ՄիջազգայինՔաղաքական

Ալեասկայում տեղի է ունեցել Թարմփ-Պուտին դէմ առ դէմ հանդիպումը

Երկու առաջնորդները լաւատեսօրէն են արտայայտւել ուկրինական հակամարտութեանը վերջ տալու հեռանկարների մասին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Ալեասկա նահանգի Անքորեջ քաղաքում երէկ՝ օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ երկու առաջնորդների փակ հանդիպումը տեւել է երեք ժամ:

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն է եղել, ինչպէս նաեւ միջազգային անվտանգութեանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանակցութիւնների աւարտից յետոյ, երկու նախագահները հանդէս են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ բանակցութիւնների արդիւնքում «հսկայական առաջընթաց է գրանցւել» ուկրաինական թեմայի եւ միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում:

«Ես կասէի, որ մենք շատ արդիւնաւէտ հանդիպում ունեցանք։ Մենք իսկապէս հսկայական առաջընթացի ենք հասել»,-յայտարարել է նա:

Թրամփը յայտարարելէ, որ միշտ էլ լաւ յարաբերութիւններ է պահպանել Պուտինի հետ. «Ես միշտ հրաշալի յարաբերութիւններ եմ ունեցել նախագահ Պուտինի՝ Վլադիմիրի հետ»,- նշել է նա՝ շնորհակալութիւն յայտնելով վերջինիս եւ ամբողջ ռուսական պատւիրակութեանը:

Խօսելով բանակցութիւնների բովանդակային մասի մասին՝ Թրամփը յայտնել է, որ կողմերին յաջողւել է համաձայնեցնել ուկրաինական խնդրին վերաբերող բազմաթիւ կէտեր, թէեւ մի շարք հարցերի շուրջ առայժմ պայմանաւորւածութիւններ ձեռք չեն բերւել:

Նա նշել է, որ ՌԴ նախագահը նոյնպէս շահագրգռւած է Ուկրաինայում հակամարտութեան դադարեցման հարցում, որքան ինքը. «Մենք պատրաստւում ենք դադարեցնել արիւնայեղութիւնը, եւ նախագահ Պուտինը դա ուզում է ճիշտ այնպէս, ինչպէս ես»:

Թրամփը յոյս է յայտնել, որ Վաշինգտոնի եւ մոսկւայի միջեւ ապագայ շփուները նոյնպէս կը շարունակեն արդիւնաւէտ լինել, եւ տեղեկացրել է, որ մտադիր է բանակցութիւնների աւարտից յետոյ զանգահարել ՆԱՏՕ եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որպէսզի անձամբ տեղեկացնի նրանց ձեռք բերւած արդիւնքների մասին:

Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանը շահագրգռւած է, որ Ուկրաինայում կարգաւորումը երկարաժամկէտ բնոյթ կրի:

«Մեր երկիրն անկեղծօրէն շահագրգռւած է հակամարտութեանը վերջ տալու հարցում։ Բայց դրա հետ մէկտեղ մենք համոզւած ենք՝ որպէսզի ուկրաինական հակամարտութեան կարգաւորումը կայուն եւ երկարաժամկէտ բնոյթ կրի, պէտք է վերացւեն ճգնաժամի բոլոր սկզբնապատճառները, որոնց մասին բազմիցս խօսւել է»,-ասել է նա:

Պուտինը յայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգութիւնը, անշուշտ, պէտք է ապահովւի, եւ Ռուսաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղութեամբ։

Անդրադառնալով բանակցութիւնների արդիւնքներին, ՌԴ նախագահը գոհունակութեամբ է արտայայտւել դրանց մասին. «Այսօրւայ պայմանաւորւածութիւնները յենակէտ կը դառնան ոչ միայն ուկրաինական հակամարտութեան կարգաւորման, այլեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վերականգնման համար»:

Պուտինը նշել է, որ եթէ Թրամփը նախագահ լինէր 2022 թւականին, Ուկրաինայում ռազմական գործողութիւններ չէին լինի։ Նա յիշեցրել է, որ փորձում էր Բայդէնին համոզել չհասցնել այնպիսի կէտի, որից յետոյ ռազմական գործողութիւններն անխուսափելի կը դառնան:

Նշենք, որ երկու նախագահները համատեղ ասուլիսի ժամանակ չեն պատասխանել լրագրողների հարցերին՝ սահմանափակւելով յայտարարութիւններով:

Related Articles

Back to top button