Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը տագնապ է առաջացնում»

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական կայքում տեղադրւել է ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը: ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիւ ռազմական գործողութիւնների արդիւնքները եւ դրանց յաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինւած ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրայ հետագայ զարգացման եւ ՀՀ պաշտպանութեան կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարաւորութիւնները սպառել են:

Այսինքն, ռազմական պլանաւորման եւ պատերազմավարման ներկայումս գործող ձեւերի եւ եղանակների հետագայ կիրառման դէպքում ՀՀ Զինւած ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանայ ապահովել իրենց առջեւ դրւած խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապէս վերանայել զինւած ուժերի եւ դրանց հետագայ զարգացման վերաբերեալ մօտեցումները:

Ըստ այդմ, Բանակի կերպափոխման հայեցակարգում առաջարկւում է ԶՈւ ղեկավարման եւ կառավարման համակարգի արդիւնաւէտութեան բարձրացում, պատերազմական ձեւերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիւ օղակներում), սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի, մարտական եւ օպերատիւ պատրաստութեան վերանայում, ռազմական պլանաւորման նոր սկզբունքների որդեգրում, հրամանատարական պատրաստութեան եւ ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրում, զօրաշարժային մարտական գործողութիւններ վարելու ունակ կազմաւորումների ձեւաւորում եւ այլն:

168.am-ն անդրադարձել է Սուրէն Պապիկեանի ղեկավարած պաշտպանութեան նախարարութեան մշակած Բանակի կերպափոխման հայեցակարգին՝ ընդգծելով, որ այն չի յստակեցնում Հայաստանի դէմ սպառնալիքները, դրանց ուղղութիւններն ու երկրները, նաեւ չի ենթադրում սանձահարման/զսպման յստակ համակարգ։

Նշւած թեմայի շուրջ եւ ոչ միայն 168.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանի հետ:

«Նախ՝ այդ հայեցակարգի ընդունմանը չի նախորդել մասնագիտական, ինչո՞ւ չէ, նաեւ՝ քաղաքացիական հասարակութեան ոլորտային մասնագէտների ակտիւ քննակումներ տարբեր ֆորմատներով: Եւ պաշտպանութեան նախարարութիւնն իր պատկերացումների շրջանակում հայեցակարգ է հրապարակել: Սա՝ առաջին: Երկրորդ, ինչ վերաբերում է նոր պատերազմներին կամ ժամանակակից պատերազմի պայմաններում նախկին մեթոդներին, մարտի վարման կանոններին, ղեկավարման փոփոխութիւններին, անշուշտ, դժւար է որեւէ ձեւով բացառել, որ ցանկացած ժամանակահատւած իր հետ բերում է նոր փոփոխութիւններ, նոր սպառնալիքներ եւ մօտեցումներ, եւ, բնականաբար, իւրաքանչիւր երկիր, յատկապէս՝ պատերազմի մէջ գտնւող երկրները, պէտք է իրենց զինւած ուժերն արագ ադապտացնեն: Բայց տպաւորութիւն կայ, որ 2020 թ. 44-օրեայ պատերազմը, Հայաստանի նկատմամբ 2021, 2022 թւականի ադրբեջանական յարձակումները, ՀՀ իշխանութիւնները փորձում են արդարացնել նրանով, թէ իբր բանակում գործել են ոչ ժամանակակից մօտեցումներ, եւ դա է պատճառը, որ փաստացի ունենք այն, ինչ ունենք՝ օկուպացւած ՀՀ տարածքներ, զաւթւած Արցախ եւ այլն:

