչեւ բանակի ներսում խնդիրներ, որտեղ վերջին առնւազն 2 տարում յաճախակիացել են սպանութեան եւ ինքնասպանութեան դէպքերը: Սրանք առանձին քննարկման թեմա են, իսկ մենք հիմա խօսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ապագայի տեսլականի մասին, եւ, թէ ով ինչ թէզ է շրջանառութեան մէջ դնում միջազգային հարթակներում, ինչ խնդիր է առաջադրում միջազգային հանրութեանը:

Ի դէպ, Փաշինեանն այդպէս էլ չասաց, թէ ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների է տիրապետում, որոնց գաղտնազերծումն Ադրբեջանի ներքաղաքական վիճակը յուսահատօրէն պիտի ապակայունացնէր:

Related Articles

Back to top button