Հայկական իրաւական կենտրոնը միջազգային հանրութեանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դէմ
Հայ Դատի համակարգում գործող՝ «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC) տեւական ժամանակահատւած ակտիւօրէն ներգրաււած է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկոյց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի եւ Հայաստանի նկատմամբ իրականացւած մարդու իրաւունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրետ առաջարկութիւններով: Այս զեկոյցը ներկայացւել է UPR-ի քարտուղարութիւն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրաւունքների ընդհանուր վիճակի պատշաճ գնահատմանը:
Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկոյցներ եւ իրաւական վերլուծութիւններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թւում՝ Մարդու իրաւունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագէտներին, յատուկ զեկուցողներին եւ աշխատանքային խմբերին: ALC-ն նաեւ համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրաւունքների վրայ՝ նրանց տրամադրելով զեկոյցներ եւ տւեալներ՝ ընդգծելու խախտումների լրջութիւնը եւ Ադրբեջանին, իր գործողութիւնների համար, պատասխանատւութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը: ALC-ի կողմից պատրաստւած նիւթերի ազդեցութիւնն ակնյայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատւական զեկոյցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:
Բացի այդ, ALC-ն աջակցել է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի տարածաշրջանային գրասենեակներին՝ համապատասխան զեկոյցներ ներկայացնելու UPR քարտուղարութեանը եւ պաշտպանելու հայերի իրաւունքներն իրենց երկրների արտաքին գործերի նախարարութիւններում, որոնք նոյնպէս մասնակցում են Ադրբեջանի UPR-ի վերաբերեալ աշխատանքային խմբի քննարկումներին: Աշխատանքի այս ընթացակարգը ենթադրում էր հարցումների եւ կոնկրետ առաջարկութիւնների ներկայացում՝ նպատակ ունենալով երաշխաւորել, որ Ադրբեջանը պատասխանատւութիւն կը կրի միջազգային մարդասիրական իրաւունքի եւ Մարդու իրաւունքների խախտումների համար:
Շարունակելով իր յանձնառութիւնը՝ ALC-ն ակտիւօրէն մասնակցում է Ադրբեջանի UPR-ի աշխատանքային խմբի նիստերին, որոնք նախատեսւած են 2023 թւականի նոյեմբերի 14-ին եւ 17-ին, Ժնեւում՝ Մարդու իրաւունքների խորհրդում:
Աւելին՝ ALC-ն նոյեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների Խորհրդի նստավայրում մասնակցելու է Հայ օգնութեան միութեան կողմից կազմակերպւած տեղեկատւական միջոցառմանը, որը կրում է «Արցախի վերականգնման ճանապարհը.
Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկում» խորագիրը: Այս միջոցառումը, որն անցկացւում է Ադրբեջանի համար UPR գործընթացին զուգահեռ, նպատակ ունի խթանել փորձագէտների, պետական պատւիրակութիւնների, շահագրգիռ կողմերի եւ փաստաբանների միջեւ քննարկումները մարդու իրաւունքների մարտահրաւէրների ու հաշւետւողականութեան հնարաւորութիւնների վերաբերեալ՝ Արցախում բռնի տեղահանման ողբերգական իրադարձութիւնների լոյսի ներքոյ: Այս առումով ALC-ն օգտագործելու է իր փորձը ցեղասպանութեան, էթնիկական զտումների եւ բռնի տեղահանման յանցագործութիւնների իրաւական հետապնդման գործում:
Վերջին իրադարձութիւնների համատեքստում ALC-ն միջազգային հանրութեանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դէմ՝ մարդկութեան նկատմամբ իր վերջին յանցագործութիւնների համար: Հիմնական առաջարկութիւնները ներառում են Արցախի կալանաւորւած առաջնորդների եւ ռազմագերիների հրատապ ազատ արձակումը` ապահովելով նրանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ: Շեշտը դրւում է նաեւ արցախահայութեան՝ տուն վերադառնալու եւ խաղաղ ու ապահով ապրելու հիմնարար իրաւունքի, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն ինքնորոշման իրաւունքի վերահաստատման վրայ։
ALC-ն կոչ է անում անյապաղ մարդասիրական օգնութիւն տրամադրել տեղահանւած հայերին, հաստատել տեղահանւած արցախցիների գոյքային պահանջների արդարացի գործընթաց, միջազգային մոնիտորինգի միջոցով ապահովել տարածաշրջանում մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնն ու պահպանումը եւ խրախուսել դիւանագիտական ջանքերը՝ ապահովելու Արցախի հայութեան իրաւունքները։
Վերջապէս, ALC-ն վճռականօրէն կոչ է անում պատասխանատւութեան ենթարկել Ադրբեջանին՝ հակամարտութեան ընթացքում միջազգային իրաւունքի խախտման եւ մարդու իրաւունքների ոտնահարման համար՝ ընդգծելով արդարութեան կարեւորութիւնը տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման գործում:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
13.11.2023 թ.