Կրկնում եմ, իհարկէ, ժամանակակից պատերազմները եւ անգամ վերջին 4 տարւայ պատերազմները, այդ թւում՝ 44-օրեայ պատերազմը, դրա վարման ձեւերը, կիրառւող զինատեսակները ցոյց տւեցին, որ իսկապէս բաւականին փոփոխութեան կարիք կայ: Սակայն հայեցակարգը որքան էլ որոշակի սահմանում է, թէ ո՞ր ուղղութիւններով պէտք է շարժւել, դրանով որեւէ ձեւով ուրւագծւած չեն այն նոր մեթոդները, որոնք պէտք է արտացոլւած լինեն ԶՈՒ նոր մոդելում, այսինքն՝ մոդելային, խորքային առաջնահերթութիւնները սահմանւած չեն, իսկ այն, ինչ սահմանւած է, ցանկացած մոդելի դէպքում էլ կարող են առաջնահերթութիւն լինել։ Իհարկէ, կան սահմանւած ուղղութիւններ, որոնք ՆԱՏՕ-ական բանակին համապատասխանող չափանիշներ են ենթադրում, բայց մէկ բան է սահմանումը, մէկ այլ՝ իրագործումը, տեղայնացումը հայկական զինւած ուժերում, ինչպէս դրանք գործում են ՆԱՏՕ-ական երկրների բանակներում»,- ասել է Տիգրան Աբրահամեանը:

– Այսօր շեշտը դրւում է ինժեներական կառոյցների վրայ, որի հետ կապւած վերապահումներ ունեն ե՛ւ Սէյրան Օհանեանը, ե՛ւ Մովսէս Յակոբեանը: Միւս կողմից, դիրքային մարտերի ժամանակներն անցնում են, եւ դասական առաջնագիծը, ստատիկ պաշտպանութիւնը պիտի փոխարինւի տեխնիկական նոր միջոցներով, որի մասին խօսւում է, բայց ամրոցներն իրենց ձեւի մէջ էլի ստատիկ պաշտպանութիւն են: Ի՞նչ է պէտք ՀՀ-ին այսօրւայ ժամանակակից պատերազմների պարագայում եւ ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի պայմաններում:

– Ամրաշինական կառոյցների ստեղծումը մի կողմից՝ պէտք է հնարաւորութիւն ստեղծի պաշտպանական մարտերի համար, միւս կողմից՝ հակայարձակողական եւ յարձակողական: Բայց ինժեներական այդ ողջ կառոյցները՝ իրենց ամրաշինական էլեմենտներով, պէտք է լինեն ընդհանուր համակարգի մաս, իրար հետ փոխկապակցւած, համակցւած, եւ միայն դրա ամբողջութիւնը հնարաւորութիւն կը տայ տարբեր իրադրութեան պայմաններում արդիւնաւէտ մարտ վարել:

Հիմա մի կողմից անհասկանալի է, թէ ինչու է դրօշակ դարձւում առաջնագծում եւ դրանից դուրս մարտական հերթապահութեան կամ մարտական խնդիրների համար անհրաժեշտ տարբեր կառոյցների ստեղծումը։ Ի վերջոյ, երբ խօսում ենք մարտական խնդիրների մասին, դրանք ենթադրում են ամրաշինական կառոյցներ, ինչի իրականացումը ԶՈՒ գործունէութեան մի մասն է կազմում: Եւ ցոյց տալ, որ իշխանութիւնը միջոցներ է յատկացնում ամրաշինական կառոյցների համար եւ դա ներկայացնել որպէս մեծ յաղթանակ՝ տարակուսելի է:

Կամ՝ չկան էական փոփոխութիւններ, որոնք իշխանութիւնները կարող են ներկայացնել, եւ հիմնական շեշտը դրւում է նրա վրայ, որ առհասարակ առաջնագծում, երկրորդ գծում կան ամրաշինական կառոյցներ: Այս ամէնը գովազդային արշաւ է յիշեցնում, ընդորում, այնտեղ հիմնականում տարւում են անձինք, տարբեր մասնագիտութիւնների տէր մարդիկ, որոնք կայացել են իրենց ոլորտներում, կարող են վերլուծութիւններ անել, բայց դրանք խիստ մասնագիտական կառոյցներ են, եւ դրանց կարեւորութիւնը, արդիւնաւէտութիւնը, ընդհանուր համակարգի մաս կազմելը կարող են գնահատել միայն նեղ մասնագէտները:

– ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը վերջերս ԱԺ–ում ակնարկեց, որ պէտք է քաղաքական հայեացքները մի կողմ դնել եւ տեսնել նաեւ արւած լաւ ծրագրերը։ Այս հայեցակարգում լաւ ծրագրեր եւ նպատակներ կան, այլ հարց է՝ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը հաստատ ուժեղ բանակ ունենալուն չի տանում, որը կարող է իրենից գործօն ներկայացնել:

– Այն ինչը դրական է, նախագծերին քւէարկութիւններով արտայայտւում է: Սակայն լաւն ու դրականն առաջին հերթին պէտք է երեւայ զինւած ուժերում եւ նրա վրայ առհասարակ: Չի կարող պետութիւնը մի ձեռքով դրական ծրագիր նախաձեռնել, միւս կողմից՝ այդ նոյն իշխանութեան առաջին դէմքը կամ դէմքերը կասկածի տակ առնեն զինւած ուժերի ներուժը եւ հարւածի տակ դնեն մեր զինծառայողներին: Բոլոր ծրագրերը փոխկապակցւած են, եւ ՀՀ այս իշխանութիւնների օրօք դժւար է ակնկալել, որ զինւած ուժերը կը բերւեն այնպիսի մակարդակի, որը հնարաւորութիւն կը տայ յաղթահարել ՀՀ առաջ առկայ մարտահրաւէրները:

– Ի դէպ, օրերս ԱԺ ամբիոնից պաշտպանութեան նախարարն անդրադառնալով զօրակոչի խնդիրներին, յայտարարել է լիւստրացիա սկսելու անհրաժեշտութեան մասին, քանի որ ՀՀ քաղաքացին իր զաւակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիութիւնից, որպէսզի չծառայի, եւ, որ պետական պաշտօնեան պիտի իրեն թոյլ չտայ, որ ոչ միայն իր զաւակը, այլեւ իր մերձաւոր շրջապատի, հարազատների զաւակները հրաժարւեն ՀՀ քաղաքացիութիւնից: Իհարկէ, նա կոնկրետ անուններ չհրապարակեց:

– Ինքս կարծում եմ, որ զինւորական ծառայութիւնից հրաժարւելու հետ կապւած ցանկացած պատճառ պէտք է խորքային վերլուծւի, հնարաւորութիւն տրւի կանխելու խուսափումները, որոնք տարբեր փուլերում եւ տարբեր ժամանակներում տեղի են ունեցել: Միաժամանակ ակտուալ է մնում հարցը բոլոր այն անձանց մասով, որոնք բարձր պաշտօններ են զբաղեցնում, կառավարման համակարգում առանցքային դեր ունեն, բայց տարբեր եւ խիստ կասկածելի պայմաններում իրենց որդիներին կամ իրենց հետ սերտ առնչւող անձանց կարողանում են ինչ-որ ձեւով ազատել զինծառայութիւնից: Կրկնում եմ, սա վերաբերում է ոչ միայն այս փուլին, այլեւ բոլոր ժամանակներին:

– Զինւորների եւ սպաների բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման հարցն այսօր էլ ակտուալ է, որին տեղ է յատկացւել նաեւ Բանակի կերպափոխման հայեցակարգում, բայց սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինեանն իր յայտարարութիւններով շարունակում է բացասական ազդեցութիւն թողնել զինւած ուժերի բարոյահոգեբանական իրավիճակի վրայ, որը լուրջ ազդեցութիւն ունի զինւած ուժերի մարտունակութեան վրայ: Զինւած ուժերին կաշկանդւած վիճակում պահելը չի կարող բացասական հետեւանքներ չունենալ:

