Թրամփ. «Ես հրաշալի զրոյց ունեցայ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ»

«ԱԼԻՔ» – Ալեասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ, Դոնալդ Թրամփը հեռախօսազրոյց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Ես հրաշալի զրոյց ունեցայ Բելառուսի յարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։
«Զանգի նպատակն էր շնորհակալութիւն յայտնել նրան 16 բանտարկեալների ազատ արձակման համար։ Մենք նաեւ քննարկում ենք եւս 1300 բանտարկեալների ազատ արձակումը։ Մեր զրոյցը շատ արդիւնաւէտ էր։ Մենք քննարկել ենք բազմաթիւ թեմաներ, ներառեալ՝ նախագահ Պուտինի այցը Ալեասկա։ Ես անհամբեր սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ապագայում»,- նշել է Թրամփը։
Իր հերթին բելառուսական կողմը հաղորդել է, որ նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանային թեմաներ եւ իրավիճակը աշխարհի թէժ կէտերում, ներառեալ՝ Ուկրաինայում։
Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել շարունակել շփումները։ «Լուկաշենկօն Դոնալդ Թրամփին եւ նրա ընտանիքին հրաւիրել է Մինսկ, եւ այդ հրաւէրն ընդունւել է»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։