– Երբ խօսում ենք բանակի անձնակազմի բարոյահոգեբանական մակարդակի մասին, սա մի քանի շերտ ունի: Առաջինը դպրոցից, հասարակութիւնից համակարգ մտնող պարտադիր ժամկէտային զինծառայողներն են, եւ բնական է, որ իւրաքանչիւրի դէպքում կայ աշխատանքի մի ծաւալ, որը մինչեւ զինւորական ծառայութիւնը պիտի արւի, ինչը, սակայն, չի ազատում զինւած ուժերի համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատւութիւնից, որ նրանք ունեն քաղաքացիական անձանց զինւած ուժերում ինտեգրելու, զինւորական կանոնակարգի շրջանակներում այդ ծառայութիւնը կազմակերպելու տեսանկիւնից:

Պայմանագրային անձնակազմի հետ կապւած՝ շարքային, սերժանտական, ենթասպայական անձնակազմ, այս դէպքում ցանկացած պետութիւն պէտք է ունենայ ընտրութեան հնարաւորութիւն: Ներկայիս համալրման հետ կապւած բազմաթիւ խնդիրների պարագայում, բնականաբար, այդ խնդիրը չի լուծւում, որովհետեւ այն ծրագրերը, որոնք կառավարութիւնը դնում է շրջանառութեան մէջ, իրենց խնդիրները մեծ առումով չեն լուծում, կամ՝ դրանք կարող են խնդիր լուծել երկարաժամկէտ կտրւածքով, ինչը խիստ կասկածելի է: Բայց հաշւի առնելով այն հրատապութիւնը, որ հիմա կայ համալրման հետ կապւած, եւ ԶՈՒ-երում արագ բարեփոխումներ իրականացնելու հետ, եղածը հնարաւորութիւն չի տալիս ճիշտ ուղղութեամբ շարժւել: Եւ եթէ չկայ ընտրութիւն, բնականաբար, չկան նաեւ յստակ խաղի կանոններ, ինչպէս բարոյահոգեբանական, այնպէս էլ հասարակ պատրաստւածութեան առումով՝ քաղաքացիական սեկտորից պայմանագրային հիմունքներով զինւած ուժեր ներգրաւելու առումով:

Ինչ վերաբերում է սպայական անձնակազմին, ապա շատ բան կախւած է ռազմաուսումնական հաստատութիւններից, որոնք քաղաքացիական անձանց հնարաւորութիւն են տալիս անցնելու որոշակի ֆիլտրացիա, տեղում գնահատւում է իւրաքանչիւրի հնարաւորութիւնը՝ հետագայում հրամանատարական պաշտօնների նշանակւելու առումով, բայց ընտրութեան նոյն խնդիրը կայ նաեւ ռազմաուսումնական հաստատութիւններում, որովհետեւ թէեւ միջոցներ են կենտրոնացւում մարդկանց դէպի ռազմաուսումնական հաստատութիւններ բերելու, սակայն այս կառավարութեան մօտ չի ստացւում, մեծ հաշւով, զինւորական ծառայութեան գրաւչութիւնը բարձրացնել: Եւ խնդիրն այստեղ ոչ թէ ծրագրերն են, այլ քաղաքական իշխանութեան առաջին դէմքի այն հռետորաբանութիւնը, որն առկայ է զինւած ուժերի նկատմամբ:

– Ի դէպ, Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը նոր որակի ռազմական յարաբերութիւններ էր խոստացել, բայց դրանք խորհրդատւական մակարդակից չեն անցել, իսկ ՀՀ պաշտպանական քաղաքականութեան մէջ նախկինում ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ ՆԱՏՕ-ն իրենց դերակատարումն ունեցել են: Ըստ էութեան, քարոզչական էր նաեւ ԱՄՆ բանակի ներկայացուցչի ՊՆ-ում աշխատելու տեղեկութիւնները, որի հետ կապւած ՀՀ պաշտպանական գերատեսչութիւնը յստակութիւն չէր մտցնում: Իսկ ԱՄՆ դեսպանատնից 168.am-ին յայտնել են, որ Հայաստանում ԱՄՆ Զինւած ուժերի ներկայացուցիչ չի աշխատելու, ԱՄՆ Պետքարտուղարութեան Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում նշանակւել է քաղաքացիական խորհրդատու:

– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինեանը չի պատկերացնում, թէ ինչ է նշանակում ռազմական տեսանկիւնից ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցութիւն, որովհետեւ կան որոշակի չափանիշներ, որոնց հասնելու համար երկար տարիների եւ նպատակաուղղւած աշխատանք է անհրաժեշտ: Իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինեանը, ճիշտ հակառակն է՝ մեզ շատ աւելի է հեռացնում ժամանակակից բանակ ունենալու հնարաւորութիւնից:

– Նիկոլ Փաշինեանը նպատակաուղղւած աշխատանք է տանում, որ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքւի, բայց չգիտես՝ ինչու, Իրանի հետ ռազմավարական դաշինք կնքելու, Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւններին նոր մակարդակ հաղորդելու մասին չի մտածում՝ ռազմական բաղադրիչը հաշւի առնելով, երբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ պատերազմից յետոյ համապատասխան հռչակագիր ստորագրեց եւ նպատակ ունի բարելաւելու այդ ռազմավարական յարաբերութիւնները: Սա այն դէպքում, երբ Ադրբեջանը ռազմավարական յարաբերութիւններ ունի Թուրքիայի, Իսրայէլի հետ:

– 2018 թւականից յետոյ Նիկոլ Փաշինեանի հռչակած սկզբունքները կարծես թէ չեն փոխւել: Այն է՝ որտեղից ուզենամ, այն կէտից էլ բանակցութիւնները կը սկսեմ, դեռ չեմ խօսում այն խոստումների մասին, երբ ժամանակին յայտարարում էր, թէ ամէն ինչ հասարակութեանը նախապէս տեղեկացւելու է: Ներկայումս Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան հետեւանքը Հայաստանի տարածքների օկուպացիան է, նւաճւած կամ օկուպացւած Արցախը, եւ բանակցային գործընթացում ադրբեջանական թելադրող դիրքը, եւ ՀՀ-ին անընդհատ նոր պահանջներ են իջեցւում: Այնպէս որ, Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը՝ Ադրբեջանի հետ որոշակի հարցերում որոշակի պայմանաւորւածութիւնների գնալը, միայն տագնապ է առաջացնում:

– Էսկալացիայի հաւականութիւնը որքա՞ն էք գնահատում եւ ի՞նչ ժամանակահատւածում:

– Էսկալացիայի հաւանականութիւնը կախւած է այսբերգի երեւացող եւ չերեւացող հատւածներում ընթացող գործընթացներից, որովհետեւ եթէ յայտարարւող կամ տեսանելի հատւածում տեղի ունեցողը հնարաւոր է լինում վերլուծել եւ ըստ այդմ որոշակի ռիսկայնութիւն գնահատել, ապա կուլիսային պայմանաւորւածութիւնների ու բանակցութիւնների մասին, որպէս կանոն, իմանում ենք, երբ մեր երկրի վրայ հերթական ծանր հարւածն է գալիս: Այնպէս որ՝ սրա մասին տեղեակ չեն հիմնական մասնագէտները, որոնք զբաղւում են այդ պրոցեսով, եւ, բնականաբար, ամբողջութեամբ գնահատել հիմնական սպառնալիքները, որոնք առկայ են հնարաւոր էսկալացիայի առումով, այս պահին հնարաւոր չէ: Այստեղ կաւելացնէի, որ բանակցութիւնների հետ կապւած որոշակի ազդակներ կային, եւ դրանք մինչեւ Բաքւում տեղի ունեցող կլիմայական համաժողովը որոշակի կէտի էին հանգելու, բայց ժամանակը ցոյց տւեց, որ այդ լաւատեսական սցենարը կեանքի չկոչւեց եւ բանակցային գործընթացը տեղափոխւել է յաջորդ փուլ՝ դեկտեմբեր:

– 44-օրեայ պատերազմի քննիչ յանձնաժողովի զեկոյցը պատրաստ է, բայց այդ հարցով եւս միայն դեկտեմբերին է նամակ ուղարկւելու ԱԺ նախագահին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ուշացւում, իհարկէ, զեկոյցում հիմնական թիրախը բանակն է լինելու, քաղաքական իշխանութեան դէմ սլաքներ չեն ուղղւի: Միւս կողմից, չէ՞ք կարծում, որ պէտք է յստակ գնահատական տրւի պարտութեանը, ռազմական գնահատական դետալ առ դետալ, ոչ թէ քաղաքական: Իսկ Քննիչ յանձնաժողովը, ըստ էութեան, թէեւ բանակի դէմ է սլաքներն ուղղելու, բայց դա քաղաքական գնահատական է լինելու:

– Քաղաքական այս իշխանութեան գոյութեան պայմաններում, ցաւօք, 44-օրեայ պատերազմի թեման հիմնականում քաղաքական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստում է քննարկւում, եւ շատ ժամանակ հնարաւորութիւն էլ չի լինում դրանք գնահատելու՝ ըստ ռազմական իրադրութեան, ներուժի, հնարաւորութիւնների:

Մեծ առումով, նորմալ պետութեան դէպքում ոչ միայն պէտք է սկսել եւ աւարտել իրաւաքաղաքական գնահատականով, ինչը պէտք է բերի նաեւ պատասխանատուների, այդ թւում՝ քաղաքական էշելոնի պատասխանատւութեան ենթարկման, այլ նաեւ գնահատել, թէ տարբեր օղակներում ինչպէս է գործել ՊԲ-ն, ինչ ազդեցութիւն են ունեցել ՀՀ Զինւած ուժերը՝ ինչպէս կենտրոնական ապարատի եւ հրամանատարութեան, այնպէս էլ տարբեր օղակների առումով: Եւ, բնականաբար, այստեղ շատ աւելի մեծ է անելիքը պետութեան տեսանկիւնից, որովհետեւ առանց ամբողջական վերլուծման եւ սխալների վերհանման հնարաւոր չի լինելու զինւած ուժերում բարեփոխումներ իրականացնել եւ առաջ շարժւել:

– Օրեր առաջ ամրացւած շրջանները գովազդող Անդրանիկ Քոչարեանը յայտարարել էր, որ նախատեսւում է իշխանական եւ ընդդիմադիր պատգամաւորների այց ռազմարդիւնաբերական ձեռնարկութիւններ՝ ցոյց տալու, որ ռազմարդիւնաբերութեան ոլորտին առնչւող մտահոգութիւնների առիթ չկայ: Մեր տեղեկութիւններով, այցը տեղի է ունեցել արդէն, Դուք ի՞նչ տպաւորութիւն էք ստացել:

– Ռազմարդիւնաբերական ձեռնարկութիւններ այցի հետ կապւած որեւէ տպաւորութիւն չեմ կարող յայտնել, որովհետեւ ԲՏԱ նախարարն անհասկանալի տրամաբանութեամբ ընտրողաբար է մօտեցել եւ ոչ միայն մեր ֆրակցիան, այլեւ ֆրակցիայից որեւէ մէկը հրաւէր չի ստացել մասնակցութիւն ունենալ այդ այցին: Շատ տարօրինակ պահւածք է՝ յատկապէս ժողովրդավարութեան մասին բարձրագոչ յայտարարութիւններ անողների դէպքում, ովքեր խորհրդարանական մակարդակում որեւէ բան կազմակերպելուց ընտրողական մօտեցում են ցուցաբերում:

– Գուցէ Անդրանիկ Քոչարեանի մատը խա՞ռն է:

– Չգիտեմ:

Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button